«Գոմեշը». Երբ ոչ մեկը ոչ մեկի արեւը չէր խլում

«Գոմեշը». Երբ ոչ մեկը ոչ մեկի արեւը չէր խլում

Գնում ես թատրոն՝ Հրանտ Մաթեւոսյանի անմոռաց, լավ մոռացված տեքստը վայելելու, հանդիպում սեփական կյանքն ու մաքառումն ի ցույց դնող Գոմեշին։

«Գոմեշը» լիարժեք ներկայացում է, արձակի արտապատկերում չէ, ինքնակա արժեք, Նարինե Գրիգորյանի ներկայացումը, բենեֆիսը։ Նարինե Գրիգորյանը ներկայացնում, հմայում ու համոզում է կյանքում գոմեշ չտեսած, նաեւ իր մանկության մեջ գոմեշից (արտաքուստ խաղաղ, անհասկանալիորեն խոշոր, միֆական) վախեցած հանդիսականին։ Քայլ-քայլ տանում է իր հետեւից, մեկ ժամ ներկայացման ինչ-որ կետում համոզում, որ ոչ մեկը ոչ մեկի արեւը չի խլում, եւ ամեն ինչ լավ է։

Հրանտ Մաթեւոսյանի արձակի եւ թատրոնի առնչակցությունը ծավալուն թեմա է։ Հայտնի է նրա խոսքը, թե չի կարող «թույնի ու թաշկինակի» պատմություն հորինել՝ ակնարկելով հանճարեղ Շեքսպիրին, քանզի իր հավատամքը սուտը մինիմումի հասցնելն է։

«Գոմեշ» ներկայացումը մեր ունեցած լավագույնն է՝ արվեստի այլ լեզվի թարգմանած։ Եթե արձակագիրը ներշնչվել է բնաշխարհից, ներկայացման հեղինակ եւ դերասան Նարինե Գրիգորյանի ներշնչանքի ակունքը Հրանտի բերած աշխարհն է ու հայերենը՝  հորդուն, ճշգրիտ, նշանային, ակնարկվող, կենդանի, շքեղ ճշգրիտ, կոփածո՝ ինչպես Գոշի խաչքար։ Այդ ներշնչանքը փայլատակում-կայծկլտում է դերասանուհու հայացքում, լայն բացված, երկար արտեւանուքներով, խոշոր գոմշային աչքերում (դիմահարդար՝ Թամարա Բարոյան)։

Մեծ արեւի տակ խոտը չտեսնվա՜ծ համով էր, բայց մի կարեւոր բան պակաս էր՝ անծանոթ գոմեշների հղած քաղցր թախիծը, նա մռլնգաց ու գնաց տուն։ 

- Գոմեշն աչքիս մի տեսակ է երեւում,- նան։

Չոր ծաղկախոտի բույր արձակող տարածքում տպավորիչ հայտնվում է տիրուհին՝ խոշորակազմ պարմանուհու արտաքինով, շռայլորեն բարձրահասակ, լայնաթիկունք, լայնաքայլք, երկար, մինչեւ կոճերը լայն փողփողացող կիսաշրջազգեստով, համադրված կիպ անթեւ կարմիր-սեւ վերնազգեստով։ Թափահարվող ծամերը երիտասարդ պոզեր են, քմահաճ-աղջկական, երբեմն սեթեւեթանքի պահին ավելացվում է ծամկալ կամ մազերի մեջ ծաղիկ-թիթեռ, որը, աչքերի արտահայտության համաձայն, կարող էր նշանակել սիրախաղ, զայրույթ, ուժ, սեթեւեթանք (ձեւավորումը՝ Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանի)։ Տակառից, պոչավոր ամանով ագահորեն խմած ջուրը ծարավը հագեցրեց, եւ հեռուների անհասկանալի կանչով Գոմեշը ճանապարհ ընկավ՝ սրբագրելու, փոխելու անցյալ տարվա կատարվածը, երբ իրենից անժամանակ ծնվածին իրենից հեռացրին։ Նրան առաջ են մղում ուժգին մոլուցքն ու բնազդական մտասեւեռումը՝ այս անգամ նույնը չի կրկնվելու։ Եվ թատերական անպարագիծ տարածության մեջ, ուժեղ կճղակ-կոշիկներով վարգում է Նարինե Գրիգորյան-Գոմեշը՝ կայտառ, նպատակասլաց, հմայող-խնդրող-պահանջատեր։ Իր կենսատարածքում լեռներ, ձորեր, խոտածածկ ու չոր դաշտեր են, մինչեւ ասֆալտ-սահմանագիծ։ Տեսնում ու չենք տեսնում զառիթափերով, քարքարուտներով, ժայռերով Գոմեշի ոտքերի վարգումների՝ կճղակների տակից խուսափող ծաղիկները, մեղուները, տերեւները։ 

Ո՛չ սիրելի, ո՛չ ատելի բնակիչներ են փարախի մութ անկյունի աննկատ սարդը (որը կենդանացավ ու բեմ-փարախի մութ անկյունից ծիկրակեց դերասանուհու հայացքի՝ աչքերի հրաշալի խորամանկ խաղով)։ Նարինե Գրիգորյանը շունչ ու կերպարանք էր տալիս ոչ միայն Գոմեշին, այլեւ միաժամանակյա խաղով ճանապարհին հանդիպող մյուս գոյություններին եւս։ Շեկ հողին ձուլված սուտմեռուկի աղվեսը, որի խորամանկությունները Գոմեշը վաղօրոք գիտեր, հովվաշունը, որ ճանապարհի սկզբում պաշտպանում է, ապա ձեռքը թափ է տալիս արկածախնդիր Գոմեշի վրա։ Մաթեւոսյանական նուրբ հումոր կա նաեւ ներկայացման մեջ․ շան ու գայլի տարակույսն ու զարմանքը՝ էս գոմեշն էս ո՞ւր է փախած գնում։ 

Ձորը լցվում էր գիշերով, նանի գլխաշորի հոտը կորում էր քթերից, տագնապի ալիքները փոխանցվում էին դահլիճ։ Տեսնում ենք անմարդկային ջանք՝ պոկվելու ծանոթի ներքին դավադիր պարանից, գայլից, աղվեսից, երկրաբան մարդուց, ավտոմեքենայից։ Վտանգը գալիս է, երբ պատրաստ չես, երբ հոգնած ես ու թուլացած։ Այդժամ Գոմեշի առաջ հայտնվում է Շկոն՝ վրանի  կողքից անցնող, ամեն ինչ օջախին, կնոջը նվիրող, հուշիկ, հմայելով, ականջի հետեւը շոյելով-քորելով, ականջն անսպասելի ծակելով ու թոկը վիզը գցելով։ Գոմեշը դժվար է հասկանում, որ կալանված է։ Եվ հենց այդ գիշեր է նրան այցելում գոմեշների  եւ անասունների աստվածը։ Հետո արդեն թոկից ազատվելու գոմշային ջանք՝ զանց առնելով անգամ արյունլվիկ մեջքը, հմուտ կապանքից ազատագրվելու տեւական մարտնչում, ինքնամոռաց, անձնուրաց, ինքնավնասումով։ Ազատագրվելով…

«Գոմեշ»-ը ժամանակին իր շուրջը լեգենդներ ուներ՝ էկրանավորելու էր Ռոման Բալայանը, մեր մեծ գրողը պիտի ներկայացվեր Նոբելյան մրցանակի։ Ամեն ինչ կիսատ էր մնում Հայաստան աշխարհում։

Նոբելյան բանախոսությունը գրեց Նարինե Գրիգորյան դերասանուհին, վերծանեց, կենդանի կերպարանք տվեց ու փոխանցեց դահլիճ՝ մարդուց մարդուն։ Երազանքի, տենչի, բնության ձայնին ներդաշնակ ճամփորդություն ու վերադարձ տուն։ Ուր միշտ սպասող կա ու դիմավորող․

- Եկար, հարազատ։ 

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ- Թատերագետ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ