Ուրասարի նախկին տնօրենը, ում դեմ քրեական գործ էր հարուցվել, նշանակվել է հատուկ դպրոցի պաշտոնակատար

Ուրասարի նախկին տնօրենը, ում դեմ քրեական գործ էր հարուցվել, նշանակվել է հատուկ դպրոցի պաշտոնակատար

Մայիսի 13-ին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Լոռու մարզի Ուրասար համայնքի դպրոցի նախկին տնօրեն Մարիամ Շոլինյանին նշանակել է թիվ 16 հատուկ դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար, ինչը համակարգում տարակուսանքի տեղիք է տվել։ Հիշեցնենք, որ ժամանակին ողջ համացանցը ողողված էր այս տիկնոջ տարբեր տեսակի կոռուպցիոն պատմություններով, և նրա դեմ քրեական գործ էր հարուցված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Ըստ այդ տվյալների՝ դպրոցի տնօրենը, մինչև 2018 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակաշրջանը պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է օրենսդրության պահանջները և գանձապահի փոխարեն անձամբ իրականացնելով դպրոցի աշխատակիցներին աշխատավարձ վճարելու գործառույթը՝ 2 հավաքարարների և պահակի անվամբ ելքագրված աշխատավարձից պակաս է վճարել ընդհանուր հաշվով շուրջ 3 500 000 դրամ։

Դպրոցի կոլեկտիվն էլ Hraparak.am-ին պատմել էր, որ նա գյուղի դպրոցը դարձրել է իր դուքանը, հավաքել գիտելիք չունեցող մանկավարժների, նորմալ մարդկանց ազատել, աշխատավարձերի քարտերը վերցրել ուսուցիչների ձեռքից, ջիպ է գնել, ձմռան ընթացքում 2 սենյակ է ջեռուցել՝ միայն իր համար, իսկ երեխաները դասերն արել են ցուրտ դասասենյակներում։ Նամակով մեզ էր դիմել նաև դպրոցի նախկին հավաքարար եւ խոհարար Ալինա Սարգսյանը, որը դպրոցում աշխատել է 2015-2018թթ․։ Ըստ նրա՝ հավաքարարի աշխատավարձ ստանալիս յուրաքանչյուր ամիս ստացել է 26 000 դրամ, բայց ստորագրել է 53 000 դրամի դիմաց, իսկ խոհարարության համար, որպես աշխատավարձ, կիսամյակի կտրվածքով ստացել է 2 պարկ 50 կիլոգրամանոց ալյուր և 5 շիշ 1 լիտրանոց բուսական յուղ։ «Դպրոցի տնօրենը նաև ձևակերպել էր գիշերային 3 պահակ, որից մեկն իմ սկեսուրն էր, որոնք 63 000 դրամի դիմաց ստորագրել, բայց վարձատրվել են 10 000 դրամ: Ըստ լուրերի՝ ուսուցիչներին էլ ստորագրել էր տալիս ուրիշ թվի դիմաց, բայց վարձատրում ավելի ցածր՝ կամայական չափերով, վճարում էր առձեռն: Ուսուցիչները խոսում էին, որ մինչև վերջերս տեղյակ չէին իրենց աշխատավարձի չափից: Իսկ առանց այն էլ սուղ պայմաններում ապրող աշակերտների ծնողներից միշտ պահանջել է թանկ ծաղիկներ և որակով կոնյակ: Ծնողների նվիրած ծաղկեփունջը նույնիսկ մի անգամ նրանց ներկայությամբ վրդովված նետել է աղբամանը՝ դժգոհելով, թե էժանագին են»,- ասել էր հավաքարարը։

Քանի դեռ մեղքն ապացուցված չէ, յուրաքանչյուր մարդու նկատմամբ անմեղության կանխավարկածն է գործում։ Այնուամենայնիվ, ողջ Հայաստանը լիքը մանկավարժներ են, ինչո՞ւ է կրթության նախարարն ընտրել հենց Ուրասարի նախկին տնօրենին եւ նշանակել հատուկ դպրոցում, որտեղ նաեւ որոշակի ֆինանսական միջոցներ կան։ Այս հարցին ի պատասխան՝ կրթության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նախ ասաց․ «Ներողությո՛ւն, կա՞ դատավճիռ»։ Չկա, բայց ինչո՞ւ հենց նա։ Ասաց, որ ում էլ նշանակեին, մի բան կասեին։ Ամեն դեպքում, ոչ բոլորի նկատմամբ են առաջադրված եղել նման մեղադրանքներ։ Արշակյանը նորից հարցրեց՝ դատավճիռ կա՞։

«Հրապարակ»-ը զրուցեց նաև Մարիամ Շոլինյանի հետ։ Քանի որ նա նախկինում ևս մեզ հետ զրույցում հերքել էր նախկին կոլեկտիվի բարձրացրած հարցերը՝ չջեռուցվող դասասենյակների ու աշխատավարձերի մասով, Շոլինյանը նախ հիշեց, որ իր մասին գրել էինք, բայց հանգամանալից ստուգել էին, փորել, փորփրել ու գործը կարճել, հիմա նորից «չարակամները խառնվել են իրար»․ 2 օր է՝ աշխատանքի է գնում, բայց մամուլն արդեն իր մասին հոդված է պատրաստում։ Թեև դպրոցի տնօրենի պաշտոնակատարը նաև հպարտությամբ նկատեց, որ անարատ մարդն իր անունը ողջ կյանքում պահպանում է, բայցև զրույցի ժամանակ ասաց․ «Պիտի ինքնահրկիզվե՞մ, որ չարերը հանգստանան»։

Տիկինը մեզ հետ զրույցում նաև ընդգծեց, որ բանասեր է, թեկնածու ու դոցենտ, դոկտորական թեզ է պաշտպանում, 62 գիտական հոդվածի ու 3 գրքի հեղինակ է և այլն, և այլն։ 

«Ոլորտին շատ մոտ ու խորը կանգնած անձ»,- ասում է նա։ Ապա՝ «մի նուրբ բան էլ ասեմ», եւ պատմում է, թե ինչպես է վարկանիշային աղյուսակում վատագույն 120-րդ տեղում հայտնված գյուղի դպրոցը բերել-հասցրել 8-րդ տեղին, թե ինչպես են ուրասարցի երեխաները վիքիպեդիա խմբագրել (հիմնել է Վիկի խմբակ) իր օրոք։ 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու էին իր դեմ բողոքում, Մարիամ Շոլինյանը մի Ուրասարի սեքս-սկանդալ պատմեց․ «Գյուղ տեղ է, հավաքարար աղջիկ է, իրեն կիսամերկ վիճակում նկարել էր, ամբողջ գյուղը տեղյակ էր, ես՝ չէ։ Գիշերային պահակն իր ամուսնուն էր ասել, հիմա բաժանվել են, նոր աղջիկ է բերել»։ 

 Բայց դա ի՞նչ կապ ունի իր հետ։ Տիկին Շոլինյանն ասաց, թե այդ աղջիկը, ում, ի դեպ, անբարոյական չի համարում, իրենից վրեժխնդիր է լինում։