Ոստիկանը մերն է, զորությունը մենք գիտենք

Ոստիկանը մերն է, զորությունը մենք գիտենք

Օրը կիրակի էր, ոչ մի պետական հիմնարկ չէր աշխատում, պաշտոնյաներից ոչ մեկին հաշվեհարդար չէր սպառնում, շենքերը հուսալի փակված էին, կյանքը սրճարաններում եռում էր, իսկ հրապարակում, որտեղ Սրբազան շարժման հանրահավաքն էր տեղի ունենում, որոշակի քանակությամբ ոստիկաններ ալարկոտ շարժումներով դեսուդեն էին գնում, սուրճի ապարատներց սուրճ ու քաղցրավենիք գնում: Ու մեկ էլ Բագրատ սրբազանն ասաց՝ գնում ենք Սահմանադրական դատարան: Բագրատ սրբազանն այդ պահին բեմի վրա էր՝ մյուսներից ավելի բարձր դիրքում, եւ իսկույն նկատեց՝ հենց ասաց՝ ՍԴ ենք գնում, ոստիկանները շարժվեցին: Սա՝ ի գիտություն ցուցարար ժողովրդի, որի համար ոստիկանության այդպիսի «արձագանքը» սովորական բան է արդեն: Հրապարակից զանգում են վերեւ՝ շեֆ, Սրբազանն ասաց՝ գնում ենք ՍԴ: Իսկույն հրաման է գալիս՝ 5 ավտոբուս քշեք ՍԴ: Համազգեստավոր զանգվածը ղռռալեն լցվում է ավտոբուսներն ու հայդա՝ ՍԴ: Բա որ Սրբազանը կեսճամփին հանկարծ միտքը փոխի՞… Մի 5 ավտոբուսի չափ ոստիկան էլ դրեք, թող ուղեկցեն… Հասկացա, շեֆ: Կատարեք:

Ամեն ինչ այսպես է դեռ Փրկության շարժման օրերից, մի տարբերությամբ, որ Փրկության շարժման օրերին կային նաեւ ստատիկ իրավիճակներ, երբ ցուցարարները վրանային քաղաքներով փակել էին Բաղրամյան ու Դեմիրճյան փողոցները, նստել: Հիշում եմ՝ ոստիկաններն էին անգամ խոստովանում, որ այդպես ավելի հանգիստ է: Ճիշտ է, դրանից ՔՊ-շնիկ պատգամավորներն էին նեղվում, բայց նրանց նեղվելն ո՞ւմ էր հետաքրքիր:
Հիմնական քայլերթերը Դիմադրության շարժման օրերին սկսվեցին: Ոստիկանությունը հավասար քայլում էր ցուցարարների հետ, տեղ-տեղ առաջ ընկնում, տեղ-տեղ էլ, երբ երթի ղեկավարներն անակնկալ էին մատուցում, հասցնում էին վազքով դեմներն առնել: Այդպես եղավ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Թվում էր՝ ոչինչ չի սպառնում մասնաշենքին, երթը հանգիստ առաջ էր գնում Նալբանդյան փողոցով, ու մեկ էլ՝ շարքերը ցրիվ եկան, պոկվեցին տեղից, պաշարեցին մասնաշենքի բոլոր մուտքերն ու ելքերը: Ներսում աշխատող պերսոնալը սպիտակ դրոշներ կախեց… Հանուն ճշմարտության ասեմ՝ այդ օրը մի լավ «տփոցի» գնաց, բայց նռնակներ չպայթեցին, որովհետեւ ոստիկանությունը դեռ սովորում էր «պաշտպանվել» ցուցարարներից եւ ձեռքի տակ հատուկ միջոցներ չուներ: Միջոցներն ավելի ուշ հայտնվեցին՝ Նիկոլի նստավայրի մոտ: Բայց նույնիսկ այդ «սուրբ» վայրում պարզվեց, որ մեր ոստիկանները կրակել չգիտեն: Մի քանի ոստիկանի շարքից հանելուց հետո նրանք անցան հին մեթոդին՝ ձեռնամարտի: Ցուցարարների կորուստը կազմեցին մի քանի ջարդված քիթ, դուրս ընկած ոտք ու ձեռք, սալջարդ, կորած կոշիկի թայ եւ այլն: Դեմիրճյան փողոցն անառիկ մնաց այդ օրը, բայց երթը շարունակվեց Պռոշյանով, ապա իջավ Ֆրանսիայի հրապարակ՝ իր հավաքատեղին:

Մի ամբողջ գիրք կարելի է գրել հայ ժողովրդի եւ նրա ոստիկանության մասին: Ամերիկայի փոլիսի ու Ֆրանսիայի ժանդարմերիայի անունն է դուրս եկել, բայց նրանք մեր տեղը չգիտեն, մեր ոստիկանությանը դեռ չեն ճանաչում: Մերոնք ավելի գլոբալ են գործում: Ֆրանսիայում, օրինակ, մինչեւ ֆերմերներն իրենց ողջ տեխնիկայով ու անասուններով Փարիզի փողոցներ չեն լցվում, ժանդարմերիան աչքն էլ չի ճպպացնում: Իսկ մերոնք՝ բավական է մի վայրում 10 մարդ հավաքվի, ամբողջ կազմով ոտքի վրա են արդեն: 5 ավտոբուս՝ Բաղրամյան, 5 ավտոբուս՝ Թումանյան-Մաշտոց, 5 ավտոբուս՝ «տելեվիշկա», 10 ավտոբուս՝ Պռոշյան, 5 հազար ոստիկան՝ Դեմիրճյանի երկու մուտքի մոտ, 3 հազար ոստիկան՝ ԱԺ տարածքում: Եվ այս ամենը՝ մոբիլ, մինչեւ ատամները զինված խմբերով: Ենթադրենք, Սրբազանը չասեր՝ գնում ենք ՍԴ, այլ ասեր՝ գնում ենք Տավուշ: Հա, հենց հիմա, նստում ենք ավտոներն ու քշում ենք Տավուշ: Կգնայինք Տավուշ ու կտեսնեինք, որ ամեն գյուղում 5-ական ավտոբուս դեսանտ է իջել՝ մեզ են սպասում: Ֆրանսիան ու ԱՄՆ-ն մեզ նախանձում են, ճիշտ եմ ասում: Էն, որ գալիս են փորձի փոխանակման, սրա համար են գալիս, թե ինչպես անեն, որ օրենքի իրենց պահապաններն էլ կարողանան մերոնց պես արագ արձագանքել: Չնայած դրան, մեր ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերներին պետք է ասեմ, որ սովորել պետք է ոչ միայն ոստիկաններից, այլեւ՝ ցուցարարներից, որոնք, ի տարբերություն ամերիկացի եւ ֆրանսիացի ցուցարարների, ավելի «հնարամիտ» են: Մերոնք ոստիկանությանը հազվադեպ են խաբում: Նրանք միշտ ճիշտն են ասում, եւ դա ժամանակի առումով որոշակի ֆորա է տալիս օրենքի հայ պահապաններին: Դու գնում ես ՍԴ, իսկ նրանք այնտեղ են, գնում ես ԱԱԾ՝ նրանք այնտեղ են, գնում ես՝ Օպերայի ստորգետնյա անցման զուգարան՝ նրանք այնտեղ էլ են՝ ընդհանուր հերթի մեջ:

Այն էլ ասեմ, որ ոստիկանության եւ ժողովրդի թվային հարաբերակցությունն էլ մեծ դեր է խաղում: Դիցուք՝ կիրակնօրյա հանրահավաքում այդ հարաբերությունը 1-ը 2-ի էր՝ հօգուտ ոստիկանության: Իսկ, ահա, Բաղրամյան փողոցում՝ ՍԴ-ի մոտ, եթե հաշվի առնենք նաեւ ԱԺ-ի պաշտպանությունը՝ 1-ը 5-ի: Լուրեր հասան, որ լիքը ոստիկան կա նաեւ կառավարական ամառանոցներում: Երեւանի կենտրոնը, որ համաշխարհային մասշտաբով նաեւ ժողովրդավարության բաստիոնի կենտրոնն է, գլոբալ վերահսկվում էր:

Մոսկվայի մունիցիպալ ոստիկանության բարձրաստիճան ծառայողներից մեկը, որ Երեւանում էր վերապատրաստման նպատակով, ինձ հարցրեց՝ իսկ ինչո՞ւ ձեր ընդդիմությունն ավելի հաճախ չի դիմում անսպասելի, ոստիկանությանը հանկարծակիի բերող քայլերի: Ես մի պահ շփոթվեցի, բայց իսկույն ինձ հավաքեցի: Գիտե՞ք, ասացի, անսպասելի բաները խիստ գրգռում են մեր ոստիկանությանը: Էլ չեմ խոսում ոստիկանության ղեկավարների մասին, որոնք կարող են ընդհուպ դեպրեսիայի մեջ ընկնել դրանից: Դուք պետք է տեսնեիք, թե ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ի հանրահավաքի վերջնամասում՝ հեռուստաաշտարակի մոտ, երբ Բագրատ սրբազանը մի անսպասելի բան ասաց մեր ոստիկանապետին: Է՛լ Սրբազանից նեղանալ, է՛լ բան, մե հուզմունք, մե ընկճախտ… Նույնիսկ Պետրոս Ղազարյանն անդրադարձավ այդ դիպվածին:

- Պետրոս Ղազարյանն ո՞վ է,- հարցրեց զրուցակիցս:
- Ո՞նց, Դուք Պետրոս Ղազարյանին չե՞ք ճանաչում: Բա էլ ի՞նչ են սովորեցնում ձեզ այդ դասընթացներում: Պետրոսն այն մարդն է, որ ոչ միայն հաղորդում է վարում Առաջին ալիքով, այլեւ դաստիարակչական աշխատանքներ տանում ընդդիմադիրների հետ, թե ով ինչ ասի, ինչպես ասի, ինչքան ասի, ինչքան չասի:
- Եվ ընդդիմադիրները լսո՞ւմ են նրան:
- Եսիմ, նայած ընդդիմադիր: