Նույն տրամաբանությամբ կարելի է «Թումանյանի շաուրման» միացնել Թումանյանի թանգարանին

Նույն տրամաբանությամբ կարելի է «Թումանյանի շաուրման» միացնել Թումանյանի թանգարանին

Օրերս մամուլում հայտնվեց մի տեղեկանք-փաստաթուղթ, ըստ որի՝ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք կազմակերպություններ պետք է լուծարվեն կամ էլ վերակազմավորվեն:  

Դրանցից մեկը «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-ն է: Որպես լուծարման հիմք՝ նշված է, որ թատրոնը գործում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքում, իրականացվող գործառույթները համընկնում են այլ թատերական կազմակերպությունների գործառույթների հետ: Առաջարկվում է լուծարել եւ ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական եւ փորձարարական հարթակ: 

Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանն ասում է, որ նախարարությունից որեւէ պարզաբանում կամ ծանուցում չեն ստացել, իսկ նման առաջարկը նախեւառաջ չիմացության արդյունք է․ «Նազենի Ղարիբյանն իր հարցազրույցում մի շարք որակումներ է տալիս եւ ասում, որ Համազգային թատրոնը ստեղծվել է Սոս Սարգսյանի կուրսի հենքի վրա, բայց 1991-ին Սոս Սարգսյանը տակավին դեռ կուրս չուներ, եւ Շահում Ղազարյանը, Մայիս Ղարագյոզյանը, Գալյա Նովենցը եւ էլի շատ մեծանուն դերասաններ նրա ուսանողները չէին, այսինքն՝ ի՞նչ է նշանակում կուրսի հենքի վրա է ստեղծվել։ Եթե անգամ նա շփոթում է մեր կուրսի հետ, ապա այսօրվա կազմում էլ մեծ մասը նրա ուսանողները չեն։ Այսինքն՝ թատրոնն ուսանողական հենքի վրա չի ստեղծվել եւ երբեք ուսանողական ուղղվածություն չի ունեցել։ Ուրեմն, իր մատնանշած տրամաբանությամբ, երբ Համազգայինը Ժուռնալիստների տանն էր հանգրվանել, կարելի էր միացնել իրար եւ ասել՝ Համազգային թատրոնն ու լրագրողների միությունը նույն գործառույթներն են իրականացնում։ Կամ՝ ինչպե՞ս կարելի է Կոմիտասի քառյակը միացնել Կոմիտասի թանգարանին, ուրեմն նույն տրամաբանությամբ կարելի է մի օր էլ «Թումանյանի շաուրման» միացնել Թումանյանի թանգարանին»։ 

Նավասարդյանն ընդգծում է՝ Ղարիբյանի ամեն մի ասածի մեջ չիմացություն կա՝ ի՞նչ է նշանակում կուսակցական թատրոն է։ «Երեւի նկատի է ունեցել այն հանգամանքը, որ Սոս Սարգսյանը դաշնակցական է եղել, եւ, ուրեմն, սա կուսակցական թատրոն է, բայց արդյո՞ք այդ կուսակցությունը միջամտել է պիեսների ընտրությանը, թատրոնի ձեւավորմանը կամ գեղագիտական հայացքներին։ Նույնիսկ մեր ներկայացումների ժամանակ դաշնակցական կերպար չի եղել բեմում»,- ասում է թատրոնի տնօրենն ու անդրադառնում նախարարի պաշտոնակատարի մեկ այլ փաստարկին, թե թատրոնը ժանրային առանձնահատկություն չունի։ 

«Ի՞նչ է նշանակում «ժանրային առանձնահատկություն», դրամատիկ ժանրը հազար ու մի ձեւ, տեսակ ու ձեռագիր կարող է ունենալ։ Վերջին անգամ ինքը ե՞րբ է եղել թատրոնում, որ որոշել է՝ Համազգային թատրոնը ժանրային առանձնահատկություն չունի։ Նույնիսկ մեր վերջին ներկայացման պրեմիերային, որին հրավիրել եմ, չի բարեհաճել ներկայանալ։ Համազգային թատրոնը լուծարելը նույն բանն է, որ հիմա գնանք Պանթեոն եւ Սոս Սարգսյանի աճյունը տեղափոխենք Շահումյանի գերեզմանատուն, այսինքն՝ ոչնչացնել, չեղյալ համարել այս պատմությունը, կենսագրությունը, այս տարիների աշխատանքը։ Նման միտում եմ նկատում, եւ դա ոտնձգություն է նաեւ հանդիսատեսի նկատմամբ»։ 

Նավասարդյանը կարծում է, որ մինչեւ նման որոշում ընդունելը, հանրային լսումներ պետք է լինեն․ «Սոս Սարգսյանն այնքան բան է արել Հայաստանի պետականության համար, որ հենց նրա թատրոնը պետք է լինի պետական։ Երբ Սոս Սարգսյանը Մոսկվայում հացադուլ էր անում Զորի Բալայանի եւ Վիկտոր Համբարձումյանի հետ, Նազենի Ղարիբյանը տեղյա՞կ էր դրա մասին։ Ավելի լավ է դուք ձեր աշխատատեղը փոխեք, ոչ թե լուծարեք թատրոնը։ Համազգային թատրոնը հենց անկախության լավագույն արգասիքներից մեկն է եւ հենց այդ տարիներին է հիմնվել՝ 91-ին, եւ հիմա լուծարելով, զրկելով պետական ստատուսից՝ այս թատրոնը սարքում եք անտրպրիզային, փորձարարական մի թատրո՞ն, այդ փորձարարություններն ուրիշ տեղ արեք»։ 

Առաջարկ է արվել նաեւ «Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը «Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ դարձնելու համար։ Որպես փաստարկ՝ նշված է․ «Հաշվի առնելով հավաքածուի ուղղվածությունը եւ գործառութային կրկնությունը՝ նպատակահարմար ենք գտնում վերակազմակերպման միջոցով այն միացնել «Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ին՝ որպես մասնաճյուղ»։ 

Թանգարանի տնօրենը՝ Մարինե Օթարյանը, փաստաթղթի մասին իմացել է ինչպես բոլորը՝ համացանցից․ «Իհարկե, առաջին տպավորությունը շոկային էր, բայց մենք փորձեցինք նամակ գրել մշակույթի նախարարություն եւ ճշտել այդ փաստաթղթի իսկությունը․ դեռ պատասխան չենք ստացել»։ 
Ըստ նրա, այն, որ թեկուզ նման փաստաթուղթ կա մշակույթի նախարարության ներքին շրջանառության մեջ, նշանակում է, որ անհանգստության առիթ արդեն կա, եթե ոչ փաստաթղթի՝ նախագիծ կամ որոշում դառնալու, ապա նման մտադրության համար։   

Մարինե Օթարյանը հակադարձում է այն հիմնավորմանը, որ գրվել է նախարարության տեղեկանքի մեջ․ «Ես կարող եմ ասել, որ եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ նախարարության տեղեկանքի մեջ է, դա նշանակում է, որ բոլոր արվեստագետների տուն-թանգարանները, որոնք ունեն արխիվներ եւ իրենց մոտ, գրականության արվեստի թանգարանում կամ պատկերասրահում, դրանք բոլորը պետք է դառնան մասնաճյուղեր, որն անկարելի եւ անընդունելի է, որովհետեւ սրանք կենդանի օրգանիզմներ են։ Քայլը սկսել հենց Ալ․ Սպենդիարյանի երաժշտական հուշային տուն-թանգարանից, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, մեկը՝ երաժշտական տուն-թանգարան, մյուսը՝ գրականության եւ արվեստի թանգարան։ Գուցե գործառույթները նույնն են, աշխարհի բոլոր թանգարանների գործառույթներն էլ նույնն են, բայց մենք ունենք տարբեր ուղղվածություն։ Եթե հավաքածուները կրկնվում են, ապա, քանի որ գործում է տվյալ արվեստագետի տուն-թանգարանը, պետք է ֆոնդն ամբողջացնել ու գրականության արվեստի թանգարանին այդ հոգսից ազատել եւ այդ արխիվը մեկտեղել Ալ․ Սպենդիարյանի տուն-թանգարանում, որովհետեւ առանց այն էլ նրանք շատ մեծ հոգսի մեջ են»։ 

Տնօրենը հույս է հայտնում, որ կառավարությունում կգտնվեն խոհեմ մարդիկ, եւ այս նախագիծը կկասեցվի։ Ու չնայած Նազենի Ղարիբյանն ասել էր, որ փաստաթղթի վրա աշխատել են փորձագետներ, բայց կարծում է, որ այդտեղ մասնագիտական մոտեցման պակաս կա, եւ այդ մասնագետները նույնիսկ կոմպետենտ չեն եղել փաստաթղթում հիմնավորումները ներկայացնելու։ «Սպենդիարյանը հանդիսանում է հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը, նրա տուն-թանգարանը Հայաստանում առաջին երաժշտական հուշային տուն-թանգարանն է, ուստի այդ փորձագետները որ տվել են եզրակացություն, որ նա պետք է ունենա մասնաճյուղի կարգավիճակ, նրանց պետք է եւս մեկ անգամ հիշեցնել այս կարեւորագույն երեւույթների մասին»,- ասում է ու ընդգծում, որ մշակույթի նախարարությունը պետք է նաեւ անդրադարձած լիներ այս տարիների ընթացքում Սպենդիարյանի տուն-թանգարանի արձանագրած աճին․ «Մենք 2018-ին ունեցել ենք 5 հազար այցելու, որը երկուսուկես անգամ ավել է 5 տարվա կտրվածքով։ Անցած տարի ունեցել ենք 1 մլն 500 հազար արտաբյուջետային մուտք, որը եւս 3 անգամ ավել է մեկ տարվա կտրվածքով։ Դա նշանակում է, որ այս օրգանիզմն աշխատում է, քայլեր է ձեռնարկում, որպեսզի ինքն ազատ վարի իր տնտեսությունը»։  

Ինչ վերաբերում է օպտիմալացմանը, ապա ինքը կողմնակից է կառավարման արդյունավետ մոդելներ ստեղծելուն, բայց նախեւառաջ պետք է կառավարման մեխանիզմը ստեղծվի, հետո նոր անցնեն օպտիմալացման։