Թող տղամարդկանց թոշակային տարիքն իջեցվի 35-ի

Թող տղամարդկանց թոշակային տարիքն իջեցվի 35-ի

Ակտիվիստ Վարդան Տերտերյանը դիմել է մեզ, որ կառավարությանն ու նրա ղեկավարին փոխանցենք իր հիասթափությունն աշխատաշուկայում տիրող կամայականությունների մասին։ Մուրացանի հոսպիտալի հարեւանությամբ մի կրպակի վրա Վարդանն աշխատանքի տեղավորման հայտարարություն է կարդացել։ 

«Իմացա, որ մանղալի համար աշխատող են փնտրում։ Պարզվեց՝ տարիքս չի ներում քաբաբի ֆարշ բռնելու համար։ Աշխատակցուհին ինձ համոզում էր, որ 40 տարեկան տղամարդն արդեն մեծ է քաբաբ պատրաստելու համար։ Ես իրեն բացատրում եմ, որ խորոված ու քաբաբ անելու հարուստ փորձ ունեմ։ Ռուսաստանում, Ուկրաինայում աշխատել եմ, տարբեր կենդանիների ու թռչնամսից այնպիսի քաբաբ ու խորոված եմ սարքել, որ հաճախորդները մատներն էլ հետն են կերել։ Աշխատակցուհին մնաց անդրդվելի։ Ասաց՝ աշխատանքի ենք ընդունում 25-35 տարեկանների»,-զրույցից մի հատված փոխանցեց Վարդանը։

Նա ծառայել է ներքին զորքերում։ Այդ ոլորտում աշխատանք գտնելու փորձերը եւս անհաջողության են մատնվել՝ դարձյալ նույն հիմնավորմամբ։ «Ասում են՝ մեծ ես»։ 

Օրերս էլ դիմել է աշխատանքի տեղավորման գործակալություն ու աշխատակցուհու հետ ունեցած կարճ զրույցից զայրացած՝ հեռացել։ «Ճտպտան աղջիկ էր․ սկզբում 2 հազար 500 դրամ ուզեց, որ զբաղվի ինձ աշխատանք գտնելու հարցով։ Վճարեցի։ Հետո ասաց, որ առաջին աշխատավարձիս 35 տոկոսը պետք է տամ իրեն։ Հարցիս՝ ինչու, պատասխանեց՝ ձեւն ա տենց»։
Իր ասելով՝ մի շարք կազմակերպությունների եւս դիմել է ու բոլոր տեղերից նույն պատասխանը լսել՝ ընդունում ենք 25-35 տարեկաններին։ «Բողոքս թավշյա ղեկավարներին հասցնելու նպատակով զանգեցի կառավարության թեժ գիծ։ Թեեւ մոտավորապես գիտեի, թե ինչ են պատասխանելու, ասացի՝ մի անգամ էլ բախտս փորձեմ։ Չսխալվեցի․ կանացի մի ձայն այնքան խեղճ տոնով ասաց՝ ոչինչ չենք կարող անել, քանի որ գործատուներն անհատ անձինք են, քիչ մնաց ես իրեն սփոփեի ու հանգիստը խանգարելու համար ներողություն խնդրեի։ Զարմանում եմ՝ կառավարությունը չի՞ կարողանում այդ դաշտը կարգավորող այնպիսի որոշումներ ընդունի, որ գործատուներն իրենց նախասիրությունները չթելադրեն»,-հարցրեց Վարդանը։

Աշխատանքի որոնման անպտուղ քայլերից հիասթափված՝ ակտիվիստն առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում իջեցնել տղամարդկանց կենսաթոշակի անցնելու տարիքային շեմը։ «Թող 35-ից բարձրերին թոշակավորեն ու իմ նմաններին՝ առողջ, ուժեղ, աշխատունակ, մատնեն անգործության»։

Հայաստանում գործ չգտնելով՝ Վարդանը դիմել է Ռուսաստանում ապրող իր բարեկամներին, որոնց միջոցով աշխատանքի հրավեր է ստացել։ Մոտ օրերս կարտագաղթի։ «Իմ երկրում ինձ ծեր համարեցին, աշխատանք չտվեցին։ Իսկ օտարը տարիքային սահմանափակում չդրեց, գործի տեր դարձրեց։ Չեմ փոշմանում, որ երիտասարդներին համախմբել, փողոցներ ու խաչմերուկներ եմ փակել, հեղափոխություն արել, այսօրվա ղեկավարների կողքին եղել․․․ Ուրախ եմ, որ իմ լուման ունեմ հեղափոխության մեջ, բայց, կներեք, այստեղ ապրել այլեւս չի ստացվում։ Դուք ստիպեցիք, որ գնամ․․․»։