Ի՞նչ ունիսոն է

Ի՞նչ ունիսոն է
Նիկոլ Փաշինյան

Նոր տարում ղարաբաղյան կարգավորման բանակցությունների շուրջ հետաքրքրությունը շարունակում է փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում մնալ: Արվում են ամենատարբեր կանխատեսումներ: Տեղեկատվա-քարոզչական այս մեծ հոսքերի մեջ աչքի զարնվեց, որ նույն հարցի շուրջ գրեթե համաժամանակյա մեկնաբանություններ արեցին Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպաններ Կոզլարիչը եւ Բրայզան: Առաջինը՝ հայկական, երկրորդն՝ ադրբեջանական լրատվամիջոցի համար: Երկուսն էլ ղարաբաղյան կարգավորման հեռանկարը կապեցին Նիկոլ Փաշինյանի հետ:

Ըստ Կոզլարիչի՝ «անսպասելի քաղաքական փոփոխությունները Հայաստանում եւ երկրի նոր ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հնարավորություն ստեղծեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ բանակցություններ սկսելու համար»:

Իսկ Բրայզայի կարծիքով՝ բացառված չէ, որ «Փաշինյանը կարող է ղարաբաղյան կարգավորման հարցում գնալ մի շարք ռիսկային քայլերի»: Նրա տպավորությամբ՝ դա մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպես կդասավորվեն Փաշինյանի եւ Ալիեւի անձնական հարաբերությունները, որքանով նրանք կվստահեն միմյանց:

Ընդ որում, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը կարծում է, որ եթե նախագահներ Քոչարյանը եւ Սարգսյանը «պարտավորություններ ունեին Ղարաբաղի առաջնորդների հանդեպ, ապա Փաշինյանը նման պարտավորություններ չունի, եւ այդ իմաստով նա ավելի ազատ է»: Թե ինչի՞ց է նախկին դեսպանը տպավորվել, որ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցում որեւէ պարտավորություն չունի Արցախի ղեկավարության հանդեպ՝ կարելի է համարել զուտ նրա երեւակայության կամ ադրբեջանական լսարանին շոյելու մտադրության արդյունք: Հետաքրքրականն այստեղ այն է, թե արդյոք որեւէ կապ կա՞ Ադրբեջանում ԱՄՆ նախկին երկու դեսպանների՝ հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցներում հանդես գալու միջեւ, թե գործ ունենք պատահական զուգադիպության հե՞տ: Եթե տեղեկատվական ունիսոնն ինչ-որ տեղից ուղղորդված է, ապա նշանակու՞մ է դա, արդյոք, որ որոշակի աշխատանք է տարվում, որպեսզի հայկական եւ ադրբեջանական հանրային կարծիք ձեւավորվի ինչ-որ «ընդհանուր մթնոլորտի» շուրջ:

Համենայն դեպս, իշխող տպավորությունը դա է եւ հասկացվում է, որ արտաքին ազդակների հիմնական հասցեատերը Հայաստանի նոր իշխանությունն է, որից առնվազն փորձագիտական շրջանակներն ունեն որոշակի սպասումներ: Մանավանդ որ Ադրբեջանում բոլորովին չեն թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանին «հատկացված՝ իշխանություն ձեւավորելու եւ գործնական բանակցությունների նախապատրաստվելու ժամանակն անվերջ չէ»: Ի՞նչ զարգացումներ են սպասվում: Հունվարին անոնսավորված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպում: Կհաջորդի՞ դրան Փաշինյան-Ալիեւ գագաթնաժողովը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անցած դեկտեմբերի 5-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ համաձայնեցված հայտարարության մեջ այդ առթիվ շատ հստակ լավատեսություն էր արտահայտված: Որքանո՞վ է այն մոտ բանակցությունների նախապատրաստման իրական վիճակին: