ԱՄՆ-ն դո՞ւրս է գալիս Կիևի հարցով բանակցություններից. նոր շրջադարձ

ԱՄՆ-ը կդադարեցնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի կնքման փորձերը մի քանի օրվա ընթացքում, քանի դեռ հստակ նշաններ չեն հայտնվել, որ համաձայնության կարող են հասնել, ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է Reuters-ը։
Ռուբիոն իր հայտարարությունն արել է նախօրեին՝ Փարիզում ԵՄ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է խաղաղ համաձայնագրի կնքմամբ, սակայն նա շատ այլ առաջնահերթություններ ունի և պատրաստ է առաջ շարժվել, եթե առաջընթացի նշաններ չլինեն։
«Մենք հիմա գալիս ենք այն կետին, երբ պետք է որոշենք՝ դա (կրակի դադարեցումը) հնարավո՞ր է, թե՞ ոչ: Դրա համար մենք ներգրավում ենք երկու կողմերին: Մենք չենք պատրաստվում շարունակել այս աշխատանքը շաբաթներով և ամիսներով: Այսպիսով, մենք պետք է շատ արագ որոշենք, և ես խոսում եմ օրերի մասին, թե արդյոք դա հնարավոր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Եթե այո, մենք գործի մեջ ենք, եթե ոչ, մենք այլ առաջնահերթություններ ունենք, որոնց վրա պետք է կենտրոնանանք», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ռուբիոն ընդգծել է, որ նախագահ Թրամփը «շատ ժամանակ և էներգիա է տրամադրում» Ուկրաինայում խաղաղության հասնելու խնդրին, սակայն աշխարհում տեղի են ունենում նաև շատ այլ կարևոր բաներ։
«Մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի օգտակար լինենք: Մենք երեկ լավ հանդիպում ունեցանք: Կարծում եմ, որ ֆրանսիացիները, բրիտանացիները, գերմանացիները շատ կառուցողական էին, շատ օգտակար: Եվ հուսով եմ, որ հաջորդ շաբաթվա սկզբին մենք կունենանք ևս մեկ հանդիպում: Այնուհետև ավելի կոնկրետ պատասխաններ կունենանք այն մասին, թե որքան մոտ ենք առաջընթացին: Բայց դա հավերժ չի տևի», - ավելացրել է նա:
Ռուբիոն նաև ասել է, որ ԵՄ երկրները պետք է ներգրավվեն ուկրաինական բանակցություններում, որպեսզի եվրոպական պատժամիջոցների չեղարկումը դառնա վերջնական խաղաղության համաձայնագրի մի մասը. «Ուստի նրանք (ԵՄ երկրները) պետք է ներգրավվեն [բանակցություններին], եթե սա [պատժամիջոցների վերացումը] երբևէ գործարքի մաս լինի»:
ԱՄՆ ԱԳ ղեկավարը նշել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելուն, եթե երկու կողմերն էլ հավատարիմ լինեն խաղաղությանը:
Մեկնաբանելով Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը՝ Ռուբիոն ասել է, որ այդ հարցը, իհարկե, բարձրացվում է Ուկրաինայի հարցով յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, սակայն առայժմ չի կարող կոնկրետության մասին խոսել։
«Յուրաքանչյուր անկախ երկիր իրավունք ունի իրեն պաշտպանելու, Ուկրաինան իրավունք կունենա պաշտպանվելու... Դրանք կարող են լինել երկկողմանի համաձայնագրեր տարբեր երկրների հետ»,- հավելել է նա:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանից «այս շաբաթ» պատասխան է ակնկալում հրադադարի շուրջ իր առաջարկին։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան «այս փուլում» հրադադարի մասին խոսակցություններն անիրատեսական է անվանել։
Կարծիքներ