Ադրբեջանի իշխանությանը Հայաստանը որպես թշնամի է հարկավոր․ Ալեքսանդր Լապշին

Ադրբեջանի իշխանությանը Հայաստանը որպես թշնամի է հարկավոր․ Ալեքսանդր Լապշին

  Հայտնի բլոգեր, ճանապարհորդ  Ալեքսանդր Լապշինը 1 շաբաթ է, ինչ Հայաստանում է։ Նիկոլ Փաշինյանի հետ նա այսօր՝ մայիսի 11-ին, գնացել էր Գեղարքունիք։ «Հրապարակը» Լապշինին մի քանի հարց ուղղեց «Թավշյա հեղափոխության» մեկամյակի և Արցախյան խնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ։

- Արդեն 1 տարի է անցել Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունից», ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում՝ Ձեր դիտարկմամբ։

- Ես կարծում եմ, որ ժողովուրդը սկսել է հույսով նայել ապագային, ինչ-որ հեռանկար կա, և բոլորը հետևում են կառավարությանը, թե ինչպիսի քայլեր նա կանի։ Ես նաև կուզեի այսպիսի մի բան ասել․ կա կարծիք, որ մեկ տարի անցել է, բայց ոչ մի բան չի արվել, դա ամբողջովին սխալ է, որովհետև երկիրը քանդել են 30 տարի շարունակ, և մեկ տարվա ընթացքում այդ ամենը վերականգնել հնարավոր չէ։

- Կա՞ն բաներ, որոնք կարելի է փոխել և 1 տարվա ընթացքում, ի՞նչ փոփոխություններ եք Դուք նկատում։

- Կարող եմ ասել, որ ստորին, կենցաղային մակարդակում նրանք հաղթել են կոռուպցիային՝ մեր, հասարակ մակարդակում։ Դա արդեն իսկ մեծ հաղթանակ է։ Հասարակության համար ավելի բաց են դարձել, և կառավարությունը ավելի հասանելի է բնակչությանը։

- Իսկ ի՞նչ եք կարծում քաղաքացիները ավելի լավ են ապրում, քան առաջ։

- Դե կյանքի մակարդակը 1 տարվա ընթացքում էականորեն չի կարող փոխվել։

- Կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գնալով նվազում է, Դուք համամի՞տ եք։

- Ես կարծում եմ, որ դա բնական գործընթաց է, որովհետև երբ դու հանդես ես գալիս որպես ընդդիմություն, դու միշտ միավորներ ես հավաքում, իսկ երբ դու բախվում ես իրական խնդիրների հետ, ամեն բան ավելի բարդանում է։

- Կա՞ առաջընթաց արցախյան հակամարտության բանակցային գործընթացում։

- Ես կարող եմ միայն իմ կարծիքը ասել։ Ես կարծում եմ, որ գլոբալ առումով ոչինչ չի փոխվի, որովհետ Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղություն պետք չէ, նրան թշնամու կերպար է պետք՝ ի դեմս Հայաստանի, և Ղարաբաղի այս կարգավիճակը նրան ձեռնտու է, և բոլոր այդ բանակցությունները Ադրբեջանին հարկավոր են, որպեսզի բնակչության ուշադրությունը շեղի երկրի իրական խնդիրներից։

- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հարկավոր է ժողովուրդներին պատրաստել խաղաղության, Ձեր կարծիքով դա կաշխատի՞։

- Հայաստանի կողմից դա կաշխատի, հարցն այն է, թե պատրա՞ստ է խաղաղության Ադրբեջանի ժողովուրդը։ Ես դրանում համոզված չեմ։

-  Դա միայն Ադրբեջանի իշխանությունների հե՞տ է կապված։

- Իհարկե, ես ասացի, որ Ադրբեջանի իշխանությանը Հայաստանը որպես թշնամի է հարկավոր, նրան խաղաղություն պետք չէ, որպեսզի իրենց բոլոր տնտեսական խնդիրները բարդեն հայերի վրա։

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 15-ի գիշերը Ադրբեջանի իշխանությունների կողմից հետախուզվող Ա.Լապշինը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ձերբակալվում է: Ադրբեջանը նրան մեղադրում է Արցախ այցելելու համար, ինչը այդ երկրում համարվում է հանցագործություն։