Ձեր հեռավոր նախնիները բամբասել ու չարախոսել են Խորենացուն ու Կողբացուն, Նարեկացուն ու Կոմիտասին․ Կարինե Աշուղյան

 Ձեր հեռավոր նախնիները բամբասել ու չարախոսել են Խորենացուն ու Կողբացուն, Նարեկացուն ու Կոմիտասին․ Կարինե Աշուղյան

Լալահառաչ մահախոսականներ գրելն իմ ոճը չէ, մանավանդ, որ կյանքի ու մահվան հարցերին միշտ փիլիսոփայորեն եմ վերաբերվել՝ կարծելով, որ կյանքի տեւողության մեջ չէ իմաստը եւ ոչ էլ մենք՝ շարքային մահկանացուներս իրավունք ունենք «խառնվել» Աստծո գործերին եւ որոշել՝ որն է շատ եւ որը քիչ։ Բայց մի քանի օր է Կարինե Աշուղյանի մասին հիշողություններն ինձ հանգիստ չեն տալիս՝ պահանջելով, որ դրանք թղթին հանձնեմ։

Կարինե հետ ծանոթացել եմ 2002 թվականին՝ արարատցի ինքնուս «բանաստեղծ» Ջանիկ Ադամյանի դատավարության օրերին՝ երբ Երեւանից մի քանի լրագրողներով մեկնում էին Արարատ՝ այդ աբսուրդ դատավարությանը մասնակցելու, իսկ Ջանիկին դատում էին, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանին նվիրված բանաստեղծություն էր երկնել՝ նրան «անաղուհաց քրդի շուն» անվանելով։ Կարինեն, կարծեմ, Արարատի մարզային թերթի խմբագիրն էր այդ ժամանակ։ Բայց նրա մասին պատմողներն անպայման հիշում էին, որ Վազգեն Սարգսյանի երիտասարդ տարիների ընկերներից է եղել, եւ ինքը անչափ նուրբ ու սիրուն զգացումներ ուներ Վազգեն Սարգսյանի հանդեպ։ Հետո մեր մյուս վաղամեռիկը՝ Գայանե Բաբայանը, պետք է նրա հետ հարցազրույց աներ, որտեղ նա նաեւ իր զգացմունքների մասին էր պատմելու եւ այդ օրվանից Կարինե Աշուղյանը կապվելու է «Հրապարակին», մենք էլ իրեն։ Անգամ երկու տարի Բելգիայում ապրած շրջանը նրան առանձնապես չկտրեց Հայաստանից ու մեզնից՝ զանգում էր, գրում էր, հետաքրքրվում էր։ 

Երբեմն գրում էր կեղծանունով, երբեմն՝ իր ստորագրությամբ։ Բայց անթերի գրավոր խոսք ուներ՝ հյութեղ, հետաքրքիր, սկանդալային։ Անգամ կեղծանունով գրված հոդվածներն աննկատ չէին անցնում՝ մենք շաբաթներով կռիվ-ղալմաղալների մեջ էինք հայտնվում, որովհետեւ գրիչը սուր էր, դիպուկ եւ անկոմպրոմիս։ Նրա հոդվածներից մեկի պատճառով անգամ 2 տարի տեւող դատական պրոցես ենք ունեցել՝ չբացահայտելով, որ հոդվածի հեղինակը հայտնի հրապարակախոս, բանաստեղ Կարինե Աշուղյանն է։ Իսկ երբ բոլորը քծնում եւ սարսափում էին գեներալ Մանվելից, Կարինե Աշուղյանը 1999թ. հոկտեմբերի 27 –ից հետո՝ ԵԿՄ համագումարի նախօրեին գրեց, որ Մանվելի՝ ԵԿՄ նախագահ կարգվելը աղետ կլինի ԵԿՄ-ի համար եւ տարիների ընթացքում կհեղինակազրկի ԵԿՄ-ն, կկորտրի իրական ազատամարտիկների ոգին, որ հազար անգամ առավել ճիշտ կլիներ թույլ մարդու համբավ ունեցող Ալբերտ Բազեյանի նախագահ ընտրվելը, քան արդեն այն ժամանակ արյունարբու թալանչիի համբավ վաստակած Մանվելի: 

Երբ անսպասելիորեն առաջարկ էր ստացել ռուսերենից հայերեն թարգմանել Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոնը», անչափ հուզվել էր, չնայած հետո պատմում էր, որ անասելի դժվար է թարգմանել այդ գործը, բայց իր սիրելի Ալվարդ Պետրոսյանն էր գործի գլխին կանգնած եւ պատվով գործն ավարտին հասցրեց, հետո նաեւ մասնակցելով Եւրոպայում, ապա նաեւ 2014-ին Լիբանանում կայացած գրքի շնորհանդեսին։ Արդյունքում ծնվեց «4 օր պատմական Հայաստանում կամ 100 տարվա ցավ» 4 մասից  հոդվածաշարը, որը երեխայի նման փայփայում էր, ամեն տողի վրա տքնում։ Տպագրվելուց հետո էլ երեխայի նման հրճվում ամեն արձագանքի համար։

Առհասարակ, երբ հետեւում ես Կարինե Աշուղյանի հրապարակախոսությանը, գրեթե չկա կարեւոր քաղաքական իրավիճակ ու թեմա, որին նա անդրադարձած չլինի։ 2012-ին Վանո Սիրադեղյանի վերադարձի խոսակցությունների ակտիվացման ֆոնին նա գրել է․ «Վանոյի ներկայությունը Հայաստանին այսօր չափազանց շատ է հարկավոր, այնքան, որ կարելի է հուսալ, թե իշխանությունով ներծծված ուղեղներով անգամ կկարողանան հասկանալ վիճակի լրջությունը, կանխատեսել, թե ինչ լիցքեր ու հույս, ինչ զարթոնք կարող է իր հետ բերել Վանոյի վերադարձը»: Նույն թվականին նաեւ անդրադառնում է «Հարսնաքարում» զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվանը․ «Նեմեցի թիկնապահները խոշտանգելով տանջամահ են արել... Թոխմախի թիկնապահները ծեծելով հաշմանդամության են հասցրել... Այս բնույթի լուրերը, ցավոք, չեն վերջանալու, քանի որ հայ ժողովրդի թշվառության հաշվին օլիգարխացած տմարդների վարժեցրած գամփռները իրենց «մարտական մկրտությունը» ստացան 2008 թվականի մարտի 1-ին եւ մնացին բացարձակապես անպատիժ: Նրանք շարունակելու են ծեծել, նվաստացնել եվ սպանել բոլոր նրանց, ովքեր կհայտնվեն իրենց ճանապարհին»:

Իսկ 2018-ի մարտի 1-ից հետո գրեց․ «Մարտի 1-ի պատասխանատուներին եւ կատարողներին չբացահայտելը եւ չպատժելը, իհարկե, ավելի խորքային հետեւանքներ ունի` հասարակության անհուսությունը, համազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթ եւ ազգային արժեքների կորուստ... Շարքը կարելի է շարունակել: Մարտի 1-ին ժողովրդի վրա հարձակված տականքը կարող է ամեն օր, ամեն քայլափոխի դրսեւորել մարդասպանի գիշատիչ բնազդը: Իսկ դա արդեն կարող է վերաբերել յուրաքանչյուրին: Ռեստորանում, խանութում, փողոցում, համալսարանում, դպրոցում, պարզապես տանը նստած... Փաստահավաք խմբի հրապարակած փաստաթղթի համաձայն` Հայաստանի բոլոր տխրահռչակ օլիգարխներին սպասարկում են «անձնական բանակներ»: Եվ եթե «պատերազմ» չէ, նրանք «ռազմի դաշտի» են վերածում բոլոր այն վայրերը, որտեղ ոտք են դնում»:

Իսկ 2012 թ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս անց Կարինե Աշուղյանը գրեց. «Հետաքրքիր է` երբեւէ հնարավոր կլինի՞ իմանալ անկախության տարիներին կայացած համապետական բոլոր ընտրությունների` նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ԻՐԱԿԱՆ պատկերը, ԻՐԱԿԱՆ թվերը: 1991-ից մինչեւ 2013: Փորձագիտական մակարդակով այդ տեղեկատվությանը տիրապետում են, հասկանալի է` հաշված թվով մարդիկ: Այդ տեսակ մեղքին մասնակցելու եւ դրանից օգտվելու համար նրանք եւ իրենց սերունդները դեռ կստանան արժանի պատիժ. թողնենք դա Ամենաարդարին եւ արդարներին: Հետաքրքիր է` ի՞նչ են մտածում էդ մարդիկ»:

Իսկ 2014 մարտին կարելի է ասել գրեթե մարգարեացել է բանաստեղծուհին․ «Համոզված եմ, որ քաղաքական զարգացումները մի լավ տեղ են տանելու, քանի որ հնարավոր չէ, որ այս վիճակը շարունակվի ու շարունակվի։ Հույս ունեմ, որ մեր ժողովրդի համար մի բարի լուծում է լինելու, որովհետեւ սրանից վատ ուղղակի հնարավոր չէ... Նայեք ձեր շուրջը` 21-րդ դարում մարդիկ սոված են ապրում Հայաստանում, մարդիկ ոչ իրավունք ունեն, ոչ ազատություն, ոչ հիվանդանալու իրավունք ունեն, ոչ ապրելու, ոչ մեռնելու։ Ուղղակի գոյատեւում են, ինչը սրանից ավելի երկար տեւել չի կարող: Մի տեղից պայթելու է այդ վիճակը, չգիտեմ` ինչպես կլինի, ով կառաջնորդի, անկեղծ ասած` ինձ համար մեկ է։ Թերեւս այս պահին այդպես անվերապահ առաջնորդ չեմ տեսնում, իհարկե, այդպիսի հավակնություններով մարդիկ կան, բայց հնարավոր է, որ բոլորովին ուրիշ մեկը հայտնվի»։

2014թ հուլիսին նա գեղարվեստական ժանրում մի հոդված տպագրեց «Հրապարակում», որտեղ նկարագրում էր երկրում տիրող սոդոմ-գոմորը, այն այսօր էլ է արդիական․«Արդեն քանի օր Շենքը կտրված էր արտաքին աշխարհից. օրենսդիրներն ու գործադիրները հասցրել էին մշակել, լրամշակել ու կյանքի կոչել մի շարք օրենքներ, որոնք ուղղված էին նախեւառաջ իրենց աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ապահովելուն: Սկսել էին միանգամայն ավելորդ Սահմանադրական դատարանի լուծարումից, որովհետեւ, ճիշտ է` Սահմանադրական դատարանը միշտ էլ վճռական պահերին իրենց թելադրանքով է որոշումներ կայացնում, բայց ամեն դեպքում որոշում կայացնելու ընթացքն անկառավարելի է դառնում. Սահմանադրական դատարանում հիշում են, որ իրենք իրականում անկախ են, որովհետեւ ցմահ են եւ համակվում են արդարության եւ օրենքի ոգով, այնքան, որ հետո որքան էլ մեկնաբանելիս իրենք իրենց ժխտելու գնով էլի կանգնում են օրիշխանների թիկունքին, մի տեսակ նստվածք է մնում: Մի խոսքով` Սահմանադրական դատարանը ցրել-հարցը լուծել էին այն պատճառաբանությամբ, որ ցմահները շատ երկարակյաց դուրս եկան, եւ բյուջեն ուղղակի ճաքճքել է դրանց պատճառով»:  

Եւ այս տողերը գրած մարդուն հանրային դաժան պարսավանքի ենթարկեցին, երբ համարձակվեց շնորհավորել առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ծննդյան օրը՝ մի քիչ սրտառուչ եւ երախտագիտության խոսք հղելով նրան։ Բանն այն է, որ քայքայող հիվանդությունը վաղուց էր բուն դրել մեր տաղանդավոր ընկերուհու մարմնում եւ տիկին Ռիտան շատ մեծ աջակցություն էր ցուցաբերել՝ այդ հիվանդության դեմ պայքարում օգնելով Կարինեին եւ նա ընդամենը ուզում էր մարդկային շնորհակալություն հայտնել անշահախնդիր օգնության համար։ Ֆեյսբուքն այդ օրերին լեշակեր անգղի նման հարձակվել էր բանաստեղծուհու վրա եւ հոշոտում էր նրա հիվանդ մարմինը։ Գուցե հենց այդ օրերին որոշվեց նրա ճակատագիրը՝ փխրուն օրգանիզմը չդիմացավ այդքան չարությանը։ 

Արձագանքելով հոկտեմբերի 27-ին Դավիթ Մաթեւոսյանի գրառմանը՝ Կարինե Աշուղյանը գրառում էր արել. «Այս ազնվագույն տեքստը գրված է, ըստ ամենայնի, այս երկու օրը վիրտուալ տարածքում վխտացող ճիվաղների ու հոգեկան հիվանդների ախտաբանական գրությունների առիթով, բայց ուղղված է բոլորիս: Կարծիքի ազատության տակ թաքնվող ճիվաղները, որ իրենց ծնողների անսիրությունից ու ձանձրույթից են աշխարհ եկել (ասում եմ՝ մտաբերելով նաեւ որոշների լուսանկարները՝ ավելի քան տգեղ, ավելի քան թուրք), հաստատ արժանի չեն ուշադրության, բայց մենք պետք է մտածենք... Որովհետեւ մեր ընտիրներին թշնամուց ավելի ատելու մոլուցքը, զոհված մարդու հասցեին արյունածարավ ռեխով զրպարտանքներ շաղ տալը եւ դրանով ոխակալ հավանողների սքանչացումը մեր արմատի հիվանդության ախտանիշն է: Մենք չենք սրբացնում, կուռք չենք դարձնում ոչ Վազգենին, ոչ էլ մյուսներին: Բայցեւ թույլ չենք տա, որ պիղծ կաթ կերածներն իրենց դառը բարդույթներն անպատասխան տարածեն: Կանգ առեք, եթե հոգի ունեք... Ֆեյսբուքն աղտոտող ստատուս-կղանքների, վերքերի պես թարախոտ լայքերի տեսքով: Ձեր նմանները միշտ են եղել՝ ձեր հեռավոր նախնիները բամբասել ու չարախոսել են Խորենացուն ու Կողբացուն, Նարեկացուն ու Կոմիտասին, Անդրանիկին ու Նժդեհին, այսօր ապրող բոլորին, ով ձեզ անհասկանալի մաքուր է, ով ձեզնից բարձր է: Դա ձեր ցեղատեսակի հատկանիշն է. որտեղ լույս եք տեսնում՝ մարում եք: Թշվառներ... ԴՆԹ-ի պարզագույն անալիզը ցույց կտար, թե պարսիկի, մոնղոլի, արաբի, թուրքի, ռուսի ինչքան թուք կա ձեր սեւ արյան մեջ:

Ես էլ օգտվեցի կարծիք արտահայտելու իմ իրավունքից: Եվ գրելիս աչքիս առաջ միայն Հայի երկիրն ու Հայի աստվածն էր: