Հիբրիդային պատերազմ․ Նիկոլ Փաշինյանի հորինվածքը

Հիբրիդային պատերազմ․ Նիկոլ Փաշինյանի հորինվածքը


«Հիբրիդային պատերազմ» եզրույթը 21-րդ դարին բնորոշ հայտնություն է։ Այն չունի հստակ դասակարգում և որակավորում, իսկ մասնագետների գնահատականները խիստ բազմազան են ու տարաբնույթ։ Բայց, այնուամենայնիվ, որոշ հակամարտություններ բնութագրվում են հենց այդ եզրույթով, օրինակ՝ Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցող կոնֆլիկտը։

Բայց մի բանում մասնագետները, կարծես թե, միակարծիք են․ Հիբրիդային պատերազմը ինքնին պոստմոդեռնիստական երևույթ է, քանի որ ո՛չ կարգավիճակն է հստակ, և ո՛չ էլ դրսևորման ձևերն են կանխատեսելի։ Ինչ-որ իմաստով սա նաև ծաղր է մարդկության նկատմամբ։ Դա և՛ կա և՛ չկա, մեկ երևում է, մեկ չի երևում։ Մի կողմից Դոնբասում հազարավոր մարդիկ են մորթվում, իսկ Ռուսաստանի գյուղերն էլ սովամահ են լինում ամերիկյան պատժամիջոցների ներգործության հետևանքով, իսկ մյուս կողմից այս ամենի հետ զուգընթաց ամերիկացիներն ու ռուսներն իրար հետ ինչ-որ տնտեսական ֆորումների են մասնակցում։

Եթե հակիրճ պատկերացում կազմեցինք եզրույթի բովանդակության մասին, ապա փորձենք նույնը դիտարկել Հայաստանի ներքաղաքական համակարգի համատեքստում։ Բայց ինչ-որ մի բան դիտարկելու համար անհրաժեշտ է նախ հասկանալ հետևյալը․ տեղի՞ն է արդյոք հիբրիդային պատերազմ եզրույթը կիրառել փոքրիկ Հայաստանի փոքրիկ ու պարզունակ ներքաղաքական զարգացումների տիրույթում։ Ինձ թվում է տեղին չէ, քանի որ բացակայում են ինչպես գիտական հիմքերը, այնպես էլ ապացուցողական տվյալները։ 

Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանը եզրույթը կիրառել է առանց դրա բովանդակության և առանձնահատկությունների մեջ խորանալու, այսինքն, օգտագործել է օգտագործելու համար։

Ռընե Դեկարտն ասում էր․ «Եթե մենք կարողանանք պայմանավորվել բառերի բովանդակության շուրջ, ապա մարդկությունը կազատագրվի մոլորությունների առնվազն կեսից»։

Հիմա նույն տրամաբանությամբ Փաշինյանը խոսում է մի երևույթի մասին, ինչի բովանդակության շուրջ մենք հստակ պայմանավորվածություն չունենք, ինչն էլ պատճառ է դառնում ներհանրային մոլորությունների և ձևախեղումների։ Հիմքեր կան կարծելու, որ վարչապետն ամեն ինչ անում է ներպետական խորը հակամարտության սիմուլյացիա ձևավորելու համար, ինչն էլ կապահովի ներհանրային լայն կոնսոլիդացիա իր անձի շուրջը։ Այսինքն, գործ ունենք արհեստական իրականության հետ, որը համակարգչային խաղ է հիշեցնում։ Կա հստակ սցենար, որն էլ ունի իր դերակատարները։ Ըստ այդ սցենարի պետք է տիրապետող լինի հավերժ հակամարտության սիմուլյացիան, որտեղ սպիտակ համազգեստավոր հերոսները պայքարում են սև խորհրդանիշներով չարքերի դեմ։

Ի դեպ խաղն այս երկրպագուների չափազանց մեծ բանակ ունի։ Բայց երկրպագուներն այդ, ըստ դասական խաղի կանոնների, դուրս են հանդիսատեսի տրամաբանությունից, քանի որ ինչպես սոցիոլոգ Դանիել Տարդն է գրում․ «Հանդիսատեսի ժամանակաշրջանը փոխարինվել է ամբոխի ժամանակաշրջանով»։ Գործ ունենք զանգվածային մշակույթի մեջ թաղված ամբոխի հետ, որը քաղցած է և դրանից ելնելով հացի ու տեսարանի մշտական կարիք ունի։ Տեսարան, որտեղ սպիտակ գլադիատորները հաղթում են սև չարքերին։ Այսինքն այն, ինչ կատարվում է Հայաստանում ոչ թե հիբրիդային պատերազմ է, այլ զանգվածային մշակույթի հաղթարշավ, որտեղ տիրապետող են լյումպենացումն ու դեգրադացումը։  

Առաջարկում եմ վերջ տալ այս դիլետանտիզմին և եզրույթների շահարկման միջոցով թշնամանքի տարածմանը։ Ինչպես նաև ներքաղաքական և ներպետական հիմնախնդիրները կարգավորենք հասուն պետությանն ու հանրությանը պատշաճ կերպով։

Հ․Գ․ Մենք Հիբրիդային ռազմաճակատի վերածելու հայրենիք չունենք։