Միանշանակ է, որ կենտրոնը պետք է լինի ԱՆ-ի ներքո․ Հայրապետ Գալստյան 

Միանշանակ է, որ կենտրոնը պետք է լինի ԱՆ-ի ներքո․ Հայրապետ Գալստյան 

Մոտ մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովը 115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ․ ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները մասնավորեցման ցանկից կհանվեն:

Մեր տեղեկություններով՝ նախարար Թորոսյանը մտադիր է կենտրոնի տնօրեն նշանակել առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանին, վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում հերքել էր։

Հիշեցնենք, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներկայիս տնօրենն Արմեն Տանանյանն է, որը պաշտոնում արդեն մի քանի տարի փոխարինում է Հայրո Միխայլովիչին՝ Հայրապետ Գալստյանին։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Հայրապետ Գալստյանն ասաց, որ ճիշտ է համարում ուռուցքաբանության կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելը, սակայն այլ՝ վարչարարությանը վերաբերող հարցերի նա չպատասխանեց։

Զրուցեցինք նաև Առողջապահական խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանի հետ, որը նույնպես միանշանակ կողմ է։

«Ժամանակին, երբ հիվանդանոցը մասնավորեցման ցանկ մտցնելու որոշում եղավ, ինքս հանդես եկա քննադատությամբ, որ չի կարելի այդ երկու կենտրոնները մտցնել մասնավորեցման ցանկի մեջ, որովհետև դրանք ռազմավարական նշանակության օբյեկտներ են»,-ասաց Արիստակեսյանը։ Նա երախտապարտ է, որ Արսեն Թորոսյանը լսեց քաղաքացիական հասարակության ձայնը և ողջամիտ որոշում կայացրեց։

«Հիմա համավճարով էր, այդ ուռուցքային հիվանդություններով մարդիկ չգիտեն՝ բուժվե՞ն, թե՞ մահանան, որովհետև բուժվելը թանկ է, մնում է մահանալը»,- ասաց Առողջապահական խորհրդի անդամը։

Հարցին՝ եթե մնում է նախարարության կազմում, այդ «այլընտրանքը» վերանո՞ւմ է, իմանո՞ւմ են՝ բուժվել, թե մահանալ, պատասխանեց․ «Պետական նպատակային ծրագիր կա, համավճարը վերացվում է, և պետությունը պարտավորվում է ամբողջությամբ կատարել այդ ծախսերը։ Եթե չկատարի, կասենք, որ չի կատարում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախարար Թորոսյանը հայտարարել էր, որ չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից կլինի անվճար բոլորի համար: «Չարորակ նորագոյացությունների վիրահատությունները մինչեւ հիմա եւս եղել են պետպատվերի շրջանակում, բայց՝ համավճարով։ Այսինքն՝ շատ փոքր մասն է պետությունը վճարել, մնացածը վճարել են պացիենտները։ Ուռուցքաբանության համար, որի մեծ մասն ուղղվելու է հենց այդ համավճարը հանելուն։ Պացիենտները չեն վճարելու համավճար, բայց վիրահատությունները կատարվելու են միայն այն բուժհաստատություններում, որոնք բավարարելու են մեր դրած պահանջները, այսինքն՝ ունենալու են ուռուցքաբանության լիցենզիա։ Մյուս տարի կմտածենք նաեւ քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի վրայից հանելու համավճարը»,- հունվարի 24-ին՝ կառավարության նիստում, հայտարարեց Արսեն Թորոսյանը։ 

Հիշեցնենք, որ «Հրապարակը» ժամանակին կասկածի տակ էր առել՝ ի վիճակի՞ է պետությունը պետպատվերով բուժման բեռն իր վրա վերցնել, և հերթագրման դեպքում բոլոր հիվանդները կարո՞ղ են ստանալ ցանկալի բուժումը՝ մինչեւ իրենց հերթի հասնելը։ Նախարարն ու նախարարությունը հերքում էին, բայց տեղեկություն ունենք, որ գումարը հազիվ բավականացնի մինչև սեպտեմբեր։ Իսկ թե ինչ է լինելու սեպտեմբերից հետո քաղցկեղի ախտորոշում ունեցողների հետ, առայժմ անհայտ է։ Հիմա ի՞նչ, եթե այս մեկի նման Թորոսյանն ասի ու չանի։ Մովսես Արիստակեսյանն ի պատասխան ասաց, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ այդ գումարները նախորդների հաստատած բյուջեով են։ Հիմա նայել է առողջապահական ՄԺԾԾ-ն ու տեսել, որ գալիք տարվա համար այդ միջոցներն էականորեն ավելացել են։

«Դա հանրային քննարկման էր դրվել, և քննարկման ժամանակ ուշադրություն հրավիրվեց այդ հարցին»,- ասում է Արիստակեսյանը։ Նա, սակայն, չի հիշում ավելացվող գումարի չափը։

Հիշեցնենք, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնը, որ ունի 500 մահճակալ, հանրապետական նշանակության է։

Հայրապետ Գալստյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք համարո՞ւմ է, որ կենտրոնը ժամանակակից սարքավորումներով և բուժման ժամանակակից պահանջներին համապատասխան հաստատություն է։ Նաև՝ դեղորայքային բուժման և մեթոդաբանության առումով։

«Կարծում եմ, որ լիովին»,- ասում է Գալստյանն ու ավելացնում, որ կենտրոնն ապահովված է բոլոր անհրաժեշտ ռադիոլոգիական սարքավորումներով։ Ըստ նրա՝ միակը ռեմիսիոն դիագնոստիկայի սարքն է, որը չկա ո՛չ կենտրոնում, ո՛չ հանրապետությունում, որը շուտով կբերվի Հայաստան։

«Ինչ վերաբերում է ճառագայթային սարքավորումներին, դրանք ամենաժամանակակիցն են, իսկ քիմիաթերապիան կատարվում է ոչ թե մեկի հայեցողությամբ, այլ միջազգային չափանիշներով՝ միջազգային պրոտոկոլներով»։

Նաև հարցրինք, թե այդ դեպքում բոլոր այն մարդիկ, որոնց մոտ ախտորոշվել է քաղցկեղ, հնարավորության դեպքում նախընտրում են բուժումը ստանալ արտերկրում։ Վերջին քրեական դատավարություններն էլ նույնն են վկայում, երբ քաղցկեղ ունեցող ամբաստանյալներն ասում են, որ եթե բուժումն արտերկրում չստանան, Հայաստանում կմահանան։ Հայրապետ Գալստյանն ասում է․ «Դրանք սխալ պատկերացումներ են, որովհետև մի մասը, որ գնում է, տեսնում է, որ նույն բուժումն են առաջարկում, ինչ դրսում, և թողնում, հետ են գալիս, որովհետև դա  ֆինանսական մեծ բեռ է։ Եվ կարծում եմ, որ գնալով այդ անձանց թիվը նվազում է տարեցտարի։ Հատուկ ժամանակագրական վերլուծություն չեմ արել, բայց գիտեմ, որ գնալով պակասում է արտերկիր գնացողների քանակը»։