Դուք պիտի գնահատեք՝ ինչքանով է ինձ մոտ ստացվել․ Արա Բաբլոյան

Դուք պիտի գնահատեք՝ ինչքանով է ինձ մոտ ստացվել․ Արա Բաբլոյան

Մեկ տարի առաջ այս օրը՝ ապրիլի 23-ին, հասարակական ճնշման տակ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը։ Այդ օրը ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինայանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ինչպես նաև պատգամավոր Սասուն Միքայելյանը ձերբակալվել էին և գտնվում էին մեկուսարանում։ Մեկ տարի անց Արարատ Միրզոյանը կիսվել է հուշերով, որտեղ նշել է, որ երբ իրենք Էրեբունիում էին՝ ձերբակալվածների պահման վայրում, ԱԺ այն ժամանակվա նախագահ Արա Բաբլոյանը մի քանի տոպրակ սնունդ է բերել իրեն, ապա եկել են հետները տեսակցելու և բանակցելու Կարեն Կարապետյանն ու տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ։

Hraparak.am-ը խնդրեց Արա Բաբլոյանին կիսվել այդ օրվա իր տպավորություններով, նաև գնահատել հեղափոխության արդյունքները մեկ տարի անց։ Բայց բժիշկ Բաբլոյանն ասաց, որ ինքը հիմա իրեն նվիրել է բժշկությանը և չի ուզում խոսել քաղաքականությունից։

«Ես կարող եմ ասել, որ ես հիմա անցել եմ 100 տոկոսով առողջապահությամբ զբաղվելուն, բժշկությամբ եմ զբաղվում, և քաղաքական հարցերն արդեն ինձ համար պատմության գիրկն են անցել»,-ասաց նա։

Հիշեցրինք, որ ինքը, միևնույն է, մեր հուշերում մնում է որպես ԱԺ նախագահ և քաղաքական գործիչ։

«Հետո՞ ինչ․․․ ինձ համար հաճելի է, որ ես կարողացել եմ ինչ-որ մի ժամանակահատված աշխատել, բայց հիմա բժշկության մեջ եմ, Դուք կարող եք ինձ բժշկության մասին հարցեր տալ, և ես Ձեզ հաճույքով կպատասխանեմ»,-ասաց Բաբլոյանը։

Փորձեցինք «բժշկությունից հարցեր»՝ նկատելով, որ ինքը քաղաքականության մեջ էլ փորձում էր բժշկել, առողջացնել որոշ հարաբերությունները, լարված իրավիճակները։

«Դուք պիտի գնահատեք՝ ինչքանով է ինձ մոտ ստացվել»,-արձագանքեց հավերժ բժիշկ Բաբլոյանը։

Իսկ երբ Արարատ Միրզոյանին գնացել էր տեսակցելու և նրան սնունդ տարավ, էլի իրավիճակը առողջացնելու, ինչոր բան բժշկելու նպատակո՞վ էր դա անում։ Բաբլոյանն այստեղ մի պահ ծիծաղեց, ապա ավելացրեց․ «Եթե ես քաղաքականության մեջ չեմ, անիմաստ է ինձ էդ հարցերը տալ, ես իմ բժշկությունով եմ հիմա զբաղվում, դրա համար էլ, եթե կլինեն բժշկական հարցեր, միշտ պատրաստ եմ»։