Ես եմ ամենամեծ մեղավորը, բայց ես դիմում չեմ տալու․ Անանյանը՝ դրոշի պատմության մասին

Ես եմ ամենամեծ մեղավորը, բայց ես դիմում չեմ տալու․ Անանյանը՝ դրոշի պատմության մասին

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունում է, որ ինքն է մեղավոր Նորագավիթի ավտոմաքսատանը դրոշի հայտնի պատմության համար, բայց դրա համար չի պատրաստվում պատասխանատվություն կրել։ Այս մասին նա այսօր ասաց Hraparak.am-ի հարցին ի պատասխան, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու է դրոշը գետնին ընկած լինելու համար աշխատանքից ազատվում շարքային աշխատողը, երբ դրա համար պատասխանատու են նրա ղեկավարները, ընդհուպ ինքը՝ որպես ՊԵԿ նախագահ։

«Ես եմ ամենամեծ մեղավորը, բայց ես դիմում չեմ տալու»,- ասաց Դավիթ Անանյանը։

- Ձեր մեղքն ինչո՞վ եք զգում։

- Իմ մեղքը նրանում է, որ ես չեմ կարողացել իմ աշխատողին բացատրել, որ կա պետական դրոշի մասին օրենք, որ պետական դրոշը խորհրդանիշ ա, դա առնվազն երկուսուկես մետր գետնից բարձր պետք է լինի և այլն, և այլն։ Այ, սրանք ես չեմ ասել իմ աշխատողին։

- Բայց դրա համար բաժնի ղեկավար կա, մաքսատան ղեկավար կա, այլ պատասխանատուներ կան։

- Նախ ասեմ՝ ոչ մեկի չենք պատժում մենք, բայց, օրինակ, բաժնի պետը եթե դիմում ներկայացնի, ես իր դիմումը չեմ ընդունի, ասեմ՝ ինչու․ որովհետև բաժնի պետն իրան ասել ա, որ էդ դրոշը վերցրու էդտեղից։

- Ու ինքը չի՞ արել։

- Այո։ Բայց մաքսակետի պետը եթե ներկայացնի դիմում, ես կընդունեմ, ինչի՝ որովհետև, եթե նույնիսկ ինքը տեղյակ չի եղել, որ էդպիսի բան կա, տեղյակ չլինելու համար ես կընդունեմ իր դիմումը, քանի որ մարդն իր մեղքը գիտակցում ա։

- Այդ դեպքում ինչո՞ւ վարչապետին տեղում չասացիք, որ ես եմ մեղավոր, պարոն վարչապետ, իմ մեղքն է դա։

- Այսի՞նքն․․․ դա պոպուլիստական բան կլիներ։

- Նույնկերպ վարչապետի այդ քայլն են համարում պոպուլիստական։

- Ուզում եք ես մեկնաբանեմ վարչապետի քա՞յլը։ Եթե վարչապետին ասեի՝ գիտե՞ք, պարոն վարչապետ, ես եմ մեղավոր, ես այդպիսի ամպագոռգոռ բաներ չունեմ։ Այո, ես եմ մեղավոր, առանձին զրույցի ժամանակ էլ ասել եմ, որ ես եմ մեղավոր։

- Ինչո՞վ եք, այդ դեպքում, Ձեր մեղքի պատասխանատվությունը կրում։

- Իմ ցանկացած աշխատակցի կատարած կամ չկատարած գործողությունների համար պատասխանատվությունը կրում եմ ես այն պարզ պատճառով, որ ես այդ կառույցի ղեկավարն եմ։

- Բայց ի՛նքն ազատվեց աշխատանքից՝ Հայկ Մարտիրոսյանը, ոչ թե Դուք։

- Ինքը չազատվեց աշխատանքից, ինքը դիմում ներկայացրեց և ազատվեց աշխատանքից, ես դիմում չեմ ներկայացնելու, որովհետև իմ դիմում ներկայացնելը ես կորակեմ որպես փախուստ այն պարտականությունների հսկա ծավալից, որ դրված է իմ վրա։