ՀայԷկոնոմԲանկը ցուցակման է ներկայացրել 3 մլն ԱՄՆ դոլար և 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում

ՀայԷկոնոմԲանկը ցուցակման է ներկայացրել 3 մլն ԱՄՆ դոլար և 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում

Երևան, օգոստոսի 23, 2019։ Ցուցակվել են բանկի  3.0 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով և 5․50% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերը, ինչպես նաև  1.0 մլրդ ՀՀ դրամ ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով և 10.25% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային պարտատոմսերը։ Երկու դեպքում էլ վճարումները կատարվելու են եռամսյակային պարբերականությամբ։ Սա Հայէկոնոմբանկի թվով չորրորդ դոլարային և երկրորդ դրամային ցուցակումն է։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ գործող ծրագրային ազդագրի շրջանակներում հաջողությամբ ավարտել ենք 3 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային (AMHEZBB26ER7) և 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով դրամային (AMHEZBB27ER5) պարտատոմսերի տեղաբաշխումը: Ընդհանուր առմամբ բանկը, այս թողարկումը ներառյալ, արդեն տեղաբաշխել  է 9.1 միլիոն ԱՄՆ դոլար և 1.1 միլիարդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր, որոնք ցուցակված են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և ունեն շուկա ստեղծող», - ասաց Հայէկոնոմբանկի վարչության նախագահ Արամ Խաչատրյանը։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն ասաց․«Ուրախ ենք, որ Հայէկոնոմբանկը ակտիվ համագործակցում է մեզ հետ՝ այս տարվա ընթացքում կատարելով իր թողարկած պարտատոմսերի 3-րդ ցուցակումը բորսայում։ Լիահույս ենք, որ թողարկումների  և ցուցակումների դրական աճի միտումը կշարունակվի, քանի որ տնտեսական աճը և դրա վրա ազդող դրական գործոնները գնալով շատանում են։ Նախորդ տարվա համեմատ նկատվում է էական դրական աճի դինամիկա։ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարի ցուցակված պարտատոմսերի քանակն աճել է 20%-ով, իսկ կորպորատիվ պարտատոմսերի առևտրի ծավալը՝ 41%-ով։  Սա խոսում է մասնավոր հատվածի վստահության և ընկերությունների՝ հանրությունից միջոցներ ներգրավելու հնարավորության մասին»։
Արամ Խաչատրյանը հավելեց․«Հաշվի առնելով Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ ներդրողների զգալի պահանջարկը, ինչպես նաև այն հանգամանքը, որ պարտատոմսերի տեղաբաշխումները, որպես կանոն, ավարտվում են նախատեսված ժամկետից շուտ, մենք պատրաստվում ենք պարտատոմսերի թողարկումները դարձնել շարունակական՝ մեր դիրքերն ամրապնդելով նաև կորպորատիվ պարտատոմսերի շուկայում: Նշեմ նաև, որ բանկը 2018թ. հունվարի 1-ից հանդես է գալիս որպես ներքին պետական պարտքի կառավարման գործակալ՝ ակտիվ գործունեություն ծավալելով պետական պարտատոմսերի ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում»: 

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: 2009 թվականի հունիսից Հայաստանի ֆոնդային բորսան նաև հանդիսանում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր:
 

Հայէկոնոմբանկի մասին
Բանկն իր 52 մասնաճյուղերի և Գլխամասային գրասենյակի միջոցով մատուցում է բանկային ծառայություններ ՀՀ և ԼՂՀ տարածքում և, որպես Հայաստանի Հանրապետության պետական բանկերից առաջինը, որ վերակազմավորվել է բաժնետիրական բանկի եւ գրանցվել ՀՀ Կենտրոնական բանկում (1991թ. օգոստոսի 26-ին), միտված է զարգանալ որպես միջազգային չափանիշներով ռիսկերի գործուն համակարգով, առաջընթաց տեխնոլոգիաներով առաջնորդվող, օրինապաշտ և թափանցիկ կառույց, որն իր գործունեությամբ նպաստում և ապահովում է թե´ ՀՀ բանկային համակարգի կայունությունը, թե´ երկրի տնտեսության զարգացումը: 


Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ +374 60 69 55 55 ներքին 140 կամ գրել [email protected] էլ․փոստին: