Մինչև տարեվերջ կկնքվի այնպիսի պայմանագիր, որով Արցախը կմնա Ադրբեջանի կազմում

Մինչև տարեվերջ կկնքվի այնպիսի պայմանագիր, որով Արցախը կմնա Ադրբեջանի կազմում

Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմից մինչ այսօր չեմ հիշում մի կարճ հատված անգամ, որի ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերությունները զարգանային հօգուտ Հայաստանի: Ցավոք սրտի, շահագրգռված երկրների մեծ մասը հակված է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի հօգուտ Ադրբեջանի, հատկապես, որպեսզի կարեւորագույն՝ Արցախի հարցը լուծվի ի նպաստ Ադրբեջանի, եւ Արցախը, առանց որեւէ կարգավիճակ ստանալու, հայտնվի Ադրբեջանի կազմում:

Երկու երկրների միջեւ բանակցություններն ընթանում են մի քանի հարցի շուրջ՝ Արցախի կարգավիճակի, Հայաստանից գրավյալ տարածքների ետվերադարձման ու Սյունիքի միջանցքի բացման, եւ 3 հարցում էլ կողմերը համառ դիմադրություն են ցույց տալիս, որեւէ զիջման չեն գնում: 
Բայց աշխարհը ճնշումներ է գործադրում Հայաստանի նկատմամբ, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մինչեւ տարեվերջ հասնեն, այսպես կոչված, խաղաղության դարաշրջան հաստատող պայմանագրի կնքմանը, եւ ակնհայտ է, որ Հայաստանը հիմնականում կորցնելու է՝ չհաշված Հայաստանից գրավված տարածքների ետվերադարձը: Եվ պարզ է, որ մեզ ամեն դեպքում մեր ուզածը չեն տալու, եւ ինչ-որ բան մեր ուզածով կընթանա մի դեպքում միայն, եթե ժողովուրդը հաստատակամ ոտքի կանգնի եւ տեր կանգնի իր հայրենիքին: Մնացած ամեն ինչն անլուրջ է։ Արդյունքում մեր կորուստները միայն ավելանում են: 

Այն, որ իշխանությունն ամեն ինչ անելու է մինչեւ տարեվերջ այդ չարաբաստիկ պայմանագիրը ստորագրելու համար, տեսանելի է։ Թե մեր ժողովուրդն ու ընդդիմությունն այս վտանգավոր իրավիճակում ինչով են զբաղված, լրիվ անհասկանալի է, քանզի հուսադրող որեւէ բան չի երեւում: Կլռեն, կլռեն, ու երբ ճակատագրական պահին կմնա մի քանի օր, իրենց պատեպատ տալով՝ կսկսեն շնչակտուր քայլեր անել, ու կպարզվի, որ դարձյալ ուշացել են։ Եվ նույն՝ ուշացած քայլերի արդյունքում արդեն որերորդ անգամ լուրջ արդյունքներ չեն արձանագրի ու դարձյալ կասեն, որ իրենք ամեն ինչ անում են, սակայն ժողովուրդը չի արձագանքում: 

Իսկ Ադրբեջանը գործնական արդյունքներով կհասնի նրան, ինչին ձգտում էր: Տպավորություն է ստեղծվում, թե ընդդիմությունն ու նրան սատարող ժողովուրդը պայքարի բոլոր ձեւերն արդեն փորձել են, բոլորը սպառել են, եւ մնում է պայքարի այս միակ ճանապարհը, որը դեռ շարունակում են՝ չհասկանալով, որ եթե դա ճիշտ ճանապարհ էր, ապա այսքան ամիսների ընթացքում գոնե մի շոշափելի արդյունք կարձանագրվեր: Իհարկե, այս հարցերում հաջողության հասնելը շատ դժվար է, բայց մենք պարտադրված ենք՝ թեկուզ հրաշքների գնով, ամեն ինչ անել, որպեսզի հաջողություն գրանցենք, քանզի դա է մեր սուրբ խաչը, եւ այն մենք պարտադիր պետք է անենք, որովհետեւ ուրիշը չի ուզում ու մեր փոխարեն չի էլ անի: Այլ խոսքով, սա մեզ համար ցուգցվանգային իրավիճակ է, եւ պետք է փորձենք ամեն ինչ ոսկերչական ճշտությամբ անել, որպեսզի հասնենք մեր ուզածին:  

Հարգարժան հայրենասեր հայեր, մինչեւ տարեվերջ շատ քիչ ժամանակ է մնացել, արթնացեք վերջապես (հետո չասեք, թե մենք՝ քնած, Հեյդար օղլին եկավ, ողջը վերցրեց ու գնաց), արթնացեք եւ տեր կանգնեք ձեր հայրենիքին, թե չէ շուտով հայտնվելու եք թուրքի ոտքերի առաջ ու աղերսելու եք, որ գթա ձեզ, չկոտորի, թույլ տա՝ իր մոտ ծառա աշխատել: Վերջնական որոշում կայացրեք՝ եթե ստրուկի հոգեբանությունը ձերն է, այդպես էլ ուղղակիորեն ասեք եւ շարունակեք գնալ այդ ճանապարհով, այլեւս ուրիշ երգեր մի երգեք...

Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի 2023 թվականը ոտք դնենք այդ հիմնո՞վ՝ այդ կարգավիճակո՞վ...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ