Աննա Հակոբյանն ընտրել է իր «զոհերին».

Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ» է շարժումը կրթվելու մասին չէ, այն դասական քարոզարշավ է՝ վստահ են այդ հավաքներին մասնակցողները։ 2026թվի ընտրություններից առաջ իշխանությունն իր ընկած ռեյտինգը բարձրացնելու հարց է լուծում։ Եւ դրա համար այր ու կին ինչ մեթոդի ասես դիմում են՝ էլ ընտանեկան պոդքաստ արեցին, էլ փչացող մթերքներից ձվածեղ արեցին, էլ հեծանիվ քշեցին, էլ բոլորին տգետ անվանեցին ու 2025-ը հայտարարեցին կրթության տարի՝ միայն թե հանրությանը ցույց տան, որ իրենք դեռ ձիու վրա են եւ երկրի ղեկն էլ հուսալի ձեռքերում է։ Թեպետ ընտրություններին դեռ մեկ տարի կա, ու փաստացի քարոզարշավ անելու համար դեռ վաղ է, սակայն Փաշինյանը կնոջ հետ արդեն մտել է դերի մեջ։ Սկզբում կինը սկսեց, որ մարդիկ չասեն՝ արդեն քարոզչություն են անում, մի քանի հանդիպումից հետո ամուսինն էլ ներգրավվեց պրոցեսում՝ սկսեց դասախոսություններ կարդալ, լուսանկարվել մարդկանց հետ, համացանցում ռոլիկներ տարածել այդ մասին։ Աննա Հակոբյանը միայն չի կրթում, նաեւ «կթում է»՝ նա դրամահավաքների մեծ մասնագետ է դարձել։
Կան մարդիկ, որոնք հոժարակամ եւ առանց պահանջի են ֆինանսավորում նրա հիմնադրամը, ովքեր էլ հոժարակամ չեն տալիս՝ տալիս են համապատասխան հրահանգներից, նամակներից հետո։ Սկզբում վարչապետի կինը հավաքել էր գործարար տղամարդկանց՝ իր հետ փողով ընթրելու, հետո կանանց՝ մեկ միլիոն դրամ էր գնահատել իր հետ ընթրելու հնարավորությունը։ Երբ տեսավ, որ ամեն ինչ շատ հաջող է ընթանում, հայտարարեց, որ «Կրթվելը նորաձեւ է» եւ սկսեց հանդիպումների շարք՝ սկզբում փոքր սենյակներում, կառավարական դաչայի տարածքում՝ նեղ կազմերով։ Հետո սկսեց այցելել տարբեր հիմնարկներ, ավելի ուշ՝ դահլիճներում հանդիպել տարբեր անձանց հետ, երբեմն նաեւ բանախոսներ ներգրավելով։ Պարզ է, որ տարբեր անձինք, պաշտոնյաներ, բիզնեսմեններ կվախենան մերժել վարչապետի տիկնոջը եւ նրան նաեւ ընդունում են իրենց հարկի տակ, անպայման՝ վարդերի փնջերով, մասնակցում են այդ հանդիպումներին, խելոք նստում՝ լսում են Աննա Հակոբյանի պարզունակ մտքերը, ծափ են տալիս, լուսանկարվում են հետը։ Տարբեր համայնքապետեր, հիմնարկների ղեկավարներ հրահանգում են իրենց ենթականերին մասնակցել այդ հավաքներին, լսարան ապահովել տիկնոջ համար։ Այժմ «կրթվելը նորաձեւ» է անվան տակ ընթացող հավաքներին, որոնց արդեն պարտադիր մասնակցում է նաեւ Փաշինյանը, ոմանք անվանում են աղանդավորական շարժում, ուրիշները՝ նախընտրական քարոզչություն։ Այս արշավի «զոհերը» հասկանալի է հիմնականում անհայտ մարդիկ են, բայց նրանց մի մասին արդեն պարբերաբար տեսնում ենք տարբեր հավաքների եւ հասկանալի է, որ շրջիկ խմբեր են նաեւ ձեւավորվել՝ Աննա Հակոբյանի համար մասսովկա ապահովելու համար։
Բայց երբեմն դա էլ չի օգնում եւ չեն կարողանում մեծ դահլիճները լցնել, ուստի աշխատում են փոքր դահլիճներում հանդիպումներ անել՝ դրանք լցնելն ավելի հեշտ է։ Օրինակ, վերջին հանդիպումների կադրերից երեւում է, որ Կապանի եւ Քաջարանի հանդիպումներին կրկնվող դեմքեր կային։
Կարծիքներ