Պարզունակ ծրագիր

Պարզունակ ծրագիր

Այնքան ակնհայտ է այս իշխանությունների քայլերի ուղղվածությունը, այնքան պարզունակ եւ կենցաղային: Եթե սկսում ես բոլոր քայլերն ու միջոցառումները դիտարկել վերընտրվելու ցանկության պրիզմայի ներքո, ապա միանգամայն հասկանալի են դառնում ե՛ւ թշնամուն ուղղված ռեւերանսները, ե՛ւ ռուսների հետ արած լարախաղացությունը, ե՛ւ ներքին կյանքում իրականացրած բոլոր քայլերը` սկսած Ալավերդու ու Գյումրիի դեպքերից, վերջացրած Գյումրիում արտագնա քաղաքական ժողովով: Անգամ անվտանգության ուժեղացված ծառայությունները, ոստիկանության հոծ բանակները ոչ այնքան իրենց անձը պաշտպանելուն ուղղված միջոցառումներ են, որքան ուժի, հզորության, անպարտելիության ներշնչանքին ուղղված քայլեր:

Մեր ժողովուրդն անգամ իր ամենաատելի գործիչների կյանքի հանդեպ ոտնձգություններ չի իրականացնում, բայց խիստ ազդվում է ոստիկանական շչակներից, ուղեկցող սեւ մեքենաների շարասյուններից, եւ Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ գիտի: Նա նաեւ լավ գիտի, որ ինչքան էլ ինքն ահուսարսափ տարածի, պոպուլիստական ելույթներ ունենա, գերիներ վերադարձնի, նախարարներ փոխի, կոռուպցիոներներ դատի, միեւնույն է` Երեւանն այլեւս երբեք նիկոլական չի լինելու եւ ՔՊ-ին ձայն չի տալու:

Ուստի հարկավոր է աշխատել մարզերի վրա` մարզերի միամիտ, պաշտոնյայի համար կյանք տվող, քաղցր խոսքից հալվող մարդկանց դեռ հնարավոր է համոզել, որ ՔՊ-ից լավը չկա, իսկ եթե ՔՊ-ն չընտրվի, ապա «բոբոներն» են գալու (բոբոները, հասկանալի է` Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան, նրանց շրջապատը): Եվ հիմա գալիս է մարզեր գնալու, մարզի ժողովրդի վրա աշխատելու փուլը: Ասֆալտապատման նոր բում կսկսվի, արտագնա նիստերը կհաճախանան, տուն առ տուն` ամեն երեխայի գլուխը շոյելով, կհամոզեն իրենց ձայն տալ, չէ՞ որ ընտրությունները սարերի ետեւում չե

ն: