Վատ նախադեպ է, որ ցանկացածի տուն կարող են գալ․ իրավապաշտպանը՝ ԱԱԾ-ի մասին

Վատ նախադեպ է, որ ցանկացածի տուն կարող են գալ․ իրավապաշտպանը՝ ԱԱԾ-ի մասին

Փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայությունը «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան էջը վարելու պատճառաբանությամբ հերթական հետապնդումների շարքն էր սկսել։ Բերման էին ենթարկվել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանը, նույն կազմակերպության գրասենյակի կառավարիչ Մհեր Ավագյանը, քաղաքացի Արամ Սարգսյանը։

Փետրվարի 21-ին դատավոր Վահագն Մելիքյանի որոշմամբ Արամ Սարգսյանը կալավորվել էր, դատավոր Մհեր Շահվերդյանը մերժել էր Մհեր Ավագյանին կալանավորելու միջնորդությունը, դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարել էր Արա Սաղաթելյանին կալանավորվելու միջնորդությունը։ Իսկ այսօր դատավոր Վարդան Գրիգորյանը մերժել էր Կարեն Բեքարյանին կալանավորելու միջնորդությունը։

Փետրվարի 20-ին Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած հանրահավաքից առաջ ոստիկանությունը ձերբակալել էր ՎԵՏՕ շարժման ղեկավար, հրապարակախոս Նարեկ Մալյանին՝ խանգարելու բեմադրել «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը Ազատության հրապարակում։ Իսկ արդեն փետրվարի 21-ին դատավոր Վահե Միսակյանը Մալյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու որոշում էր կայացրել, և նա ազատ էր արձակվել։

Անդրադառնալով այս հետապնդումներին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ազատություն քաղբանտարկյալ Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին։ Ու նաև Նարեկ Մալյանին»։ Իսկ Արա Սաղաթելյանին երկու ամսով «ֆեյք օգտատերի հաշիվը հնարավոր օգտագործելու մեղադրանքով» կալանավորման վերաբերյալ գրել էր․ «Հայաստանի արդարադատության ամենախայտառակ օրերից է: Կալանքը բացարձակ իրավաչափ չէ ու որևէ արդարացում չունի: Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին»:

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանի հետ։

- Պարո՛ն Կիրակոսյան, ցանկանում էի անդրադառնայիք վերջին ձերբակալություններին կապված «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան էջի հետ։ Դուք նաև ֆեյսբուքյան գրառում էիք կատարել՝ նշելով, որ ձերբակալվածները քաղաքական բանտարկյալներ են։ Ի՞նչ չափանիշներից ելնելով եք այդպես պնդում, և ո՞րն է ընդհանուր առմամբ բնորոշում քաղաքական բանտարկյալին։

- Մի քանի սկզբունքներ կան, որով դա որոշվում է։ Ես ամենասկզբից կուզեի ասել, որ երկու տարբեր հասկացություն կա՝ «խղճի բանտարկյալ» ու «քաղաքական բանտարկյալ»։ Հայաստանում, կարծես, «խղճի բանտարկյալը» քիչ է կիրառվում, ավելի շատ կիրառվում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը։ Խղճի բանտարկյալն այն է, երբ մարդուն զուտ իր հայացքների համար են ձերբակալում։ Իսկ քաղաքական բանտարկյալը տարբերվում է այնքանով, որ մարդուն հետապնդում են՝ քաղաքական նպատակներից ելնելով, և այդտեղ կարող է նաև ընտրովի արդարադատության տարր լինել։ Այսինքն՝ մի դեպքում կարող է չկիրառվել այդ տեսակ սանկցիա, մյուս կողմում՝ ամենածանր ձևով։

- Հիմա Բեքարյանի, Արա Սաղաթելյանի պարագայում, Ձեր պնդմամբ, ո՞ր կետով է այդ խախտումը եղել։

- Կարող ենք քաղաքական բանտարկյալ իրենց ճանաչել՝ մի քանի պատճառներից ելնելով։ Առաջինն այն է, որ հայհոյանքն ու ատելության լեզուն Հայաստանում դարձել է ընդհանուր «Ֆեյսբուքում» ու սոցիալական ցանցերում տարածված ոճ։ Եվ այդտեղ լուրջ հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց այս մի քանի հոգու նկատմամբ դա կիրառվեց։ Երկրորդ, ինչո՞ւ կիրառվեց այդպես ամենխիստ ձևերով։ Այսինքն՝ եղել է խուզարկություն, առգրավել են համակարգիչներ, սարքեր և այլն։ Երրորդը, որ ձերբակալություն է անմիջապես եղել։ Եթե նույնիսկ առկա է հանձագործություն, դա այն հանցագործությունը չէ, որ պահանջում է անմիջապես ձերբակալություն իրականցնել։ Չորրորդը կալանավորման պահանջն է, որը նույնպես շատ խնդրահարույց է, որովհետև ի՞նչ նպատակ են հետապնդում կալանավորելով, այսինքն՝ պախուստից խուսափելո՞ւ, նոր հանցագործություն չկատարելո՞ւ։ Ես այստեղ չեմ տեսնում որևէ հիմնավորում, որը որ կարող է կալանավորման որոշման համար արդարացում լինել։ Ուրեմն այս ամբողջ փունջը, գումարած նրան, որ նշված անձինք քաղաքական գործունեությամբ են զբաղվում՝ ակտիվ և ընդդիմադիր, բերում է այն եզրակացությանը, որ այստեղ կա թե՛ քաղաքական հետապնդում, թե՛ ընտրովի արդարադատություն։

- Դուք՝ որպես Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, ինչ-որ զեկույց պատրաստո՞ւմ եք, կամ տարեկան զեկույցի մեջ ներառելո՞ւ եք այս իրադարձությունը։

- Դե գիտե՞ք, հիմա իրավիճակը մի քիչ փոխվել է արձագանքելու տեսանկյունից։ Որովհետև, ըստ էության, սոցիալական ցանցերն ավելի արագ արձագանքելու հնարավորություն են տալիս, քան հաշվետվութունները և այդպիսի բաները։ Ըստ էության, սա կարելի է համարել պաշտոնական կարծիք, որը որ ես հրապարակել եմ իմ ֆեյսբուքյան էջում։

- Իսկ այսպիսի իրավիճակներում միջազգային փորձն ի՞նչ է ասում, նաև ֆեյքերի հետ կապված ի՞նչ են անում, որ այսպիսի բաներ տեղի չեն ունենում։

- Առաջին հերթին, ինչպես մամուլի դեպքում, ամենաճիշտ ձևն ինքնակառավարումն է։ Այդ տեսակի էջերին պետք է անմիջապես ռեփորթ անել: Ու էջը փակելու հնարավորություն կա, եթե ինչ-որ բռնության խոսք կամ ատելության խոսք կա՝ դրա դեմն առնելու համար։ Այդ դեպքում առաջին արձագանքը փակելն է։ Երկրորդ հարցն այն է՝ արդյո՞ք այդ սպառնալիքները, բռնության խոսքը, որ կա, որքանո՞վ են առերևույթ սպառնալիք։

- Այսինքն՝ գործողությունների գնացո՞ղ։

- Այո, այո։ Գիտե՞ք՝ ինչ, ես Ձեզ կարող եմ ասել․ «Ես Ձեզ կվառեմ, կոչնչացնեմ», բայց դա որևէ ձևով գործողություն չլինի։ Ուրիշ բան է, եթե ես ասում եմ․ «Հասցեդ գիտեմ, ու էս քանի օրը սպասի, կգամ», այստեղ արդեն առևերույթ սպառնալիք կա։ Հիմա սա էլ ուրիշ հարց է։ Ցավոք սրտի, մեր սոցիալական ցանցերում այնքան շատ է այդ բռնությունն ու ատելությունը, որ դժվար է «թացը չորից» առանձնացնելը։ Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ ապացուցված չէ, որ կոնկրետ այս անձինք այդ հաշվի հետ՝ [«Գագիկ Սողոմոնյան» անունով] ՖԲ կամ տելեգրամյան հաշիվների հետ, կապ ունեն: Ու սա մի այնպիսի վատ նախադեպ է, որ ցանկացածի տուն կարող են գալ, խուզարկություն անել, համակարգիչը, ամբողջը վերցնել ու հետո ասել, որ «Գիտե՞ք՝ ինչ, մենք այսպիսի ինֆորմացիա ենք ստացել, որ այսինչ ֆեյք օգտատիրոջ հետ Դուք կապ ունեք, Դուք եք վարում»։ Այնուհետև դրանից հետո կարող է պարզվել, որ այդպիսի բան չկա, ու ասեն․ «Չէ, չեղավ»։

- Այսինքն՝ կարո՞ղ են ում տունն ուզեն մտնել, ում տանից ինչ ուզեն տանել։

- Միանշանակ, որովհետև հիմա եթե ինչ-որ փրոքսի սերվեր են օգտագործում, ՎիՓիԷն կամ այդպիսի ինչ-որ բան, ցանկացածի տուն կարող են գալ, ասել․ «Վա՜յ, մենք օպերատիվ ինֆորմացիա ունենք, որ այս ֆեյքը դու ես վարում» ու համակարգիչը ձեռքիցդ տանեն՝ քո անձնական տվյալների հետ միասին։ Ու քաղաքական գործիչների նկատմամբ սա առավել վտանգավոր է, որովհետև կարծում եմ՝ հիմա իրենց [ԱԱԾ-ի և այլն] ձեռքում է գտնվում Բեքարյանի ու Սաղաթելյանի էլեկտրոնային փոստը, իրենց հաշիվները, իրենց նամակագրութունը, իրենց փաստաթղթերը, ամբողջը։ Ու սա շատ-շատ վատ նախադեպ է խոսքի ազատության, անձնական կյանքի պաշտպանության, քաղաքական գործունեություն իրականացնելու դեմ։ Դրա համար էի ես բնութագրել խայտառակ օրերից մեկը։