Ես ակնհայտորեն տեսնում եմ բյուջեում ռազմավարական ծրագրերի պակաս

Ես ակնհայտորեն տեսնում եմ բյուջեում ռազմավարական ծրագրերի պակաս

Խորհրդարանն այսօր կքննարկի 2020 թ․ բյուջեի նախագիծը, որտեղ խնդիրներ էր նկատել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նրանք մոտ 150 կետից բաղկացած առաջարկներ են ներկայացրել, որոնց ընդունել-չընդունելուց է կախված՝ իրենք ինչպիսի դիրքորոշում կհայտնեն Նիկոլ Փաշինյանի կառավարության բերած բյուջեի նախագծին։ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արկադի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց առաջարկների վերաբերյալ կառավարության դիրքորոշումը դեռ նոր են ստացել, եւ ուսումնասիրելուց հետո՝ հինգշաբթի օրը, նոր պարզ կդառնա, թե ինչպիսին կլինի նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը։

«Մեր առաջարկները սկզբունքային մասերով, իհարկե, դրա առանձին ծախսային ծրագրերի կրճատումն է կամ ոչ բավարար հատկացումներն են, այդ թվում՝ առանձին ոլորտներին ուղղվող ծրագրերի անբավարարությունը։ Դրանք այն ծրագրերն են, որոնք պիտի ազդեին տնտեսության կառուցվածքի փոփոխության վրա, մասնավորապես՝ արտահանելի հատվածի զարգացմանը, արդյունաբերության բնագավառում արտադրողականության ավելացման ուղղությամբ, այսինքն՝ տեխնոլոգիական վերազինում արդյունաբերության մեջ, գյուղատնտեսական ծրագրերի գծով անբավարարություն ենք տեսնում, գիտության ծախսերի կրճատումն է մտահոգիչ, առհասարակ, մեր տեխնոլոգիաների յուրացմանն ուղղվող մեր գիտական կարողությունների ավելացմանը, տեխնոլոգիական բնագավառում մասնագետների պատրաստման կարողությունների ավելացմանը, տարածքային համաչափ զարգացմանն ուղղվող ծախսերը։ Մտահոգիչ է, որ բազմաթիվ ծախսեր հիմնականում Երեւանում են արվում, եւ անբավարար ծախսեր ենք տեսնում՝ մարզերին ուղղվող»,- իրենց մտահոգությունները շարադրեց ԼՀԿ-ական պատգամավորը։

- Փոխարենը իրենք ասում են, որ եկող տարվա բյուջեում կապիտալ ծախսերն են ավելացրել՝ ճանապարհների շինարարություն եւ այլն․․․

- Դա շատ ողջունելի է եւ շատ կարեւոր է, մենք միշտ մատնանշում ենք դա, բայց հարց ենք բարձրացրել, որ բյուջեի այդ մասով տեսնում ենք ռիսկ կառավարության, առհասարակ՝ մեր կարողությունների մասով նման կապիտալ ծախսեր կատարելու համար։ Բայց միանշանակ դա ողջունելի է, որ ավելացնում են, թեպետ գիտեք, որ 2018-19 թթ․ մենք ունենք մեծ թերակատարում կապիտալ ծախսերի մասով, ինչը մտահոգություններ է առաջացնում։

- Ի՞նչ նկատի ունեք՝ կարողություններ ասելով, այսինքն՝ մենք չունե՞նք բավարար ներուժ թե՛ մասնագետների առումով, թե՛ կազմակերպությունների, որոնք կկարողանան այդ ծրագրերն իրականացնել։

- Բոլոր առումներով․ դա ե՛ւ կազմակերպությունների արտադրական հզորություններն են, կարողություններն են, նույն արեւմտյան փորձով, երբ որ նայում ես, 24-ժամյա ռեժիմով միաժամանակ կարող են աշխատել տասնյակ կռունկներ, եւ շենքը կկառուցվի աներեւակայելի սեղմ ժամկետներում։ Մենք չունենք էդպիսի հզոր շինարարական կազմակերպություն, որպեսզի նման ծավալի աշխատանքներ անենք։ Եվ կառավարությունը պետք է մեծ ջանքեր գործադրի՝ մեծացնելու մեր կարողությունը կապիտալ ծախսեր անելու, եւ մեծ ուշադրություն պիտի դարձնենք ներդրումների ներգրավման վրա։

- Դուք այս բյուջեի նախագծում ռադիկալ, հեղափոխական մոտեցում տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։

- Ամենամեծ խնդիրներից մեկը, որ ես տեսնում եմ, այն է, որ մենք ունենք ռազմավարական ծրագրերի եւ ռազմավարական երկարաժամկետ տեսլականների բացակայություն։ Հետեւաբար, ընդհանրապես պետական բյուջեն տարեկան ծրագիր է, որ ուղղված է երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը։ Նախ՝ այդ երկարաժամկետ կայուն զարգացման ծրագիրն ու ճյուղային ռազմավարությունները պիտի ունենաս, որպեսզի այդ ռազմավարության հիման վրա յուրաքանչյուր տարի քայլ կատարես դեպի վերջնական նպատակ։ Եթե դու չունես այդ ռազմավարական ծրագիրը, շատ դժվար է այդ քայլերն անել։ Ես ակնհայտորեն տեսնում եմ բյուջեում ռազմավարական ծրագրերի պակաս, հետեւաբար, որպեսզի մենք խոսենք հեղափոխական ծրագրերի եւ թռիչքային զարգացման մասին, նախ մշակելու ենք դա եւ հետեւողականորեն իրականացնենք։

- Հիմա ձեր ներկայացրած այս 150 առաջարկներից ո՞ր մասը կամ քանի՞ տոկոսը պետք է ընդունվի, որ Դուք կողմ քվեարկեք բյուջեի նախագծին։

- Էստեղ ոչ թե քանակի կամ տոկոսի հարցն է, այլ սկզբունքային դիրքորոշումներն ընդունելու, դրանք իրացնելու հարցն է, ինչպես նաեւ դրանց հիմնավորումները, թե որ հարցի վերաբերյալ ինչպիսի դիրքորոշում ունեն։ Կարող է դիրքորոշում լինի, որ ամբողջությամբ ընդունելի լինի առաջարկը չընդունելու։ Եվ, բնականաբար, բոլոր այն առաջարկները, որոնք դիտվում են սկզբունքային ֆրակցիայի համար, դրանց չընդունելը կարող է հիմք հանդիսանալ դեմ քվեարկելու համար։