«Ի՞նչ ապագա»․ հանրակացարանի 17 քմ սենյակում Սիրանույշն ապրում է ամուսնու, 3 անչափահաս երեխաների հետ (տեսանյութ)
Երեւանի Մոլդովական 29 հասցեի հանրակացարանի շենքը, որ արտաքին տեսքն արդեն իսկ սարսափ է առաջացնում, Նիկոլ Փաշինյանի կառավարական ամառանոցից՝ մի քանի կիլոմետր է հեռու։ Երեւանի Մոլդովական փողոցի ուսանողական հանրակացարանն է։ Սիրանույշ Սարգսյանն իր ամուսնու եւ երեք անչափահաս երեխաների հետ այստեղ է ապրում՝ 17 քառակուսի սենյակում։
3 անչափահաս երեխաների մայրը մի կերպ է հուզմունքը թաքցնում՝ նորածինը վաղաժամ է ծնվել, բժիշկները էպիլեպսիա են կասկածում, 4-րդ անգամ երեխան հայտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Մեծ որդին, որ 9 տարեկան է, Գյումրիից չի վերադառնում, ամաչում է՝ քնելու տեղ չունի, գիշերը մահճակալից վայր է ընկնում։ Սիրանույշի միակ երազանքը որդու համար տուն գտնելն է, թեկուզ 36 քառակուսի։
Հարյուրավոր նամակներ է հանում դարակից՝ ուղղված կառավարությանը, քաղաքապետարանին, Փաշինյանին։ Ոչ մի օգնություն չի ստացել։ Հանրակացարանում ազատ սենյակ լինելու դեպքում խոստացել են տրամադրել, խաբել են․ «Հանրակացարանում կա ազատ սենյակ, չեն տալիս»։
«Այստեղ՝ 17 քառակուսի տան մեջ ես նաեւ ճաշ եմ պատրաստում, հակահիգիենիկ պայմաններ է, երեխայիս կյանքին վտանգ է սպառնում, մի քանի անգամ թոքաբորբ է տարել նորածինս, չգիտեմ ուր գնամ, ում դիմեմ, որ օգնեն։Պետությանը ինչքան դիմել եմ՝ չեն օգնել, թքած ունեն իրենց ապագա զինվորների վրա։ Որ գա ծառայության ժամանակը՝ կասեն՝ մեր զինվորներն են, իսկ հիմա, որ իմ որդին քնելու տեղ չունի, թքած ունեն։ Մեծ տղաս մահճակալին քնում է՝ ոտքերը դուրս է մնում, գլորվում գետնին է ընգնում։ Չի ուզում Գյումրիից տուն գա, ասում է՝ քնելու տեղ չունեմ մամա, գամ ինչ անեմ»,-ասաց Սիրանույշը՝ շեշտում է՝ Փաշինյանին ընտրել է ու շատ է փոշմանել․ «Ասում էր՝ ապագա կա, որ ապագա լիներ, իմ երեխան մահճակալից չէր գլորվի գետնին ընգնի»։
Ամուսինը սեւ ցուցակ է ընկել, բանեկերից գումար վերցնել չեն կարողանում, հիպոտեկով տուն էլ չեն տալիս։
Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Հրապարակին» ասաց, որ Մոլդովական փողոցի այս շենքում ապրողների համար բնակարանային ապահովման որեւէ ծրագիր չունեն։ Սիրանույշի հուսը բարերարներն են, որ ռեպորտաժը տեսնելուց հետո կապ կհաստատեն՝ կօգնեն։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ