Ռոբերտ Եսայան. Լռության արգելոց
ՇՈՒՇԻ
Մշուշի սապատին նստած՝
գնում են օրերը հիմա,
եւ չկա ոչ մի բան հստակ.
պահերից երկինք է ծորում,
բախվում են ասուպներ
հսկա արեւոտ պատրանքի դիմաց,
հավատից ընկնում է մի խաչ
հուշերի արյունոտ ձորում:
Նահապետ պարսպի շնչում
կարմիր է ստվերը քարի,
խորանի երկինքը բաց է
վերընթաց աղոթքի համար,
զանգերի ղողանջի միջով
մի խաչ է ընդառաջ գալիս,
հավատից հնչում են երգեր,
հառնում են խոյակ ու կամար:
***
Տողը կանգնել թռչնի պես
առավոտի ափի մեջ,
բացում է իր թռիչքով հորիզոնը փետուրի.
այդպես նրա երգերով
անծայր եզերքն արբում է,
ճյուղերն ի վեր սարսուռի
ելնում է մի փոթորիկ:
Մեր աղոթքը արծի՞վ է, թե՞
խարույկ է մի անշեջ,
վեհ ու ճերմակ ճախրանք է
Շուշին լեռան թեւերին,
փրկե՛նք Կենաց մեր քայլը
ճանապարհի ոգու մեջ,
քանի լուսա՜յգ է ծորում
հիշողության կեղեւից:
Մոտենում եմ ինձ հաճախ
նախնիներիս քայլերով՝
նրանց ոգուց քաղելով
խորհրդավոր աստղի փայլ,
նոր ամրոց եմ կառուցում
հիշողության քարերով,
ոտնահետքիս ջահերը
լուսավորում են ճամփան:
Այնտեղ դեռ տող է գրում
հրեշտակը առանց ինձ,
հոգու բառերն այրվում են
Տիրոջ կանաչ օրհնությամբ.
անսանձ մտքերը պոկվում
հիշողության առանցքից,
ոգու ուժ են հավաքում
արգելոցում լռության:
***
Հավատի երկրից աքսորյալներին
տանում են դեպի տանջանքի հովիտ.
կորցրել են եզերք, կորցրել՝ տուն ու տեղ,
այս երկնքի տակ ինչ-որ կա թովիչ,
գետի ջրերը ապսպրանք են,
օրը՝ չորացած կեղեւ խնձորի,
եւ խավարամած պատերի միջեւ
միայն երազն է կայծկլտում նորից:
***
Մոմն է հալվում տենչերի
չասվող խոսքի խորանում,
հոգու լույսից կառչում են
ստվերները մեղքերի,
զարկերակով երազի
ճանապարհն է զորանում,
եւ ճախրում են բազեներ
հիշողության ելքերից:
Ճանապարհը դարձել է
վաղորդայնի խանձարուր,
տողի շունչը գտնում է բառերի
նոր մեղեդին,
ճգնավոր է իմ հոգին ներշնչանքի
անձավում,
կարոտներն են զարդարում
հիշողության եղեւնին:
Ժամանակը քարերին ցատկոտող
մի թռչուն է,
գալիս կտցում է ափիս հատիկները երազի.
կորցնո՞ւմ եմ, թե՞ գտնում - գիտի
վերջի հնչյունը,
դեռ ցոլում է մարգարիտը
հիշողության ավազից:
Ոտնահետքդ չի՛ փրկի ճանապարհի դեմքը, ավա՜ղ,
այս քաոսից կմնա տառապանքի եզրագիծ,
մագաղաթներ են ըմբոստ
առապարները այրված,
աստղի փշո՜ւր հավաքիր
մեր նահապետ քարերից:
ԵՐԱԶԱՆՔԻ ԾԱՌԵՐԸ
Երազանքի ծառերը դեպի ձմեռ են ձգվում
աշնանային խշշոցով,
տերեւների շուրթերից ձյունոտ
հայացք է կաթում,
գնչուի երգը քոչվոր:
Ձա՞յն է հնչում քայլերի, թե՞ ճամփան է
աղոթում
շնչառությամբ քարերի.
թռչունները կարոտի թեւթեւում են
եւ իջնում
հիշողության լարերին:
Երազանքի ծառերն են սահմանների
թեւերին,
եւ ձկների վտառն է,
սակայն բախտը մի տառ է, որից
այսօր արեւի
տաք հոգին է վտարվել:
ՍԱՍՆԱ ՁԱՅՆԸ
Թռչունների հայացքը
երկրամաս է աքսորյալ,
երբ չի բացվում լեռների
հորիզոնն իմ թեւերում,
հասցեները դռների
մանուկներ են մոլորված,
եւ փոխս գցած բարուր է
այս երկինքը թերեւս:
Անտարակո՛ւյս, պատանդ է
ճանապարհը, բայց ոգին
ծա՜ռս է լինում հավատի
ժայռերն ի վեր շարունակ,
ժամանակն էլ չգիտի նպատակը իր զորքի.
ազատության արճիճից շղթա՞ ձուլի,
թե՞ գնդակ:
Հայաստանն է իմ դիմաց՝
խաչմերուկը մեծ Ոգու,
ճամփաները՝ կորացած…
մղձավանջի բեռներ են,
ջուրը այստեղ փոթորկվել,
ուռկաններն է դուրս նետում,
կափկափում են մութի մեջ
աներեւույթ դռները…
Դատարկվում են բառերի
խորանները եւ մթնում,
Տոհմածառն է արտասվում
հայելու մեջ օրերի…
Վառի՛ր Ոգու կանթեղներ
ազատարար այս երթում,
Սասնա ձա՜յնն է
բարձրանում ըմբոստության հորերից:
ԱՐՑԱԽ
Քո լույսը հող է եւ ունի կշիռ,
եւ քո անձրեւը աստղատարափ է,
իսկ աղջիկներդ՝ հույսի նամակներ՝
ընկղմված բախտի ծրարների մեջ:
Թե դու երակ ես եւ սիրո տանիք,
քո արյունը հենց հիշողությունն է,
որի ակունքը այն է, հայրենի՛ք,
որ մանուկներիդ պորտը կտրվի
միա՛յն տաքարյուն քո ազգանունից,
եւ քո տառերում բացվող երկինքը
թեւը դուրս քաշի մոռացման վիհից:
Քո լույսը հող է եւ ունի կշիռ,
եւ քո անձրեւը աստղատարափ է,
երկունքիդ լույսից այնպես երակվիր,
որ քո անցյալն ու գալիքը արբեն:
ԿՈՒՌՔԻ ԱՆԿՈՒՄԸ
Ընկնում է դարի խաբկանքը կարմիր
բառի աչքերից եւ գլորվելով
իբրեւ կուռք եւ կամ մտքի նեխած միրգ,
փոշի՜ է հանում, եւ հեւհեւելով
մի ուրվական է քարշ գալիս ծանր
եւ բացում ողբի պաշարներ անհայտ,
որոնք կառչելով մահվան արձանին՝
ըմպում են հուշի կաթիլներ վհատ:
Ըմպում են հուշի կաթիլներ վհատ
եւ վայրկյանների թամբերից կառչում,
սուրում են դեպի ուղիներն անհայտ,-
եւ փնտրում է այդ ուրուների չուն
զոհասեղանը եւ զոհին դարի,
որ արյան կաթիլ խմելով՝ սուրա
դրոշի ծայրին կամ պատվանդանին
ծառանա, որպես ահի կաղապար:
Դրոշի ծայրին կամ պատվանդանին
նույն լռությունն է ու խորհուրդը նույն,
եւ նույն հայացքն է՝ առագաստ կայմի,
նույն երազանքն է ու թիրախը նույն-
մարդը հավատի պատերը քանդում
եւ կորչում է դեռ իր աղոթքից դուրս,
հետո… գտնում է կարոտի անդունդ,
հետո… տենչում է քաոսի մեջ լույս…
Ընկնում է դարի խաբկանքը կարմիր
բառի աչքերից եւ գլորվելով,
իր ետեւից դեռ կյանքն է քարշ տալիս,
այս կյանքը անդեմ ու նորահոլով,
որ ընկած կուռքի քղանցքը լիզում
եւ երազում է երկաթե մի ձեռք,
կարմիր սահանքներ ու խղճի կիզում,
որ դեռ չի տեսել երկրագունդն այս ծեր:
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Կարծիքներ