«Հրապարակ». Հարկավոր է ԱԻՆ-ի բոլոր ստորաբաժանումները տեղափոխել նԳ նախարարություն

«Հրապարակ». Հարկավոր է ԱԻՆ-ի բոլոր ստորաբաժանումները տեղափոխել նԳ նախարարություն

Կառավարությունը որոշել է լուծարել ԱԻՆ-ը ու նոր ստեղծվող ներքին գործերի նախարարության մեջ ընդգրկել ԱԻՆ-ի փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու Միգրացիայի ծառայությունը։

Օրենքի նախագիծը կքննարկվի եկող շաբաթ՝ խորհրդարանում։ Սակայն ԱԻՆ-ում, ըստ մեզ հասած լուրերի, արդեն սուգ է եւ խառնաշփոթ՝ նախարարության կադրերի մի մասը, ըստ էության, կրճատվելու է, այսինքն՝ բազմաթիվ մարդիկ մնալու են անգործ։ Ոմանք արդեն սկսել են գործ փնտրել, մյուսները սարսափում են, թե ինչպես են վարկերը փակելու, ընտանիք պահելու։
Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագծով ե՛ւ ոստիկանության, ե՛ւ ԱԻՆ-ի աշխատակիցների սոցիալական երաշխիքները մաքսիմալ ապահովված են։ «Կառուցվածքի հաստատումից հետո նոր պարզ կլինի, թե ինչպիսի կառուցվածք կունենա, կրկնվող գործառույթներ ունեցող ստորաբաժանումները, իհարկե, պետք է միավորվեն, այսինքն՝ միավորվելուց հետո, երբ որ հաստիքացուցակը հաստատվի, նաեւ աշխատողների քանակը հաստատվի, նոր պարզ կլինի՝ տվյալ ստորաբաժանումում կրճատում ենթադրվելո՞ւ է, թե՞ ոչ»,- ասաց ԱԻ փոխնախարարը՝ նշելով, որ ՆԳՆ-ի ձեւավորումից հետո բոլորն ատեստավորում են անցնելու։

- Ամեն դեպքում, օպտիմալացում եւ հաստիքների կրճատում լինելու են։

- Այն գործառույթները, օրինակ, եթե ե՛ւ ԱԻՆ-ում կամ ֆինանսատնտեսագիտական վարչություն, իրավաբանական վարչություն, անձնակազմի կառավարման վարչություն, ե՛ւ ոստիկանությունում, բնականաբար, ներքին գործերի նախարարությունում մի հատ է լինելու, եւ մի հատ դառնալուց հետո որոշակի օպտիմալացում չի բացառվում, որ կլինի։ Հնարավոր է, որ նաեւ չլինի։ Էդ փուլին դեռ չենք հասել։

- Այս պահին կա՞ն կրճատումներ։ Ասացին՝ աշխատակիցներ կան, որոնց գրություններ են  ուղարկվել, որ գնալու են կադրերի ռեզերվ, ու շատերն արդեն սկսել են իրենց համար նոր գործ ման գալ։

- Ես գործ ման գալը չեմ կարող մեկնաբանել, բայց մեր աշխատողներին նման գրություններ մեր կողմից չեն ուղարկվել։

- Այսինքն՝ այս պահին որեւէ գործընթաց չկա։

- Ոչ, նման գործընթաց մեզ մոտ չի իրականացվում։

- Իսկ շենք-շինությունների մասով ի՞նչ է լինելու, նոր նախարարությունը որտե՞ղ է տեղակայվելու։

- Կարծում եմ՝ ԱԻՆ-ի շենքն էլի մնալու է, այսինքն՝ ներքին գործերի նախարարության շենք է դառնալու, հետեւաբար կարծում եմ, որ ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ ԱԻՆ-ը՝ յուրաքանչյուրը մնալու է իր տեղում, եւ կառուցվածքը հաստատելուց հետո, երբ որ ստորաբաժանումները միավորվեն, դիցուք՝ կարող է ոստիկանության ֆինանսական բլոկը տեղափոխվել, օրինակ, ԱԻՆ-ի շենք կամ հակառակը։ Բայց այդ տեխնիկական հարցերին դեռ չենք հասել։

- Նախարարությանը ենթակա մարմինների մեջ, փրկարարական ծառայությունից բացի, կա նաեւ պետական ռեզերվների գրասենյակ եւ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն։ Դրանք ի՞նչ են լինելու։

- Իրենք էլի դառնալու են ՆԳՆ ստորաբաժանում։ Փրկարար ծառայությունը նախարարությանը ենթակա մարմին է դառնալու, ինչպես ոստիկանությունը՝ հավասար կարգավիճակով, պետական ռեզերվների գրասենյակը՝ նույնպես, իսկ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը ենթակա մարմին չի համարվում, որովհետեւ այն երկու կառավարությունների միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն է ստեղծվել, ուղղակի էդ աշխատանքները Հայաստանի կողմից համակարգվում են Հայաստանի եւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների կողմից։ Հիմա կհամակարգվի արդեն ներքին գործերի նախարարության կողմից։

- ՊՈԱԿ-ների հարցն ի՞նչ է լինելու, չորս ՊՈԱԿ կա՝ ձեզ ենթակա։

- Բոլորը շարունակելու են իրենց գործունեությունը՝ արդեն ներքին գործերի նախարարության կազմում։ ԱԻՆ-ի ֆունկցիոնալ բոլոր գործառույթները շարունակելու են պահպանվել եւ իրականացվել նոր ստեղծվող նախարարության կազմում։

- Իսկ Ձեր ճակատագիրն ի՞նչ է լինելու՝ որպես նախարարի առաջին տեղակալի։

- Չեմ կարող պատասխանել այդ հարցին, կապրենք՝ կտեսնենք։

- Եթե Արմեն Փամբուխչյանը նշանակվի նախարար, հնարավո՞ր է՝ Դուք էլ նորից տեղակալ նշանակվեք։

- Ես կարծում եմ, որ էդ հարցերին հնարավոր կլինի անդրադառնալ ներքին գործերի նախարարություն ստեղծելուց, նախարար նշանակվելուց հետո։

- Իսկ ե՞րբ է, ի վերջո, ձեւավորվելու ՆԳ նախարարությունը։ Սահմանված ժամկետներ կա՞ն։

- Կարծում եմ՝ դեկտեմբեր ամսին լիագումար նիստով Ազգային ժողովում կքննարկվի, եւ սահմանված ժամկետներում՝ արդեն մինչեւ ամսվա վերջ, ենթադրում եմ, ներքին գործերի նախարարությունը կստեղծվի։ Համենայնդեպս, այդպես է պլանավորված։ Իսկ ֆիզիկապես սահմանված է անցումային ժամանակահատված՝ մոտավորապես չորս ամիս, որը հաստիքացուցակը, կառուցվածքը հաստատելու, համապատասխան կանոնադրությունները, մրցույթներն անցկացնելու համար է։ Մի խոսքով՝ անցումային ժամանակահատվածը չորս ամիս է, կարծում եմ՝ հնարավոր է չորս ամսում իրականացնել։

- Անձամբ Դուք այս փոփոխությանն ինչպե՞ս եք վերաբերվում, որքանո՞վ օգտակար կարող է լինել այս փոփոխությունը։ Կարո՞ղ է, օրինակ, Ձեր պաշտոնն էլ վաղը ռիսկի տակ հայտնվի։

- Ես հասկանում եմ, բայց էստեղ անձի խնդիր բացարձակ չկա, թե ում պաշտոնն է ռիսկի տակ հայտնվում, ումը՝ ոչ, էստեղ կարեւորն այն է, որ ստեղծվի արդյունավետ աշխատող համակարգ, որն ավելի արդյունավետ կաշխատի եւ ավելի արդյունավետ կարձագանքի հնարավոր դեպքերին, պատահարներին եւ առիթներին՝ զուտ ԱԻՆ-ի մասով։ Կարծում ենք, քանի որ կան կրկնվող գործառույթներ, դեպքերին արձագանքումը ոստիկանության հետ համատեղ է տեղի ունենում, երբ որ այդ ամենը մի կետից կառավարվող համակարգ լինի, մենք ակնկալում ենք, որ էլ ավելի արդյունավետ համակարգ կունենանք։ Համենայնդեպս, միջազգային փորձը նաեւ դա է ցույց տալիս՝ շատ երկրներ հենց այդ ճանապարհով են գնացել։ Մենք հույս ունենք, որ կունենանք էլ ավելի կայացած համակարգ։ Մեր խնդիրն այն է եղել, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր ստեղծվող ներքին գործերի նախարարության համակարգով իր ամբողջ ֆունկցիոնալ գործառույթները պահպանի, որովհետեւ ԱԻՆ-ի աշխատանքը միայն փրկարար ծառայության աշխատանքը չէ, իր գլխավոր խնդիրնն աղետների եւ ռիսկերի նվազեցումն ու կառավարումն է, եւ այն բոլոր ստորաբաժանումները, ենթակա մարմինները, որոնք ԱԻՆ-ի կազմում են գտնվում, նույնությամբ տեղափոխվեն ներքին գործերի նախարարություն, եւ հենց այդպես էլ լինելու է։