Փաշինյանը փչացնում է Հայ-ամերիկյան փոխհարաբերությունները

Փաշինյանը փչացնում է Հայ-ամերիկյան փոխհարաբերությունները

Փետրվարի 3-ը չափազանց կարևոր և նշանակալի օր է հայ-ամերիկյան փոխհարաբերություններում, քանի որ 1992 թ․-ի հենց այս օրը Երևանում բացվեց ԱՄՆ-ի դեսպանությունը։ Հիշարժան այս տարեթվի համատեքստում հետաքրքիր կլինի քննարկման առարկա դարձնել հայ-ամերիկյան փոխհարաբերությունների ներկայիս դրությունը։ 

Առանց այս ու այն կողմ ընկնելու միանգամից արձանագրենք, որ ԱՄՆ-ի և Հայաստանի փոխհարաբերությունները ներկայումս այդքան էլ հարթ չեն։ Իհարկե անհարթությունը պայմանավորված է ոչ այնքան գոյություն ունեցող կոնկրետ տարաձայնություններով, այլ անորոշությամբ և ասելիքի բացակայությամբ։ Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ Հայաստանը ԱՄՆ-ի գործընկերների աստիճանակարգում հետընթաց է արձանագրել։ 

Իհարկե ստեղծված իրավիճակի առաջնային պատասխանատուները Հայաստանի իշխանություններն են, որոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկում ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունները վերանայելու ուղղությամբ։ Թերևս հենց նախաձեռնողականության բացակայությունն է անորոշության հիմնական պատճառը, քանի որ Երևանը դեռևս ոչինչ չի կարողանում առաջարկել Վաշինգտոնին։ Այլ, խոսքով Դ․ Թրամփի վարչակազմում դեռևս չեն հասկանում, թե ում հետ գործ ունեն և չգիտեն, թե ինչ կարելի է սպասել երբեմնի հեղափոխականներից։ 

Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի հեղափոխական ընտրախավը (էլիտա), ամենայն պարզմտությամբ այն համոզմունքն ուներ, թե ԱՄՆ-ը ողջունելու է Հայաստանի դեմոկրատական շարժումը, իսկ աշխարհն էլ խոնարհվելու է հայկական «արտադրության» Մարտին Լյութեր Քինգի առջև։ Սրանք իհարկե հեղափոխական նաիվ պատրանքներ են, որոնք շատ ժամանակ չանցած անէացան՝ դաշտում թողնելով չոր իրականությունն ու միջազգային հարաբերությունների ըստ պատշաճի ընկալման անկարողությունը։ 

Պատրանքներից անդին միջպետական փոխհարաբերությունները կառուցարկվում են քննարկման որևէ կոնկրետ առարկայի հիմքի վրա։ Միջազգային  ամբիոններից հեղափոխական ճառերով և դեմոկրատական շարժման թմբկահարմամբ հնարավոր չէ հարաբերություններ ձևավորել, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, որոնց հիման վրա էլ կձևովորվի հայ-ամերիկյան երկխոսության վերոհիշյալ առարկան։ 

Իհարկե պետք չէ խաբկանքներով ապրել։ Այս պահին  Հայաստանը շատ քիչ բան կարող է առաջարկել և չի կարող այնքան կարևոր լինել որքան Վրաստանը, Ադրբեջանը կամ էլ Ղազախստանը։ Բայց հարցն այն է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը նույնիսկ այդ քիչը չի կարողանում արդյունավետ օգտագործել և ինչ-որ առարկայական տեսք հաղորդել դրան։ 

Անցնելով առաջ՝ նշենք, որ խնդիրը միայն նախաձեռնողականության բացակայության և երկխոսության առարկայի չգոյության մեջ չէ։ Իմ համոզմամբ կան շատ ավելի լուրջ պատճառներ, որոնք արհեստական անջրպետեր են առաջացնում հայ-ամերիկյան փոխհարաբերություններում։ Շատերը կարող են նշել, որ ԱՄՆ-ի սառը վերաբերմունքը պայմանավորված է հայ-իրանական բարիդրացիական փոխհարաբերություններով, այն դեպքում, երբ շաբաթներ առաջ աշխարհը կանգնած էր Իրան-ԱՄՆ լայնածավալ պատերազմի սպառնալիքի առջև։ Կարծում եմ, որ այս պարագայում Իրանի գործոնը երկրորդական է, քանի որ Վաշինգտոնը ըմբռնումով է մոտենում հայ-իրանական փոխհարաբերություններին։ 

Գրեթե համոզված եմ, որ Վաշինգտոնի սառնությունը պայմանավորված է երկու հանգամանքներով․ առաջինը՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ պաշտոնական Երևանի անհետևողական քաղաքականությունն է, իսկ երկրորդը՝ Ռուսական զորքերի ենթակայության ներքո Սիրիա մարդասիրական խումբ ուղարկելը։ Բացի այդ, ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը ուղղակիորեն քննադատության է ենթարկել Վաշինգտոնին։ Ավելին, ռուսական «Независимая газета»-ին տված հարցազրույցում նա այսպիսի մի միտք է արտահայտել. «Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես: Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է...»: Այստեղ իհարկե տրամաբանական հարց է առաջանում, թե ինչով է ԱՄՆ-ը սպառնում Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, չէ՞ որ անկախությունից ի վեր միջպետական փոխհարաբերությունների չափազանց դրական ավանդույթներ են ձևավորվել և երկու կողմերն էլ գոհ են եղել համատեղ այդ փոխգործակցությունից։ Կարելի է ասել, որ մշտապես տիրապետող է եղել հետևյալ սկզբունքը․ «Հայաստանը մի կողմից Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից բարեկամը նրա հակառակորդների»։ Այս կոնցեպտը ընկալելի և ընդունելի է եղել բոլոր կողմերի համար, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ չի փորձել հակադրել հայ-ամերիկյան հարաբերությունները հայ-ռուսականին։ Փաստացի Փաշինյանը առաջինն էր, որ Մոսկվային սիրո և հավատարմության խոստումներ շռայլելիս համանման հակադրություն ստեղծեց։ 

Բայց, այնուամենայիվ, սրա վրա էլ Վաշինգտոնում կարող էին աչք փակել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանի քաղաքական դիրքերն ամուր չեն և չափազանց մեծ է Կրեմլի միջամտության հնարավորությունը։ Ավելին, ամերիկացիները կարող էին ներել նաև հայ սակրավորների ներկայությունը Սիրիայում, չնայած այն հանգամանքին, որ փաստացի Հայաստանը քիթը մտցրել է այնտեղ, որտեղ չպետք է մտցներ և դա արել է Ռուսաստանի ենթակայության ներքո։ Կասկածներ կան, որ Փաշինյանն այդ քայլին գնացել է որոշակի զիջումների դիմաց՝ փորձելով կորզել Մոսկվայի աջակցությունն ու կանխել ՀՀ ներքին գործերին միջամտելու հնարավորությունը։ 

Այսինքն գալիս ենք այն եզրակացությանը, որ ԱՄՆ-ը շատ բանի վրա կարող է աչք փակել, նույնիսկ կարող է չնկատել Երևանից իր դեմ հնչող քննադատական ակնարկները, բայց Ղարաբայան կոնֆլիկտի վերաբերյալ ապակառուցողական և անհետևողական մոտեցումը երբեք չի ընկալվի և չի մարսվի։ Թերևս հենց դա է Վաշինգտոնի սառը վերաբերմունքի ամենահիմնական պատճառը։ 

Իհարկե մենք չգիտենք, թե դռնփակ հանդիպումների ժամանակ ինչ են քննարկում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ու արտգործնախարարաները։ Միայն կարող ենք ենթադրել, որ կողմերը տապալել են բանակցային բնականոն գործընթացն ու վարչապետ Փաշինյանն այս գործում վճռական մասնակցություն է ունեցել։ Այս առումով խիստ մտահոգիչ են նաև վարչապետի հրապարակային հայտարարությունները։ Ամիսներ առաջ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նա հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ Կապանի մամուլի ասուլիսում՝ անարգանքի սյունին գամեց հակամարտության խաղաղ կարգավորման այն փաստաթղթերից մեկը, որի շուրջ բանակցել էին կողմերը։ Բացի այդ նա  փորձեց այնպիսի տպավորություն ստեղծել, իբրև թե Հայաստանի նախկին բոլոր ղեկավարները «հող հանձնող» են, իսկ ինքը՝ ոչ։ Իհարկե այս արտահայտություններն ու տպավորությունները առաջին հայացքից ներքին լսարանի համար են, բայց մեծ հաշվով դրանք բացասաբար են ազդում խաղաղ կարգավորման բուն գործընթացի վրա։ 

Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ հայաստանցու և հայկական բանակի գեներալի համար բնական է, որ Արցախը պետք է Հայաստան լինի, բայց եթե պետության ղեկավարն է այդպիսի հայտարարությամբ հանդես գալիս, ապա նա առնվազն պետք է իր ձեռքի տակ ունենա դրա իրականացման իրավական հիմքերն ու ճանապարհային քարտեզը։ Հակառակ պարագայում գործ ունենք ակնհայտ պոպուլիզմի և անպատասխանատվության հետ։ Սրանից անդին Նիկոլ Փշաշինյանը, անցնելով քարոզչական պատերազմի թույլատրելի սահմանները, բանակցային գործընթացի արդյունքում ի հայտ եկած օրինաչափ փաստաթուղթը ներկայացրեց որպես «սերժսարգսյանական» արատավոր ժառանգություն։ Մի՞թե ՀՀ վարչապետը չի հասկացել, որ դա ոչ թե Սարգսյանի, այլ Հայաստանի Հանրապետության ժառանգությունն էր, ինչի պատասխանատուն ի պաշտոնե նաև հենց ինքն է։ Արդյոք Հայաստանի ղեկավարը չի՞ հասկանում, որ կարգավորման գրեթե բոլոր փաստաթղթերը բովանդակությամբ առանձապես չեն տարբերվում՝ չհաշված տեխնիկական մանրամասներն ու հերթականությունները։ Այսինքն, նոր փաստաթղթի ի հայտ գալու պարագայում, Փաշինյանին առաջարկելու են նույնաբովանդակ փաստաթուղթ, որը հնարավոր է և ավելի վատը լինի այն մեկից, որը ներկայացվեց որպես «սերժսարգսյանական» ժառանգություն։ 

Անշուշտ համանման մոտեցումները լուրջ հարված են հասցնում հայ-ամերիկյան փոխհարաբերություններին, որքան էլ կառավորղ թիմը «ջայլամային» տրամաբանությամբ չնկատի դա։ Խնդիրը մեկն է․ Փաշինյանի ապակառուցողական և անկախատեսելի վարքագիծը պարարտ հող է նախապատրաստում լայնածավալ պատերազմի համար։  Եթե բանակցությունների կամ, ինչպես իրենք են ասում կոնսուլտացիաների ընթացքը հենց այս որակով շարունակվի, իսկ վարչապետն էլ չդադարեցնի իր ապակառուցողական հայտարարությունների շքերթը, ապա վերջնարդյունքը հենց դա է լինելու։ 

Մենք պետք է հասկանանք, որ Սպիտակ տանը հայտնվել է չափազանց պրագմատիկ ու երբեմն էլ անկանխատեսելի Դ. Թրամփը: 45-րդ նախագահի վարչակազմում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն առանց այն էլ միանշանակ չէ: Նրանց համար Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, Իրանի բարեկամը և վերջապես պետություն, որը խնդիրներ ունի տարածաշրջանում ԱՄՆ-ի գրեթե բոլոր դաշնակիցների հետ: Եվ այսքանից հետո հենց այդ նույն Հայաստանը հանդես է գալիս ապակառուցողական դիրքերից և «հրահրում» մեծ պատերազմի սպառնալիք, որը ձեռնտու չէ ոչ մեկին։ 

Արժե շեշտադրել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի հետ նմանատիպ խաղերը անթույլատրելի են, քանի որ խոսքը առաջին հերթին միջազգային և տարածաշրջանային անվտանգության համակարգերի մասին է, որտեղ Վաշինգտոնը «ոստիկանի» կարգավիճակ ունի։