Արդյո՞ք համարժեք ենք մոտենում համաշխարհային տնտեսական միտումներին

Արդյո՞ք համարժեք ենք մոտենում համաշխարհային տնտեսական միտումներին

Ըստ համաշխարհային բանկի և մի շարք առաջատար միջազգային ֆինանսական կառույցների գնահատականների, կոռոնավիրուսի տարածման հետևանքով 2020թ.-ին համաշխարհային տնտեսությունը անկում կապրի մինչև 1,5-2%: Եթե համեմատենք 2008թ. ճգնաժամի հետ, որի արդյունքում 2009թ. համաշխարհային ՀՆԱ-ն կրճատվեց ընդամենը 0,1%-ով, ապա 1,5%-ը կործանարար թիվ է: Կորոնավիրուսի հետևանքը ապրանքների սպառման կտրուկ կրճատումն է: Որպես ամենապարզ օրինակ դիտարկենք նավթի սպառման պահանջարկը: Սպառումը կտրուկ նվազեց, երբ փակվեցին միջպետական սահմանները և կտրուկ նվազեցին բեռնափոխադրումները, ինչն էլ հանգեցրեց նավթի սպառման կտրուկ անկմանը, որին հաջորդեցին շուկայում տեղի ունեցան բնական զարգացումները՝ պահանջարկը կտրուկ նվազեց, առաջարկը մնաց նույնը, որն էլ հանգեցրեց նավթի շուկայի անկմանը: Ամեն ինչ շատ ավելի արագացավ, երբ վարակը սկսեց տարածվել արևմտյան երկրներում, քանի որ աշխարհում ստեղծված բոլոր ապրանք-ծառայությունների ծավալի սպառման 2/3-րդը բաժին է ընկնում արևմտյան երկրներին՝ ի դեմս ԵՄ-ի և ԱՄՆ-ի: Ամփոփելով այս ամենը, կարելի է արձանագրել, որ աշխարհում տեղի է ունեցել սպառման անկում, այլ ոչ թե առաջարկի կրճատում, ինչը որ անմիջապես կսկսի վերականգնվել հակավիրուսի հայտնաբերումից հետո:  

Այժմ վերադառնանք Հայաստան: Հետևելով վերջին օրերին կառավարության պաշտոնական հայտարարություններին և հրապարակված տնտեսական ծրագրերին, մտահոգություններս ավելի խորանում են և ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ առկա է շատ թյուր պատկերացում համաշխարհային տնտեսական գործընթացների մասին: Դիտարկենք դրանցից մի քանիսը. կառավարության ղեկավարի կողմից հայտարարվում է, որ ստեղծված իրավիճակը կարող է նպաստել երկրի տնտեսական զարգացմանը և հնարավարություն ստեղծել բազմապատկելու ՀՆԱ-ն՝ ավելացնելով այն 30 մլրդ $-ով  (այս պահին՝ մոտ 13մլրդ.$)՝ երկնիշ տեմպերով աճ գրանցելու հաշվին:  
Փորձենք գնահատել, թե ինչ ժամկետներում և ինչ ծավալի քայլեր պետք է իրականացնի կառավարությունը ցանկալի արդյունքին հասնելու համար, և դրանք համադրենք այսօր կառավարության կողմից արվող քայլերի հետ: Նախ ամրագրենք համաշխարհային շուկայում մեր երկրի վերադիրքավորվելու վերջնաժամկետը: Կարծում եմ դեմ չեք լինի, եթե արձանագրենք այն պահը, երբ կկիրառվի հակավիռուսը՝ այսինքն վատթարագույն դեպքում մեկ տարի ժամկետ, եթե այդ ընթացքում մենք չհասցնենք մեր տնտեսությունը ձևափոխել և դարձնել ավելի մրցունակ, մեր զարգանալու հնարավորությունները կվերադառնան պանդեմիայից առաջ եղած դիրքին, քանի որ նույն արտադրողները կշարունակեն նույն պայմաններով արտադրել, իսկ սպառողները՝ սպառել, որի արդյունքում մենք կունենանք հին մեկնարկային հնարավորություններով, սակայն արդեն սահմանափակ ռեսուրսներով երկիր: Եթե մեզ նույնիսկ հաջողվի պահպանել նախորդ տարվա աճի տեմպերը 8%-ի շրջանակում, ինչը խիստ կասկածելի է, մեզ անհրաժեշտ կլինի հավելյալ 5-10% աճ: Տնտեսագիտական գնահատականներով 13 մլրդ.$ տնտեսություն ունեցող պետության համար 5% աճ ապահովելու համար, անհրաժեշտ է 600-700 մլն.$ ուղղակի ներդրում, իսկ 10% հավելյալ աճի համար անհրաժեշտ է 1,2մլրդ-1,4մլրդ.$ ուղղակի ներդրում: Այն մասին, թե ինչ ծանր վիճակում են օտարերկրյա ուղիղ ներդրումները մեր երկրում, բազմիցս խոսվել է:

Այսպիսի պայմաններում  նման ծավալի ներդրումներ ներգրավվելու հնարավորությունն այսքան սահամանափակ ժամանակահատվածում, գործող կառավարության կողմից ինչքանով է իրատեսական, հետևությունները թողնում եմ ձեզ և վերջին երկու տարվա վիճակագրությանը: Կառավարությունն իր կողմից թիրախավորած նպատակներն իրականցնելու համար հայտարարեց մոտ 300 մլն.$-ի տնտեսությանն  աջակցման փաթեթի մասին, ըստ էության արձանագրելով այս պահին պետության կողմից տնտեսության մեջ ֆինանսական ներարկումներ կատարելու հնարավարությունների սահմանագիծը: Թե ինչքանով այդ աջակցությունը կազդի նպատակների իրականացման վրա, գնահատեք ինքներդ՝ համեմատելով պահանջվող ֆինանսական հոսքերը և այն միջոցները, որոնք պատրաստվում է տրամադրել կառավարությունը: 

Ուսումնասիրելով կառավարության կողմից հրապարակված առաջին  25մլրդ.դրամ արժողությամբ  ծրագիրը, կարող եմ տալ նման գնահատական. այն ամբողջությամբ ուղղված է առաջարկի ավելացման աջակցությանը, ինչը շատ տարօրինակ է, քանի որ ամբողջ աշխարհում կա սպառման ծավալների անկում, և հիմնական տնտեսական խնդիրն է հնարավորինս պահել կամ աջակցել սպառման ծավալները: Ինչպես նաև ակնհայտ է, որ հայտարարված աջակցության ծրագրի պայմաններից օգտվող շահառուների քանակը սահմանափակ է լինելու, և հավանականությունը մեծ է, որ այդ գումարները նույնիսկ ամբողջությամբ չեն սպառվելու: Ավելի մատչելի լեզվով ասած, մենք բիզնեսին առաջարկում ենք մի օգնություն, որը կամ նրան անհրաժեշտ չէ, կամ առնվազն չի փոխհատուցելու արտակարգ իրավիճակում նրա կրած վնասները: Չեմ ցանկանում ձեզ ավելի ծանրաբեռնել, տնտեսությունում ընթացող գործընթացներին և դրանց վերաբերյալ իմ գնահատականներին կանդրադառնամ հաջորդիվ:

Էդուարդ Պետրոսյան