Արցախի նախագահական ընտրություններին ընդառաջ․ քաղաքական ավանդույթների պահպանման ու ամրապնդման կարևորությունը

Արցախի նախագահական ընտրություններին ընդառաջ․ քաղաքական ավանդույթների պահպանման ու ամրապնդման կարևորությունը

«Եվ ահա 9-րդ դարում բավական խիստ ընդգծված ենք տեսնում այն անհունապես աղետալի իրականությունը, որը վիճակվում էր հայ ազգին՝ նրա քաղաքական դրությունն իսպառ տկարանալու և խորտակելու համար: Այդ աղետը, որ այնուհետև զարգացավ դարից դար, այն էր, որ օտար տարրերը նստում էին հայկական հողի վրա, կտրատում էին հայ ժողովրդի ազգագրական միապաղաղությունը, դարձնելով նրան իր տան մեջ օտար տարրերի հետ խառնված, իր ազգային միությունը կորցրած, հետևաբար և զրկված իր քաղաքական ինք-նուրույնությունը պահպանելու կարողութ-յունից:
Հետևյալ տարվա (853 թ.) գարնանը Բուղան վերսկսեց իր ավերիչ արշավանքը, այս անգամ ընտրելով հյուսիսային ուղղությունը: Սկսեց Սյունիքից, ….»
Լեո (Հայոց Պատմություն: Երկրորդ հատոր: Միջին դարեր. Ե.: «Հայաստան», 1967, էջ 444)

Վերջերս կրկին հիշեցի Լեոի հիշատակումները՝ 9-րդ դարի Հայաստանում տիրող իրավիճակի մասին, որոնք էլ դարձան սույն հրապարակման բնաբանը: 
Նախապես հայցում եմ քաղաքագիտական հանրության ներողամտությունը՝ ոչ իմ մասնագիտական բնագավառ «ներխուժելու» համար: Հուսով եմ նաև, որ իմ այս հրապարակումը չի ընկալվի որպես այլ երկրի քաղաքացու միջամտություն ԱՀ-ի ներքին գործերին: 
Սույն հրապարակման առիթն Արցախի Նախագահի 14 թեկնածուներից հինգի համատեղ հայտարարութ-յունն էր («Հրապարակ», 28.03.2020 թ.): Անկախ այն բանից, թե որքանով են հիմնավորված հարգելի թեկնածուների մտահոգությունները, կապված համաճարակային իրավիճակի հետ, այդուհանդերձ, կարծում եմ, որ կորոնովիրուսի համաճարակը պա-կաս վտանգավոր է, քան, կներեք, թեկնածուների թվաքանակը: Այդ մասին երբևէ չէի արտահայտվի, եթե չլիներ նշված հայտարարությունը: Որևէ կասկած չունեմ թեկնածուների կարողությունների և մարդկային հատկանիշների առումով: Խնդիրը, նույնիսկ, թեկնածուների թվաքանակը չէ, այլ նախագահական ընտրությունների շուրջ ձևավորված մթնոլորտը, լարվածությունը: Տպավորություն է ստեղծվում, թե ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՀ-ում դեռևս չեն ձևավորվել քաղաքական արժեքները և արժեքային կողմնորոշիչները, որոնց հիման վրա էլ սո-վորաբար ձևավորվում են քաղաքական ավանդույթները, իշխանության և սերունդների շարունակականությունը: Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել 1988 թ. սկիզբ առած ղարաբաղյան շարժումը, ժողովրդի զարթոնքը: Դրա բացատրութ-յունը, իմ կարծիքով, քաղաքական ավանդույթներն են, որոնք հային հիշեցրել են իր նախնիների փառավոր անցյալը, վաղեմի անկախությունը, ինչն էլ չի թողել, որպեսզի հայ ժողովուրդը վերանա աշխարհի երեսից՝ չնայած օտարերկրյա արշա-վանքներին ու հարստահարմանը: Հատկապես ավան-դույթները կարող են օգնել հասարակությանը՝ վերապրելու քաղաքական հիասթափությունները, մեղմելու առօրյա հիմնախնդիրները:
 Բազմակարծությունը, անշուշտ, լավ բան է, բայց ոչ այնպիսին, որը բոլորովին այլ պատկերացումներ է ձևավորում ԱՀ-ի նախագահա-կան ընտրությունների գործընթացում ընդգրկված քաղաքական ուժերի քարոզարշավի վերաբերյալ. հիմնականում ոչ շահեկան: Դրա մասին են վկայում նախընտրական քարոզարշավի ժամանակ ծավալված քննարկումները, հայտարա-րությունները, միմյանց հասցեին հնչող մե-ղադրանքները և այլն:
Հասարակության բարոյա-հոգեբանական վիճակը, ժողովրդի ոգին ու միասնությունն ավելի կարևոր են, քան քաղաքական ինչ-որ նպատակներ: Պատահական չէ, որ գերմանացի ռազմա-գետ Կառլ ֆոն Կլաուզևիցը նկատել է, որ «հպարտ ոգու կուռ կամքը գերիշխում է պատերազմի արվեստի նկատմամբ»: 2016 թ. ապրիյան պատերազմն ասվածի վառ ապացույցն է. հաղթեց ոչ թե ռազմական հզորությունը (կարծում եմ հակառակորդի ռազմական հզորությունը կասկած չի կարող հարուցել) կամ ռազմական արվեստը, այլ հայ ժողովրդի ոգին, նրա արժեհամակարգը, այսինքն՝ հակառակորդը լավ չի պատկերացրել իրավիճակը և այն, որ հայերի պատերազմն «արդարացի պատերազմ է»: 
Դժբախտաբար, հայի ոգին կուռ է դառնում իրական ու մոտ գտնվող արհավիրքի, սպառնալիքի դեպքում: Մինչդեռ կուռ ոգին պահանջվում է հատկապես երկրի տնտեսական զարգացման ռազմավարական խնդիրներ դնելու ու դրանց լուծմանը հետամուտ լինելու համար, ինչը նշանակալիորեն կնվազեցնի արտաքին շատ ու շատ սպառնալիքների հավանականությունը:
Պատերազմը դեռ ավարտված չէ: Դրան գումարվել է ևս մեկը՝ կորոնավիրուսի համավարակը: Գուցեև իրավացի են Արցախի Նախագահի հինգ թեկնածուները՝ իրավիճակի գնահատականի առումով: Այդ դեպքում պահանջվում է հավաքական քաղաքական կամք. նեղ քաղաքական շահերի ստորադասում ազգային, պետական շահերին: 
Ի՞նչ անել: Այս հարցը տարբեր ժամանակներում միշտ էլ հուզել է շատ ու շատ երկրների մտավորականությանը: Մեզ համար հարցի պատասխանը կարող է լինել. դուրս գալ 9-րդ դարի «անհունապես աղետալի իրականությունից», դառնալ միասնական ու զարգացնել տնտեսությունը, բարձրացնել մարդկանց բարեկեցությունը:  Առանց ազգային համերաշխության և արժեքային կողմնորոշիչների անհնար կլինի կերտել բարեկեցիկ ու անվտանգ երկիր: ԱՀ-ի բնակչությունն ընտրություններից պետք է դուրս գա ավելի համախմբված ու համերաշխ: Ուղղակի այլընտրանք չկա. հայկական երկու պե-տությունները ներկայում կանգնած են այլ կարգի ու մասշտաբի մարտահրավերների ու հնարա-վորությունների առջև: 

Գագիկ Վարդանյան