«Ոչ»-ի ճակատն անտեր չի մնա

«Ոչ»-ի ճակատն անտեր չի մնա

Ի՞նչն է քաղաքականապես ավելի գրագետ. մասնակցե՞լ ապրիլի 5-ի հակասահմանադրական հանրաքվեին, ձեւավորել «ոչ»-ի կողմ, քարոզչություն անել, գնալ ընտրատեղամաս, թե՞ թքել այդ հակաիրավական գործընթացի վրա ու իշխանությանն իր ֆարսի հետ թողնել մենմենակ, ինչպես հորդորում են քաղաքական դաշտի թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական խաղացողները։ 

Ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի «ոչ» քարոզչության կողմ ձեւավորելու ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 17-ին։ Ակնհայտ է, որ քաղաքական դաշտը ֆորմալ առումով չի դառնալու «ոչ»-ի կողմ։ Փոխարենը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը երեկ հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ, որտեղ նշել է, որ մի խումբ իրավաբաններ հանդես են եկել «ոչ»-ի կողմ ձեւավորելու նախաձեռնությամբ։

Մելիքյանը հույս ուներ, որ քաղաքական ուժերն իրենք կստանձնեն նման նախաձեռնություն, սակայն տեսնելով, որ այդ ուժերը ձեռնպահ մնացին հիմնականում օբյեկտիվ պատճառաբանություններով շտաբ ձեւավորելուց, ուստի, նրա խոսքով, առաջացավ մի իրավիճակ, երբ այն քաղաքացիները, որոնք «ոչ»-ի կողմնակիցներ են, կարող են զրկվել հավասար հնարավորություններից, իրենց դիրքորոշումն արտահայտելու հնարավորությունից․ «Այո, գործընթացը հակասահմանադրական է, բայց եթե մեր քաղաքացիներին հնարավորություն չտրվի երկու կողմերի փաստարկներին հասու լինել, ինչպես նաեւ հնարավորություն չտրվի օրենքով սահմանված վերահսկողական մեխանիզմներն օգտագործել, ապա այս հակասահմանադրական գործընթացն էլ ավելի մեծ եւ վատ հետեւանքներ կունենա մեր երկրի համար»։

Մինչդեռ իրենց նախաձեռնության նպատակը, Մելիքյանի խոսքով, ընթացքի մեջ գտնվող հակասահմանադրական գործընթացի հետեւանքները մեղմելն է։ Հիշեցնենք, որ օրենքը «ոչ»-ի պաշտոնական գրանցված կողմին հնարավորություն է տալիս անվճար հեռուստաեթեր, երկուական անդամ՝ ընտրական հանձնաժողովների կազմում։ Մելիքյանն ասաց, որ իրենց նախաձեռնությունը քարոզչություն իրականացնելու նպատակ չի հետապնդում, այլ՝ հնարավորություն տալ, որպեսզի մյուս կողմի դիրքորոշումը նույնպես հասու լինի մեր քաղաքացիներին, այսինքն՝ ինչպես «այո»-ն, այնպես էլ «այո»-ն բացառող բոլոր տարբերակները հասանելի լինեն․ «Անձամբ ես եւ կարծում եմ՝ շատերը, որոնք մեր նախաձեռնության անդամ են, մեր գաղափարի իրագործումը պատկերացնում ենք հետեւյալ կերպ, որ ոչ թե քարոզչություն իրականացնենք, այլ հարթակ տրամադրենք նրանց, ովքեր ասելիք ունեն քաղաքական տիրույթում։ Մենք քաղաքական տիրույթում ասելիք չունենք, այն իրավական դաշտում է, բայց կան նաեւ, որոնք այս կամ այն օբյեկտիվ պատճառներով ձեռնպահ մնացին «ոչ»-ի քարոզչական կողմը ստանձնելու հնարավորությունից, գոնե ինձ համար այդ պատճառները տրամաբանական են՝ ատելության խոսքը, թշնամանքն այնքան մեծ ծավալների են հասել, որ մարդիկ կարող էին նաեւ խուսափել»։

Հիշեցնենք, որ «ոչ»-ի նախաձեռնող խումբը ԿԸՀ-ում գրանցելու համար պահանջվում է հիսուն եւ ավելի քաղաքացիների ստորագրություն։ Մելիքյանը կասկած չունի, որ այդ թիվը կապահովեն, առայժմ գերադասում է անուններ չհրապարակել։ Իսկ կարողանալո՞ւ են հանձնաժողովներում վստահված անձանցով ապահովել, ովքե՞ր են նրանք լինելու։ «Այդ տեղերը կբաշխվեն այն ուժերի եւ մարդկանց, ովքեր համոզիչ կլինեն որպես «այո»-ն բացառող տարբերակների կողմնակիցներ։ Մեր լեգիտիմության հենքն այն է, որ մենք ակտիվ ջանքեր ենք գործադրել՝ կանգնեցնելու հակասահմանադրական այս գործընթացը, եւ այս ձեւաչափի հենքը ՀՀ նախագահին ներկայացված դիմումն էր»։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը քաղաքական ուժերի որոշումը՝ հանրաքվեի հետ կապված, «ճիշտ» է գնահատում․ «Քանի որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե ցույց տվեց, թե ինչ հունով է տանելու, այդ իմաստով ճիշտ են քաղաքական ուժերը, որոնք որդեգրեցին «այո»-ն չբոյկոտելու ճանապարհը։ Այս պարագայում բարդ է լինելու՝ ում է Նիկոլ Փաշինյանը սեւ-սպիտակ անելու։ Եթե ենթադրվեր դասական պայքար, ոչ թե կողմերն ասեին՝ «սամ դուռակ», այլ ներկայացնեին փաստարկներ իրենց «այո»-ի կամ «ոչ»-ի համար, կարող էր լինել քաղաքական նորմալ դիսկուրս՝ ինչու «այո», ինչու «ոչ»։ Իսկ երբ խնդիրն այն է՝ ինչու լինի Հրայր Թովմասյանը կամ չլինի, իսկ ով դրան դեմ է, սեւ է, անիմաստ էր քաղաքական պայքարը»։ Ստացվում է, որ ԼՀԿ-ի կոչ-զգուշացումը, որ ով մտնի գործընթացի մեջ, ջուր է լցնելու իշխանության ջրաղացին, տեղի՞ն էր։ «Դա էլ այդպես չի,- պատասխանեց Քոչարյանը։- Երբ մտնում են ոչ թե քաղաքական ուժերը, այլ մասնագետները, հարց է առաջանում՝ մասնագետն ինչի՞ն կարող է ջուր լցնել, մասնագետն իր մասնագիտական կարծիքն է հայտնելու»։ Իսկ քվեարկության մասնակցե՞լ, թե՞ բոյկոտել։ «Եթե խնդիր դրված լիներ մասնակցության ցուցանիշ, ապա բոյկոտը գուցե արդարացված լիներ, բայց խնդիրն «այո» ապահովելն է լինելու, ինչը, ի դեպ, իմ կարծիքով, բավական բարդ խնդիր է իշխանության համար։ Եթե բարդ խնդիր չլիներ, վարչապետն առաջին իսկ օրով լայվով չէր փորձի սփյուռքից մարդ հրավիրել հանրաքվեին։ Եթե 2018 թվականին նախկինների դեմ քարոզչությունը գրեթե մասսայական էր աշխատում, չասեմ՝ 100, բայց գոնե 80 տոկոս, ապա հիմա նույնը չենք կարող ասել, գոնե ես չունեմ դրա մասին տվյալներ։ Անգամ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից շատերին դուր չի գալիս, որ հարցը դրված է ոչ թե ամբողջ Սահմանադրությունը փոխելու, այլ 7 հոգու հեռացնելու»։