Պատերազմից հետո գրավված տարածքները լցվել են սիոնիստներով ու ահաբեկիչներով

Պատերազմից հետո գրավված տարածքները լցվել են սիոնիստներով ու ահաբեկիչներով

Հարցազրույց իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսսեյնիի հետ

- Իրանում ինչպե՞ս ընկալեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախն ու հայկական անկլավները ճանաչում է Ադրբեջանի կազմում։

- Ղարաբաղյան հակամարտության հենց սկզբից Իրանը մշտապես հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երկխոսության ճանապարհով, եւ պետք է պահպանվի Ղարաբաղի հայ ժողովրդի անվտանգությունը։ Ինչեւէ, ի տարբերություն որոշ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հայտարարությունների, Իրանի մի զգալի մասը գոհ չէ Ղարաբաղի ներկա վիճակից, քանի որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո այդ տարածքները լցվել են սիոնիստներով (Իսրայել) եւ այնտեղ բերված ահաբեկիչներով։ Նրանց ներկայությունը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը, վտանգում է Իրանի ազգային անվտանգությունը, Իրանի համար համարվում են պոտենցիալ սպառնալիք: Այն ժամանակ, երբ Իրանի հետ Ղարաբաղի սահմանամերձ շրջանները հայերի վերահսկողության ներքո էին, Իրանն այս հատվածում ուներ լիակատար անվտանգություն ու խաղաղ սահմաններ: Եվ վերջին 30 տարիների ընթացքում այս տարածաշրջանում միշտ եղել է լիակատար անվտանգություն, ինչը համընկնում էր նաեւ Իրանի պետական շահերին եւ ապահովում էր Իրանի անվտանգության հետ կապված հիմնահարցերը։

- Իրանի քաղաքական էլիտաներն ինչպե՞ս են տրամադրված Հայաստանի նկատմամբ եւ արդյո՞ք համարում են Հայաստանը բարեկամ եւ հատկապես` կանխատեսելի ու վստահելի հարեւան։

- Հայաստանն Իրանի հարեւաններից միակ քրիստոնյա երկիրն է, բայց կրոնական ֆակտորը երբեւէ չի խանգարել, որ Հայաստանն ամենավստահելի եւ բարեկամ հարեւանը չլինի Իրանի համար։ Մեր երկու ժողովուրդները հազարամյակներ ապրել են իրար կողքի եւ ապրելու են։ Նաեւ` Իրանի քաղաքական էլիտան շատ դրական եւ բարեկամական վերաբերմունք ունի Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Իրանի բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությունները պարբերաբար հայտարարել են, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է, եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար կարմիր գիծ է։ Եվ Իրանը դիմադրելու է տարածաշրջանում որեւէ աշխարհաքաղաքական փոփոխությունների։ Բայց Իրանը մտահոգված է անդրտարածքային ուժերի ներկայությամբ եւ տարածաշրջանի այն երկրների դիրքերի հզորացմամբ, որը չի բխում Իրանի ու Հայաստանի ընդհանուր շահերից եւ անվտանգությունից։ Իրանը կասկածում է տարածաշրջանում նրանց թաքնված նպատակներին եւ ծրագրերին։ Դրական վերաբերմունք կցուցաբերվի այն գործընթացների նկատմամբ, որոնք բխում են Հայաստանի, հայ ժողովրդի շահերից։