Ընտրեք՝ որ բանակում եք

Ընտրեք՝ որ բանակում եք

Ամեն երկրորդն այսօր ռազմական գործիչ է, վերլուծաբան, քաղաքագետ ու դիվանագետ։ Բայց յուրաքանչյուրի մեջ հատկապես խորը նստած է լրագրողը։ Բոլորը գիտեն, թե ինչն ինչպես եւ ինչքան է պետք լուսաբանել։ Բոլորը դասատու են, դատավոր ու հրահանգիչ։ Ի՞նչ է մնում մեզ՝ լսել ու կատարել այդ հրահանգները։ Բայց, ցավոք, այդ հրահանգները ծայրահեղորեն տարբեր են ու իրարամերժ։ Մեկն ասում է՝ Նիկոլին ու գործող իշխանություններին չկպնեք, նրանք իմ սրբությունն են ու իմ պաշտպանության ներքո։

Մյուսն ասում է՝ ով մեծարում է Նիկոլին ու նրա «լնգլվազին», իմ անձնական թշնամին է ու զոմբիների բանակի հավատավոր զինվոր, պատասխան է տալու իշխանափոխությունից հետո՝ ամեն մի քծնական խոսքի ու գովեստի մասին։ Մեկը խնդրում է՝ մանրամասներ հաղորդել պատերազմական գոտում տիրող վիճակից ու մեր զոհերի իրական թիվը ներկայացնել, երկրորդն անիծում է անգամ պաշտոնական այն լուրերն ու դրանք հաղորդողին, որոնք անվերապահ հաղթանակի, մեր զորքերի հերոսական առաջխաղացումների ու թշնամու լիակատար ջախջախման մասին չեն պատմում։ Մեկն ասում է․ դուք՝ լրագրողներդ, դարձել եք ձայնագրիչ ու սղագրող, ոչ մի ինքնուրույն միտք չեք արտահայտում։ Մյուսը մեզ մեղադրում է մեր կարծիքը հայտնելու, վերլուծելու, կանխատեսելու փորձերի համար։

Բայց ամենամեծ բանակը, այսպես կոչված, «մատնիչների» բանակն է, որոնք մեր նյութերի մի 60 տոկոսի տակ նշում են Ազգային անվտանգության ծառայությանը, իբր՝ ԱԱԾ, հասիր, պատժիր, այս դավաճաններին բռնիր։ Պատկերացնում եմ, թե այս օրերին ԱԱԾ-ն ինչքան զանգ ու դիմում է ստանում, իբր թե, ազգային անվտանգության հարցերով մտահոգ այս «դանոսչիկներից», որոնք մնացել են 37 թվի մերձակայքում եւ այդպես էլ չեն հասկացել, թե ինչ են անվտանգությունը եւ խոսքի ազատությունը։