Արևմուտքը գուցե ցանկանում է Թուրքիային լրիվ քայքայված տեսնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով Թուրքիայում տեղի ունեցած բողոքի ակցիաները, հայտարարել է, որ իշխանության վրա «ճնշում գործադրելու և փողոցում քաղաքականություն սահմանելու» փորձերն անցյալում են: «Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ փողոց դուրս գալը և ազգային կամքի դեմ մատ թափ տալը, իրենց հետ տանելով ձախակողմյան կազմակերպություններին, մարգինալ խմբերին և վանդալներին, անցյալում են: Այն օրը, երբ քաղաքականության և արդարադատության ուղղությունը որոշվում էր փողոցային ահաբեկչությամբ, անցյալում է, ինչպես և հին Թուրքիան»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով Ստամբուլում։ Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կոչ էր արել կրկին բողոքի ցույց կազմակերպել՝ ի պաշտպանություն ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Ստամբուլի նահանգապետարանը արգելել է մինչև մարտի 27-ը բողոքի ակցիաների և ցույցերի անցկացումը: Արգելքները գործում են նաև խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Իզմիրում։ Հիշեցնենք՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո երկրի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել: Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, կան հարյուրավոր ձերբակալվածներ։ Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլօուին: Թուրքիայում տեղի ունեցող պրոցեսների մասին «Հրապարակը» զրուցել է թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ:
- Էրդողանի իշխանությունը բացահայտ ձեռնոց է նետում ժողովրդավարական արժեքներին: Բացի այն, որ ձերբակալել են ընդդիմության առաջնորդին և մի շարք ցուցարարների, նաև արգելում են տեղի լրատվամիջոցներին լուսաբանել բողոքի ակցիաները: Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետն է 2019-ի մարտից։ Նա համարվում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդը, որը ստացել է 15 միլիոն ձայն: Ձեր գնահատմամբ` ի՞նչ է այժմ տեղի ունենում գերտերության հայտ ներկայացրած Թուրքիայում:
- Ինչպես գիտենք` Ռեջեփ Էրդողանի պաշտոնավարման շրջանը մոտենում է իր տրամաբանական ավարտին և նա, ըստ Թուրքիայի սահմանադրության, չունի երրորդ անգամ նախագահ դառնալու իրավունք, բայց նա բացահայտ ասում է, որ չի ճանաչում այդ սահմանադրությունը և պետք է նախագահ դառնա երրորդ անգամ: Նրա ռեյտինգը ահագին ցածր է, թեպետ տեղի ընդդիմությունն ասում է, թե Էրդողանն ունի 20 տոկոս ձայն, սակայն իրականում նա ունի մոտ 30 տոկոս ձայն, ինչը քիչ է: Վերջին ընտրությունների ժամանակ նրա ռեյտինգը 51 տոկոս էր: Ակնհայտ է, որ եթե հիմա իր թեկնածությունն առաջադրի Էքրեմ Իմամօղլուն, կհաղթի: Այս մասին շատ լավ գիտի Էրդողանը, դրա համար ամեն կերպ խանգարում է, խոչընդոտներ է ստեղծում, իսկ մարդիկ ընդդիմանում են: Էրդողանը չունենալով բարձրագույն կրթություն ասում է` Իմամօղլու համալսարանական դիպլոմը կեղծ է: Այսքան տարի այդ մարդը քաղաքապետ է եղել, տարբեր աշխատանքներ է կատարել, Էրդողանը նոր հիշել է, որ նրա դիպլոմը կեղծ է:
- Իսկ կեղծ դիպլոմ ունենալն ի՞նչ խնդիր է, եթե Էրդողանն ընդհանրապես դիպլոմ չունի, ինչպես ՀՀ վարչապետը:
- Դե Էրդողանի պարագայում ի՞նչ կա որ: Նա դեռ պատգամավոր եղած ժամանան երդում է տվել, որ հավատարիմ է մնալու սահմանադրությանը, սակայն հիմա ասում է, որ չի ընդունում սահմանադրությունը: Դա նշանակում է, որ նրանից ամեն ինչ կարելի է սպասել:
- Թուրքիայի ընտրական համակարգի մասին զրուցենք: Ի՞նչ առավելություններ ունեն այն թեկնածուները, ովքեր բավականին շատ ձայներ են ստացել:
- Նա, ով ընտրություններում հաղթում է, չեղարկված ձայները, ինչպես նաև այն ուժերի ձայները, որոնք չեն հատել 10 տոկոսը, բաշխում են հաղթած ուժի ձայների միջև: Այսինքն` այդ ձայները բաժին են հասնում Էրդողանին: Ինչպես նաև Կիպրոսից նավերով ընտրողներ են բերում Թուրքիա` ամեն անգամ ընտրություններից առաջ: Մի քանի խոշոր նավերի մասին է խոսքը: Գալիս են, ընտրում են իշխանությանը: Ինչպես Հայաստանում, օրինակ, բանակն է քվեարկում պարտադիր, Թուրքիայում էլ նավերով Կիպրոսից ընտրողներ են բերում:
- Էրդողանին սահմանափակելու հնարավորություն չկա՞:
- Էրդողանին սահմանափակելու հնարավորությունը Թուրքիայի սահմանադրությունն է: Սահմանադրությունն էլ իր գործն անում է, բայց այդ մարդն ասում է, որ ինքը չի ենթարկվում սահմանադրությանը, այն դեպքում, երբ մի քանի անգամ պատվով երդում է տվել ենթարկվել սահմանադրությանը, էլ ի՞նչ անես այդ մարդուն: Թուրն աջ ու ձախ կտրում է, ինչ ուզում է, անում է:
- Այսինքն` անհավանակա՞ն է Էրդողանին նախագահի աթոռից պոկելը:
- Տապալման միակ ձևն այն է, որ ընդդիմադիր առաջնորդն ընտրություններում հաղթի:
- Բայց ավտորիտար Թուրքիայում ընդդիմության դեպքում հնարավո՞ր է ընտրություններով հաղթանակ արձանագրել:
- Եթե ընտրություններ լինեն, ընդդիմությունը հաստատ հաղթելու է, նման խնդիր չունի: Էրդողանը չի ընտրվելու և այդ դեպքում ուզած-չուզած` պետք է հեռանա:
- Չի՞ կարող ընտրակեղծիքների դիմել:
- Ինքն էլ է այդքանը լավ հասկանում, համոզված է, որ անգամ իր խարդախություններն ու ընտրակեղծիքները չեն փրկելու իր իշխանությանը: Այդ պատճառով էլ այսպես կատաղել է և անիմաստ հայտարարություններ է անում, ասում է` դիպլոմ է կեղծել, չգիտես ինչեր է արել….
- Թուրք ժողովուրդը ինչո՞ւ է Էրդողանից հիասթափված:
- Թուրքիայում կյանքը շատ թանկացել է: Օրինակ` ընկույզով սուջուխի մեկ կիլոգրամը Թուրքիայում արժե 20 հազար լիրա: Թոշակառուները Թուրքիայում ստանում են մինչև 15 հազար լիրա թոշակ, բանվոր դասակարգը` ևս: Այսինքն` նման չնչին աշխատավարձ ու թոշակ ստացող մարդիկ չեն կարող իրենց եկամուտից անգամ 2000 լիրա հատկացնել, որ գոնե 200 գրամ սուջուխ կարողանան առնել: Ամեն ինչ ահավոր թանկ է Թուրքիայում: Մարդիկ դա զգում են իրենց կաշվի վրա:
- Թուրքիայում տեղի ունեցող պրոցեսները բացառիկ են նրանով, որ դրսից միջամտություն չկա` ոչ ԱՄՆ-ից, ոչ Եվրոպայից չեն միջամտում պրոցեսներին: Այլ դեպքերում Արևմուտքը ակտիվանում է:
- Ամերիկյան և եվրոպական բանկերը Թուրքիայում անգամ վարկեր չեն տրամադրում: Համաշխարհային բանկը և Միջազգային արժութային հիմնադրամը նույնպես: Սա նշանակում է, որ Արևմուտքը Թուրքիային պատժամիջոցների տակ է դրել: Արդեն քանի տարի է այդպես է: Արևմուտքը գուցե ցանկանում է Թուրքիային լրիվ քայքայված տեսնել: Դա էլ է շատ ձեռնտու իրենց:
Կարծիքներ