Քաղաքապետարանը՝ մանկապարտեզում կապված երեխաների մասին

Քաղաքապետարանը՝ մանկապարտեզում կապված երեխաների մասին

Մենք այսօր գրել էինք, որ Երեւանի թիվ 92 մանկապարտեզում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին գոտիով կապել են աթոռներից։
Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է մեր հրապարակմանը․ «Երևանի հ. 92 մանկապարտեզում 2015 թվականից գործում է նախաներառական 3 խումբ, ուր հաճախում է 24 տարբեր ծանր խնդիրներ ունեցող երեխա: Նշված երեխաներից 14-ն ունեն հենաշարժողական խնդիր և մանկապարտեզ են գալիս իրենց անվասայլակներով: Մանկապարտեզի ներսում այս երեխաների առօրյան կազմակերպվում է «Արբես» առողջապահական կենտրոնի տրամադրած հատուկ նստարաններով, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ:

Այդ աթոռներից անհրաժեշտության դեպքում օգտվում են նաեւ նախաներառական խմբերում ընգրկված գերակտիվ երեխաները: Յուրաքանչյուր խմբում ներառված ութ երեխայի հետ աշխատում է երկու հատուկ մանկավարժ, մանկավարժի երկու օգնական, ինչպես նաեւ՝ նեղ մասնագետները: Բազմամասնագիտական խումբը բաղկացած է հմուտ եւ փորձառու 18 տարբեր մասնագետներից: Մանկապարտեզի նախաներառական մասի գործունեությունը վերահսկվում է ոլորտում մասնագիտացած «Արբես» ԱԿ-ը: Պարբերաբար մանկապարտեզ այցելող միջազգային առողջապահական կառույցների ներկայացուցիչները դրական են գնահատում հաստատության փորձը:

Քանի որ հարցի վերաբերյալ կա որոշակի տարակարծություն, Երեւանի քաղաքապետարանը առաջիկայում կկազմակերպի նեղ մասնագիտական քննարկում, որի ընթացքում կարծարծվեն մեթոդաբանությանն առնչվող հարցեր»։