Շվեդական մարտահրավեր համավարակին

Շվեդական մարտահրավեր համավարակին

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շվեդական մոդելն աշխարհում իրարանցում առաջացրեց: Այդ մոդելը հենվում էր հասարակության ինքնագիտակցության, քաղաքացիների անձնական պատասխանատվության, ինչպես նաև պետության և հանրության միջև փոխադարձ վստահության վրա: Շվեդիան, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, կորոնավիրուսն ավելի վաղ հայտնաբերեց: Երկիրը գործունեության և տեղաշարժի փոքրաթիվ սահմանափակումներ մտցրեց: Շվեդական մոդելի հեղինակը Շվեդիայի գլխավոր պետական համաճարակաբան Անդերս Թեգնելն է: Ուրբաթ՝ մայիսի 8-ին, Վաշինգտոնում տեղակայված Լրագրողների միջազգային կենտրոնի (International Center for Journalists, ICFJ) և Վաշինգտոնում Շվեդիայի դեսպանատան նախաձեռնությամբ, միջազգային լրագրողների համար կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, որը վարում էր ICFJ-ի նախագահ Ջոյս Բարնաթանը, Թեգնելը նշեց, որ Շվեդիայում մահվան դեպքերի ավելի քան 50 տոկոսը ծերանոցներում է արձանագրվել: Նա ընդգծեց, որ Շվեդիան շարունակեց մնալ բաց հասարակություն նաև համավարակի ժամանակ: Սահմանափակումներից ազատ լինելու հիմնական պատճառը եղել է երկրի առողջապահական համակարգը փլուզումից հետ պահելը և կորոնավիրուսի տարածումը կանխելը՝ առանց մեծ սահմանափակումներ իրականցնելու:
Տեսակոնֆերանսի ընթացքում, ի պատասխան լրագրողների հարցերի, Թեգնելը նշեց, որ լավատես չէ մոտ ապագայում պատվաստանյութի ստացման հարցում: Չնայած դրան՝ կարծում է, որ վարակակիրների մի մասն իմունիտետ է ձեռք բերում, քանի որ Շվեդիայում չկա որևէ վարակակիր, որ երկրորդ անգամ վարակված լինի: Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը վիճարկում է նաև պաշտպանիչ դիմակների կրելը որպես կանխարգելման արդյունավետ միջոց, միաժամանակ խիստ կարևորում է սոցիալական հեռավորության պահպանումը: Ի պատասխան այն դիտարկման, թե երեխաները վարակի տարածման ակտիվ աղբյուր են, Թեգնելը նկատեց, որ երեխաները ևս վարակվում են, սակայն ապացույցներ չկան, որ վարակը երեխաներից անցել է մեծահասակներին:
Տեսակոնֆերանսին, որպես Մամուլի ազգային ակումբի նախագահ, հրավիրված էի նաև ես և Շվեդիայի գլխավոր համաճարակաբանին հետևյալ հարցը տվեցի. «Ըստ էության, երկու երկիր կա, որ կարանտին չի մտցրել. Շվեդիան և Բելառուսը: Շվեդիան շատ քննադատվեց դրա համար: Մարտի սկզբին և ապրիլի կեսերին դուք լավատեսորեն նշում էիք, որ արդեն մայիսին բնակչությունն իմունիտետ ձեռք կբերի: Այսօր Շվեդիան վարակակիրների թվով աշխարհում 23-րդ տեղում է՝ շուրջ 25000 վարակակիրով և 3000-ից ավել մահվան դեպքերով: Երբ իմ երկում՝ Հայաստանում, որևէ քաղաքացի չի պահպանում կարանտինի պահանջները, նա հիշատակում է Շվեդիան: Հարցս հետևյալն է. ի վերջո, ձեր փորձը հաջողվե՞ց, թե՞ ոչ»:  
Ի պատասխան իմ հարցի՝ Անդերս Թեգնելը նշեց. «Այո, այդ փորձը որոշ չափով հաջողված է: Մենք կարողացանք հիվանդության տարածում ունենալ՝ առանց մեր առողջապահական համակարգը ծանրաբեռնելու, որը մեր առաջնային նպատակներից մեկն է։ Ծերերին պաշտպանելու հարցում այն շատ ավելի պակաս հաջողվեց, և մենք լրջորեն աշխատում ենք դրա համար։ Եվ այն հաջողված է, որովհետև մարդիկ կամավոր կերպով մեկուսացվեցին, էականորեն սահմանափակեցին իրենց տեղաշարժը, էականորեն աշխատեցին տնից, այնպես որ՝ չեք կարող շվեդական մոդելն օգտագործել ասելու համար, որ կարող եք դուրս գալ և հանդիպել ում ցանկանաք․ դա կարևոր չէ, քանի որ դա այն չէ, ինչ շվեդական մոդելն ապացուցում է։ Շվեդական մոդելն ապացուցում է, որ կարող եք շատ հեռուն գնալ կամավոր միջոցներով, բայց, ամեն դեպքում, պետք է պահպանեք սոցիալական հեռավորություն, և ամենայն հավանականությամբ, դա ամենակարևոր բանն է, որ կարող եք ունենալ, եթե ցանկանում եք այս համավարակի նկատմամբ որևէ վերահսկում ունենալ»։