50 հազար աշխատատեղի առեղծվածը

50 հազար աշխատատեղի առեղծվածը

Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազում առիթներով հայտարարել է ու պնդել, որ առնվազն 50 հազար աշխատատեղ է ստեղծվել կամ ստվերից դուրս եկել։ Ամեն հայտարարությունից հետո զինծառայողների ապահովագրության կամ հանրության շրջանում առավել հայտնի «1000 դրամների» հիմնադրամի խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը հերքում է՝ տեղեկացնելով, որ հայտարարված ցուցանիշը չի արտացոլվում հիմնադրամում։ Հիշեցնենք, որ յուրաքանչյուր գրանցված աշխատողի աշխատավարձից ամսական 1000-ական դրամ է փոխանցվում սույն հիմնադրամ։ Օրերս՝ հուլիսի 17-ին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստն է տեղի ունեցել, ամփոփվել են 2019-ի 6 ամիսները, ու, որքան էլ զարմանալի լինի, թվերը ոչ միայն չեն աճել, այլեւ նախորդ տարվա համեմատ նվազել են։

Այսպիսով՝ 6 ամսվա ցուցանիշներից լավագույնը գրանցվել է մարտին՝ 501 հազար 572, վատագույն ամիսը՝ հունվար, 433 հազար 962 օրինական աշխատող։ Մինչդեռ 2018-ի հունվարին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռեւս վարչապետ չէր, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում գրանցված է եղել գրեթե 484 հազար աշխատող։

2018-ի փետրվարին գրանցված աշխատողների թիվն ավելացել է 9 հազարով։ Մարտին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռեւս չէր տվել հեղափոխության մեկնարկը, Հայաստանում աշխատատեղերի թիվը նվազել է 2 հազարով, ապրիլին էլ, երբ իշխանությունը դեռ Սերժ Սարգսյանի ձեռքում էր, աշխատատեղերն ավելացել են՝ դառնալով 502 հազար։ 2018 թ. ապրիլին Հայաստանում գրանցված է եղել 538 հազար աշխատող։ 

Զինծառայողների ապահովագրության վերջին նիստի ամփոփման եւ գործադիր տնօրենի հաշվետվությունից ակնհայտ է դառնում, որ, նախորդ տարվա համեմատ, նույն ժամանակահատվածում գրանցված աշխատատեղերի թիվը գրեթե փոփոխության չի ենթարկվել, որոշ ամիսների կտրվածքով էլ՝ նվազել։

Օրինակ՝ ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հազարով պակասել է։ Դեռեւս այս տարվա ապրիլին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ԵԽԽՎ-ում հայտարարել էր, որ 50-51 հազար ստվերային աշխատողներ արդեն գործում են օրինական դաշտում, մինչդեռ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերը հեղափոխությունից հետո չեն աճել, ինչո՞ւ։

Փաշինյանն ասաց, որ թվերը աշխատատեղերի մասով չեն կարող սխալ լինել, որովհետեւ արտացոլված են ՊԵԿ-ի եւ Վիճակագրական կոմիտեի տվյալներում, խոստացավ հավելյալ պարզաբանումներ տալ։ «Բայց ասեմ՝ նորություն չէ, որ այդ հիմնադրամի հետ կապված վճարումների ամբողջականության խնդիր կա, նման տեղեկություններ պարբերաբար ստանում եմ, որ հազար դրամները միշտ չէ, որ պարտաճանաչ վճարում են, նույնիսկ ամբողջական ընկերությունների մասին են ասել, եւ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ ապահովեն»,- ասաց վարչապետը։

Ամիսներ են անցել նրա խոստումից, բայց  վիճակագրությունը փոփոխության չի ենթարկվել։ Եթե գրանցված աշխատողը կամ ընկերությունը պարտաճանաչ չի փոխանցում, ապա անելիք ունեն հարկային մարմինները, հակառակ պարագայում ստացվում է, որ բոլորն էլ փոխանցում են։ Ուստի կա՛մ վարչապետն է ստում, որ 50 հազար աշխատող ստվերից դուրս է եկել, կա՛մ հիմնադրամն է յուրացնում ամսական կտրվածքով 50 միլիոն դրամը։

Մենք զրուցեցինք նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ, ով մեզ հայտնեց, որ իրենց հրապարակած ցուցանիշները ՊԵԿ-ից վերցված պաշտոնական տեղեկատվության հիման վրա են։ Նա չցանկացավ մեկնաբանել, թե ինչու Փաշինյանի հրապարակած ցուցանիշը չի արտացոլվում հիմնադրամի մուտքերում․ «Ես լրացուցիչ հայտարարություն չեմ կարող անել, կա՛մ պետք է վարչապետի մամուլի խոսնակին հարցնեք, կա՛մ՝ վարչապետին։ Ես վստահեցնում եմ, որ հիմնադրամը չի յուրացնում, մենք ընդամենը հրապարակում ենք ՊԵԿ-ից ստացված տվյալները։ Ավելին ասել չեմ կարող»։