Քաղաքապետարանը՝ քաղաքացուն քաշքշելով ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքի մասին
Երեկ մենք հրապարակում էինք արել այն մասին, որ քաղաքապետարանի 2 աշխատակից 100 դրամանոց չունեցող քաղաքացուն քաշքշելով, հրելով դուրս էին հանել ավտոբուսից։ Նա պատմել էր, որ նրան դուրս են հանել, որի հետեւանքով ձեռքը մնացել էր դռան տակ։ Քաղաքացին դիմել է ոստիկանություն։
Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից «Հրապարակ»-ին ներկայացրել են դեպքի վերաբերյալ իրենց մեկնաբանությունը։
«Քաղաքացին, երբ բարձրացել է ավտոբուս ի սկզբանե QR կոդ չի ունեցել, կոնկրետ ավտոբուսում ինքը վարորդին գումար է փոխանցել, վարորդն ասել է՝ նոյեմբերի 1-ից ես գումար չեմ վերցնում՝ կամ 100 դրամ, կամ թղթյա կոդ, կամ էլ վալիդատորով վճարի, ասել է՝ ես ոչ մեկ չունեմ, վերցրու, մանրի այդ փողը, ոնց ուզում ես մանրի, քո պրոբլեմն ա»։
Ըստ քաղաքապետարանի՝ ավտոբուսում եղել են հասարկական կարգի ծառայության աշխատակիցները, որոնք հաստատել են վարորդի խոսքերը․ «Մի խոսքով, հասարակական կարգի ծառայության աշխատակիցներից մեկն ասել է՝ եղբայր, բոլորիս հետ կարող է լինել նման իրավիճակ, որպեսզի չսրվի կոնֆլիկտը, ես քո տեղը էդ 100 դրամը գցեմ, հետո ինձ տեսնես՝ ետ կտաս, որպեսզի ամբողջ ավտոբուսը չսպասի, քաղաքացին էլ ասել է՝ դու ով ես, որ ինձ 100 դրամ առաջարկես, գնա էն կողմ։ Ավտոբուսում եղել է մի աղջիկ, որն ասել է՝ եթե վիրավորված եք ձեզ զգում, որ էդ մարդը ձեր փոխարեն վճարի, այն 500 դրամանոցը, որը ուզում էիք գցեիք ապարատ, վարորդին էիք առաջարկում վերցնել, տվեք ինձ ես կմանրեմ, որի մեջ կլինի 100 դրամանոց, այս աղջկան էլ ասել է՝ դու որպես ինչ ինձ պետք ա օգնես, ու շատ սրվել է այդ իրավիճակը»։
Ստեղծված իրավիճակում, վարորդը կանգ է առել, ասել է՝ լուծի խնդիրը, կամ ես չեմ քշում,պատասխանել է էլի՝ քո պրոբլեմն է, ոնց ուզում ես մանրի։ Իր նկատմամբ ուժ կիրառել, բռնի իջեցնել չի եղել, բոլորին կոպտել է։ Ընդ որում, ասել են՝ արի լուծենք այս խնդիրը գնա»։
Հարցին, թե հասարակական կարգի պահպանության աշխատակիցները ինչո՞ւ են ավտոբուսներում լինում, պատասխանեցին․ «Զուտ որպեսզի պատկերացնենք, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, որ մինչև հունվարի 1-ը նվազագույնի հասցնենք այդ խնդիրները, մոնիթորինգ են անում, վերահսկողություն են անում»։
Անդրադառնալով քաղաքացու այն պնդմանը, թե կանգառի մոտակայքում գտնվող Թելսելլի տերմինալը կտրոն չի տրամադրում, քաղաքապետարանից ասացին՝ սուտ է, տերմինալը չի աշխատել երկուշաբթի օրը՝ մի քանի րոպեով։
Կարծիքներ