Փաշինյանի մանրապատիվ մուրացկանություն

Փաշինյանի մանրապատիվ մուրացկանություն

Հայկական իրականության մեջ կա մեծապատիվ մուրացկանության հասկացություն` շնորհիվ Հակոբ Պարոնյանի անմահ կատակերգության: Հասկանալի է, որ երկրի վարչապետի պաշտոնից իրականացվող մուրացկանությունը ամենայն իրավամբ կարելի է կոչել մեծապատիվ: Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի պարագայում որքան էլ մայրցամաք առ մայրցամաք այցելելու եւ գումար մուրալու առօրյան նրան հավասարեցրել է Աբիսողոմ աղային այցելող եւ փարա մուրալու վերջնանպատակն այս կամ այն փաթեթավորմամբ ներկայացնող ազգային մտավորականների հետ, դժբախտաբար, Փաշինյանը մտավորականի որակ չունի, որ ԱՄՆ-ից մինչեւ Եվրոպա, Չինաստան ու Սինգապուր ծավալած իր մուրացկանություն-առաքելությունը կոչվի մեծապատիվ: 
Ըստ իս՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Փաշինյանն ավելի լյումպենի կամ պլեբեյի որակ ու հոգեկերտվածք ունի, քան հասարակության որեւէ այլ խավի, եւ մեծ հաշվով դա էլ բացատրում է իր հանդեպ այս աշխարհի հզորների личная неприязнь-ը եւ «ներդրումներ բերելու» բոլոր փորձերում անշեղորեն տապալվելը, Փաշինյանի մուրացկանությունը ճիշտ կլինի կոչել մանրապատիվ մուրացկանություն: 
Իսկ եթե իրերն իրենց անունով կոչենք, ապա Փաշինյանի մուրացկանությունը, գոնե ի դեմս այս տարի իրականացրած երեք մուրացկանական ուխտագնացությունների` առ Բրյուսել, առ Պեկին, եւ առ Սինգապուր, եւ բոլորից էլ ձեռնունայն վերադառնալը, որոշ դեպքերում նաեւ դիվանագիտական ապտակներ ստանալով, հարկադրում է ասել, որ Փաշինյանի մուրացկանությունը նույնիսկ մանրապատիվ էլ չէ, այլ համարյա անպատիվ։ 

Բրյուսելյան նվաստացումները

Դիցուք, այս գարնանը Բրյուսելում բացահայտ արհամարհանք ու անպատվություն չէ՞ր, որ Եվրախորհրդարանում Փաշինյանին հյուրընկալել էին ոչ թե լիագումար նիստում, ինչը պետությունների գլուխներին եւ ղեկավարներին պատշաճող մակարդակն է, ոչ թե գոնե Եվրախորհրդարանի նախագահի եւ փոխնախագահների հետ էր հանդիպել կամ գոնե ԵԽ ֆրակցիաների ղեկավարներին ընդգրկող Conference of Presidents-ի պաշտոնյաներին, այլ, ինչպես ռուսներն են ասում` Փաշինյանին ուղարկել էին куда подальше: 
Եվրախորհրդարանում Փաշինյանին պատշաճող մակարդակ էին համարել, եւ նրան հյուրընկալել էին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կիսադատարկ նիստում: Մինչդեռ այդ հանձնաժողովում հյուրընկալում են Բրյուսելում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, անգամ ԱԳ նախարարների համար է դա ցածր մակարդակ, ուր մնաց որեւէ երկրի ղեկավար գնա հանձնաժողովում ելույթ ունենա: Իսկ Փաշինյանը գնացել էր, գուցե որովհետեւ հնարավոր այլընտրանքը եղել էր սովորականի նման վիզը ծուռ միջանցքներում կանգնելը, մի քանիսին էլ հեռվից կամ ձեռքով ողջունելը, եթե պահը հարմարվեր:
Մայիսին Բրյուսելում գումարված Արեւելյան գործընկերության 10-ամյակի հանդիսությանն էլ հազիվ մի տասը մարդու խմբակային լուսանկարում Փաշինյանին այնպես էին հաջողացրել կանգնեցնել, որ կադրում առհասարակ չերեւա, մի տեսանյութի ծանոթագրությունում էլ գրել էին` կադրում Նիկոլ Փաշինյանն է` Հայաստանի ԱԳ նախարարը: Մի խոսքով, Փաշինյանին Բրյուսելում ոչ միայն ֆինանսներ չեն տալիս, այլեւ ուղղակի մարդկայնորեն չեն սիրում եւ չեն ընդունում, եւ դա ամեն քայլափոխի աչքի է զարնում։
Իհարկե, կարելի է հարցնել․ իսկ այդ ո՞ր մայրաքաղաքում են Փաշինյանին հարգում կամ ընդունում, որ Բրյուսելում էլ չեն ընդունում: Ընդունում են երեւի միայն Մոսկվայում, այն էլ գագաթնաժողովների առիթով, երեւի ճարահատյալ: Ամեն դեպքում, ընդունում են դեմքի այնպիսի արտահայտությամբ, հատկապես Սերգեյ Լավրովի դեմքի, որ թուրքի` խոզի մսին նայելու պատմությունն ես հիշում: Վաշինգտոնում առհասարակ թվում է՝ Փաշինյանի գոյության մասին չգիտեն կամ չեն հիշում, Փարիզում` գոյության մասին գիտեն, բայց ակներեւաբար տեսնել չեն ուզում: 

Չինաստան էլ Փաշինյանին հրավիրել էին ոչ այնքան «Պեկինյան ձեւով բադ» հյուրասիրելու, որքան Թուրքիային ի տես Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար: Խնդիրն այն է, որ Թուրքիայից մերթընդմերթ ճստվստում են, թե Չինաստանը ույգուրների ցեղասպանություն է իրականացնում, Չինաստանին էլ հարկավոր էր ցույց տալ, որ ով-ով՝ գոնե թուրքերը չպետք է ցեղասպանությունից խոսեն, քանի որ իրենց մեղսագրվող Հայոց ցեղասպանության հանգամանք է առկա: Չինաստանի նախագահ Սին Ծիապինը չգիտեմ քանի րոպեով էր Փաշինյանին ընդունել, բայց ողջույնի երկու-երեք պարբերությամբ խոսքում մի պարբերությունը 1915-ի Հայոց ցեղասպանության մասին ակնարկն էր, մոտավորապես` այն, ինչ Ձեր ժողովրդի հետ կատարվել է պատմության ընթացքում, պետք է դատապարտվի եւ այլեւս երբեք չկրկնվի ձեւակերպմամբ (ույգուրները մեր հարեւան թյուրքերի արյունակիցներն են, նույն էթնոսի ներկայացուցիչները, որ բնակվում են Չինաստանի հյուսիս-արեւմուտքում: Չինաստանը նրանց հարկադրում է մոռանալ իսլամը, լեզուն եւ այլն: Ովքեր դիմադրում են, տանում են ճամբարներ` վերադաստիարակելու: Արեւմուտքի գնահատականներով՝ ներկա պահին Չինաստանի վերադաստիարակության ճամբարներում գտնվող ույգուրների թիվը մի քանի միլիոն է կազմում:) 
Ինչեւէ, ույգուրների խնդրով Չինաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա դիմակայության համատեքստում Պեկինում հայտնվելը ոչնչով չփոխեց Փաշինյանի հանդեպ աշխարհի մերժումը: 

Ինչո՞ւ աշխարհը չի ընդունում Փաշինյանին

Իսկ ինչո՞ւ է ողջ աշխարհն այդպես ատում Փաշինյանին, որ մեկ տարուց ավելի իշխանության ղեկին գտնվելով՝ ոչ միայն որեւէ աջակցություն, այլ անգամ պաշտոնական այցի հրավեր չի կարողանում ստանալ որեւէ երկրից: Փաշինյանի շրջապատում թող միայն համեմատեն, թե անցած մեկ տարում քանի երկրում եւ ինչ մակարդակով ընդունեցին Վրաստանի վարչապետին կամ Ադրբեջանի նախագահին եւ ինչպես արհամարհեցին Փաշինյանին: Մեկ տարվա ընթացքում Վրաստանի վարչապետին Սպիտակ տանը փոխնախագահ Պենսի կողմից ընդունելու մասին առնվազն երեք հաղորդագրություն իմ աչքով է ընկել, Ալիեւի էլ չգիտես քանի անգամ Բրյուսել ու Փարիզ կատարած այցերի, բանակցությունների, արդյունքների մասին հաղորդագրությունները: Մինչդեռ մեր քաղաքական Գիքորին բոլորը դուռն են ցույց տալիս կամ դռան առջեւ են պահում: Ինչո՞ւ: 
Սկսել պետք է թերեւս այնտեղից, որ մեկ տարի առաջ, երբ Փաշինյանը փողոցից տեղափոխվեց կառավարություն, արդեն տեսանելի էր արտաքին աշխարհի անթաքույց հակակրանքն իր հանդեպ (ինքս այդ մասին գրել եմ դեռ 2018-ի մայիսին): Այլ հարց, որ անցյալ տարի մայիսին որքան Փաշինյանի համակիր կամ նրան միացած կիսագրագետ ու թուլամիտ կար երկրում, աղաղակում էին, իբր Հայաստանի օխլոկրատիկ իշխանափոխությունը երկրի դրական իմիջ է ստեղծել աշխարհում: Դա անպատկառ ստախոսություն էր, որ մի քանի ամսում փուչիկի պես պայթեց, ինչպես պայթեցին ու դեռ պայթում են Փաշինյանի ու իր շրջապատի մյուս խոստումներն ու ստախոսությունները: Բայց եթե Փաշինյանի մյուս ստախոսությունների, հատկապես վարչական կառավարման եւ տնտեսական ֆիասկոյի հարցում առավելապես օբյեկտիվ հանգամանքներն են դեր կատարում, ապա դիվանագիտական տապալումների հարցում Փաշինյանի անձնական որակներն ու էությունն են դեր կատարել: 
Կարծում եմ, Փաշինյանը՝ ինքն իր համար դիվանագիտական ու քաղաքական վիհ փորեց ու դրա մեջ գլորվեց համարյա վարչապետի աթոռը գրավելու հաջորդ օրը: Ի՞նչ եք կարծում, եթե Փաշինյանն ունենար դույզն-ինչ գիտակցություն, դաստիարակվածություն կամ շրջահայացություն, վարչապետ ընտրվելուց ընդամենը ժամեր անց կհայտարարեր, թե ղարաբաղյան բանակցություններում ինքը այս կամ այն դիրքորոշումն ունի՞: Գրողը տանի, երբ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով բանակցություններ են մեկնարկել, Փաշինյանը երեւի փողոցներում գնդակ խաղալուց է եղել: Այդ բանակցություններն ընթանում են քսանհինգ տարի, դրանում ներգրավված են երեք ազդեցիկ տերություններ, եւ այդ բանակցությունների ընթացքը երբեք հասարակության, այդքանով էլ նաեւ Փաշինյանի համար, բաց չի եղել։ 

Հետեւաբար, ակներեւ է, որ ցանկացած գիտակից, հարգալից եւ ադեկվատ մարդ Փաշինյանի փոխարեն ղարաբաղյան խնդրում իր մոտեցումները հստակեցնելու տարբեր հարցադրումներին ի պատասխան բովանդակային առումով մեկ եւ միեւնույն պատասխանը կտար: Կասեր, որ ինքն ընդամենը նախօրեին է ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը, մինչդեռ ղարաբաղյան խնդրով բանակցություններն ընթանում են արդեն քառորդ դար, դրանք միշտ փակ ռեժիմով են ընթացել, հետեւաբար, ինքը դեռ պետք է ժամանակ ունենա բանակցությունների մանրամասներին, նյութերին ծանոթանալու, դրանից հետո կարիք կլինի հանդիպել Մինսկի խմբի համանախագահներին, եթե իր կողմից լինեն նոր մոտեցումներ, դրանք ներկայացնել, լսել համանախագահների արձագանքը, որից հետո արդեն հասարակության առջեւ դիրքորոշումներ բարձրաձայնելու փուլին կհասնենք: 

Այդ դեպքում ամենքն էլ կարձանագրեին, որ մարդն ունի լրջություն` չիմացած թեմաներով չխոսելու, ունի պատասխանատվության զգացում անցած բանակցային ճանապարհի եւ իր խոսքի հանդեպ եւ ունի հարգանք ղարաբաղյան բանակցություններում ներգրավված ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի կատարած աշխատանքի, ներդրած ժամանակի ու ջանքերի հանդեպ: Մինչդեռ ինչ արեց Փաշինյանը… Թումանյանի Գիքորի նման փայլեց ադեկվատության ողջ բացակայությամբ `առանց գիտակցելու, թե ինչ միջավայրում եւ ինչ է խոսում. «Ես այս կանեմ, ես այն կանեմ, չգիտես ում անունից կբանակցեմ, ում անունից չեմ բանակցի…»։ 
Արդյունքում, ինչպես Գիքորի` «խազեինն ասում է, թե բալը թանկ է» ֆրազից բազազ Արտեմի տան հյուրերը խնդմնդացին, եւ Գիքորի ճակատագիրը որոշվեց, այնպես էլ Փաշինյանի. «Ես, ես, ես…» հիվանդագին ինքնացուցադրումից ու ինքնահաստատումից Մինսկի խմբի համանախագահ երկրները, նրանց ետեւից էլ մնացյալ միջազգային հանրությունը ծիծաղեցին, եւ Փաշինյանի համար դեռ չբացված՝ փակվեցին միջազգային ասպարեզում ընդունելի լինելու, լսվելու կամ աջակցություն ստանալու հնարավորությունները: 
Մեծ հաշվով Փաշինյանը, ով առանց այն էլ ընդունելի չէր թվում իր օխլոկրատիկ իշխանազավթման պատճառով, գրեթե վարչապետի պաշտոնը ստանձնելու օրվանից, առնվազն ղարաբաղյան հարցում իր անհարգալից, անպատասխանատու ու անլուրջ վարքի պատճառով Գիքորի ճակատագրին արժանացավ միջազգային հարաբերություններում: Փաշինյանն իր համար այդ ճակատագիրը կերտեց հազիվ վարչապետի պաշտոնը ստանձնած եւ քայլ առ քայլ խորացրեց ու ամրապնդեց հետագայում: 

Այնուհետ կես տարի տեւեց, մինչեւ Փաշինյանը գիտակցեց ու խոստովանեց, որ ԱՄՆ-ն իրեն ոչնչով չի աջակցում: Իրականում նաեւ որեւէ այլ երկիր չի աջակցում: Իսկ դա նշանակում է, որ աշխարհի ոչ մի ծայրում Փաշինյանի մանրապատիվ մուրացկանությունն արդյունք չի տալու, քանի մուրացկանական ուխտագնացության էլ մեկնի: