Երջանկությունը մեր կողքին է. Երջանիկ պոետեսան Լատվիայից, որ նաև երջանկացնում է

Երջանկությունը մեր կողքին է. Երջանիկ պոետեսան Լատվիայից, որ նաև երջանկացնում է

Լատվիայի գողտրիկ քաղաքում բնակվող, բայց բանաստեղծության անսահման աշխարհում ապրող բանաստեղծ Նինա Ստեպանովան (գրական կեղծանունը՝ Նինա Ֆիլիպովա) գրում է սիրային, բնապատկերային, փիլիսոփայական, հոգևոր և քաղաքացիական ժանրերում՝ ինչպես ռուսերեն, այնպես էլ՝ ուկրաիներեն լեզուներով: Ազգությամբ ուկրաինացի քնարերգուն շուրջ կեսդար ապրում է Լատվիայում: Նինան նաև բանաստեղծական թարգմանություններ է անում` ռուսերենից, ուկրաիներենից և լատվիերենից:

Նրա ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում մանկական բանաստեղծություններն ու առակները. նա ավելի քան քսան երգերի համահեղինակ է։ Համաշխարհային պոեզիայի միջազգային օրհներգի թարգմանության մասնակից։ Գինեսի ռեկորդների գրքի «Հիպերպոեմ» գրքի համահեղինակ: Ստեպանովան արժանացել է բազմաթիվ միջազգային հեղինակավոր պարգևների, այդ թվում՝ ՌԴ Գրողների միության, Կոլումբիայի մշակույթի ինստիտուտի կողմից: Նրա ստեղծագործությունները տպագրվել են միջազգային գրական ամսագրերում, ալմանախներում և միջազգային հրատարակությունների ժողովածուներում։ 
Ձեզ ենք ներկայացնում նրա երկու գրվածքները՝ հայերեն թարգմանությամբ:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅԼՈՒՄ Է ԿՈՂՔՈՎ

Գիտե՞ք, որ երջանկությունը քայլում է մեր կողքով,
Նա մոտ է այնքան, հենց մեր կողքին.
Կարևորը՝ նրան չխրտեցնելն է -
Օ՜, երջանկություն փնտրող մարդիկ,
Հեռացրե՛ք երկաթե երեսկալը ձեր դեմքից
Եվ մաքրե՛ք ձեր միտքն ու հոգին:
Երջանկությունը՝ երկրային պարգև,
Ամեն անգամ չէ, որ հյուր է գալիս։ 
Ատելությունն անցնում է,
Չարությունն արդեն պետք է դեն նետել անպետք իրի պես,
Իր տեղը՝ ներքև...
Որտեղ նախանձ է՝ երջանկություն չի՛ք,
Մի փնտրեք այնտեղ 
Ու մի թափեք ճիգ,
Որտեղ խաբում են ու խարդավանք կա։
Երջանկությունը պատվում, դրասանգում է մարդկությանը,
Այնտեղ, որտեղ հոգիներն ապրումակցում են ակորդեոնի հետ,
Այնտեղ, որտեղ հնչում են սոնետները
Այնտեղ, որտեղ հնչում է կիթառի լարը,
Այնտեղ է, որտեղ երգի մի հատված չավարտված՝
Նա հավատարմորեն կավարտի նվագը:
Երջանկությունն այնտեղ է, 
որտեղ կան առավոտներ ցնծուն, երեխաներ,
Որտեղ է ջերմություն կա, վստահություն, հաճելի թմբիր,
Եվ կարևոր չէ, թե ով և ինչպես է այնտեղ հանդերձված -
Երջանկության համար լուսավոր հոգիներն են հանգրվան ընտիր: 
Սիրո՛վ վերաբերվիր մերձավորիդ,
Բացվիր լույսի և բարության առջև,
Աղոթիր սրտով և հոգով նաև:
Նոր աստղ գտի՛ր:

ԿՅԱՆՔ - ԵՐԿՆԱԸՆԾԱ

Ո՜վ կյանք։ Մեծ նվեր երկնքից, ընծա՛,
Դու աստվածային զորություն ունես:
Հոգիների տեր, սրտերի պանծանք,
Մեզ սովորեցրիր ապրելու արվեստն
Ու դու՛ ես բախտի արդարև պսակ:

Եվ մենք ապրել ենք սովորում քեզնից,
Հար ճաշակելով դառնահամ բույսեր,
Եվ խմում կյանքի քաղցրահամ գինին,
Խառնելով և՛ աղ, և՛ մեղր, և՛ սեր -
Քո էությունը պարզելու կրկին:

Տարիների հետ դու ավելի չքնաղ,
Հորիզոնն այնպե՜ս պայծառ է փայլում,
Կյանքը թռչում է, սլանում և ա՜խ,
Ժամանակի հետ դեմք լուսավորում,
Կյա՜նք, մեր ուսուցիչ, դատավոր անխախտ:

Ամենուր ունենք կարիքը կյանքի,
Փորձություները ուժերից վեր չեն,
Թե միայն երկար տարիներ հևքից
Կյանքի զորանա երկիրը, շնչի՛ -
Իր հավերժական խորհրդով կնքի:
Ո՜վ կյանք, հավերժի առեղծված ես դու,
Մեր խորախորհուրդ աշխարհն առհավետ,
Անտեսանալի գաղտնիք ես ու դուռ,
Դու մեր ուսուցիչ, և՛ կուռք առավել,
Հավերժիր, եղի՛ր, ապրի՛ր, կենսատու՛:

Ռուսերենից թարգմանեց Արա Ալոյանը