Կֆինանսավորեն կառուցապատողները

Կֆինանսավորեն կառուցապատողները

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ՝ հաջորդ տարվա սկզբից կմեկնարկեն մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները։ Նա նշեց, որ մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ծրագիրը քաղաքապետարանի ուշադրության կետրոնում է վերջին շրջանում, բայց սա այն ծրագիրն է, որի համար բյուջետային միջոցներն օգտագործելու հնարավորություն չունեն եւ կառուցապատողների հետ են բանակցում։ «Չնայած աշխարհում երեւի չկա այնպիսի քաղաք, որ մետրոպոլիտենը կառուցում են ոչ թե բյուջեով, այլ կառուցապատողների միջոցներով։ Դե, հիմա մենք փորձում ենք այդ քայլը կատարել, եւ ոնց որ թե մեզ մոտ դա կստացվի»,- նկատեց Մեսչյանն ու հույս հայտնեց, որ մինչեւ հունվար կավարտեն նախագծային աշխատանքները, եւ մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները։

Ինչ վերաբերում է ճոպանուղու կառուցմանը, ապա դրա միջոցով խնդիր է դրված թեթեւացնել տրանսպորտային հոսքը Նորքի զանգվածի եւ քաղաքի կենտրոնի միջեւ: «Ճոպանուղին լինելու է Նոր Նորքի 2-րդ զանգվածից, հանրակացարանների տարածքից դեպի քաղաքի կենտրոն՝ Աբովյան պուրակից ձախ հատվածը: Հետագայում կլինի զարգացում դեպի Հաղթանակի այգի, բայց սկզբնական խնդիրն առաջին կապն է»,- ընդգծել է Մեսչյանն ու հավելել, որ ճոպանուղու ծրագիրը եւս կֆինանսավորվի կառուցապատողների կողմից կատարվող ներդրումների հաշվին, իսկ արդյունքն արդեն հաջորդ տարի կերեւա։