Խորամանկ քայլ

Խորամանկ քայլ

ԽՍՀՄ տարածքի ամենաերկարակյաց ղեկավարներից մեկի՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարականը ոմանք փորձում են դիտարկել ինչ-ինչ դեմոկրատական փոփոխությունների տեսանկյունից, սակայն այն միանգամայն տեղավորվում է դինաստիական կառավարման տոտալիտար սկզբունքների շրջանակներում։

30 տարի պետությունը ղեկավարած 79-ամյա պաշտոնյան, որը, հավանաբար, նաեւ դասեր է քաղել Սերժ Սարգսյանի անփառունակ ճակատագրից, որոշեց մեկ տարի իրեն հասանելիք ժամկետից շուտ հեռանալ՝ իր ցանկալի իրավահաջորդին փոխանցելով երկրի ղեկը, ինչպես ժամանակին արեց Բորիս Ելցինը։ Նա վերջին տարիներին հետեւողականորեն նախապատրաստում էր այս փոխանցումը՝ իր շրջակայքում փնտրելով այն անձին, ում կարող է հանձնել երկրի ղեկը, այնուամենայնիվ, «չհանձնելով» այն։ Եթե իր աղջիկը՝ Դարիգան, ի վիճակի լիներ այդ բեռը տանելու, մի կասկածեք, որ ընտրությունը կկանգներ հենց նրա վրա։

Սակայն սա այն դեպքն է, որ «ծեր աղվեսը» լավ է գնահատում իր մերձավորների կարողությունները եւ հասկանում է, որ ինքը հավերժ չէ։ Իսկ ուժերից վեր բեռ մարդու վրա դնելն ազնիվ չէ, ավելին՝ վտանգավոր է։ Սենատի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն առայժմ ժամանակավորապես կկատարի նախագահի պարտականությունները, ապա ընտրություններից հետո կստանձնի ամբողջությամբ։ Ինքը՝ ծեր աքսակալն էլ չի դառնա «տարեց կենսաթոշակառու», այլ ցմահ կզբաղեցնի Ղազախստանի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, կշարունակի մնալ Սահմանադրական խորհրդի անդամ, ինչպես նաեւ կղեկավարի իշխող «Նուր օթան» կուսակցությունը։ Սա այն ուղին է, որը ժամանակին առաջարկում էին ընտրել Սերժ Սարգսյանին, սակայն նա ավելին էր ուզում։ Հավանաբար, ժամանակին «Ոսկե ձկնիկի» պատմությունն ուշադիր չէր ընթերցել եւ գերագնահատել էր իր ուժերը։