Պատգամավորներն ինքնագլուխ, չհամաձայնեցված հայտարարություններ, քայլեր չպետք է անեն

Պատգամավորներն ինքնագլուխ, չհամաձայնեցված հայտարարություններ, քայլեր չպետք է անեն

«Հրապարակի» հարցազրույցը Ղազախստանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանի հետ․ 

-Պարոն Սահակյան, 7-րդ գումարման Ազգային ժողովում անսպասելի սկանդալային հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով այսպես կոչված՝ քաղաքական նշանակումներով դեսպաններին։ 

-Նախ, շնորհավորում եմ նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին, ցանկանում բեղուն աշխատանք։ Արտաքին գործերի նախարարության, և մասնավորապես, դեսպանների մասին հրապարակումները շատացան անցյալ տարվա մայիսից հետո։ Ընդ որում, միակողմանի հարցադրմամբ՝ հետ կանչել ոչ պորֆեսիոնալ դեսպաններին։ Կարծում եմ՝ նման հարցադրումն իսկ ոչ պրոֆեսիոնալ է։ Ազգային ժողովում տեղի ունեցածը այդ հարցադրման շրջանակում էր, և ինձ համար նորություն չէր։ Ես «Առաջին լրատվականի» մշտական ընթերցող եմ, ուստի այդ տեսակետին ծանոթ եմ։ Մի բան կասկածից վեր է՝ բոլոր պետական պաշտոնյաների, այդ թվում և դեսպանների գործունեությունը պետք է գնահատել միայն արդյունքով։

-Ենթադրում եմ, որ դա դրանից բխող հանգամանք է։

-Բայց չի քննարկվում դեսպանների գործունեությունը։ Պատճառը դիվանագիտական գործունեության յուրահատուկ բնույթն է։ Մեր աշխատանքի նախապատրաստական փուլը, հարցերի քննարկման մանրամասները հրապարակման ենթակա չեն։ Հասարակությունը պատշաճ կերպով տեղեկացվում է արդյունքների մասին, ԱԳՆ լրատվականը հանդես է գալիս նաև կարևոր պարզաբանումներով, մեկնաբանություններով։ Հիմա նոր ԱԺ-ն նոր հարցադրումներով է հանդես գալիս ․․․

-Նաև առաջարկվեց դեսպաններին կանչել, ներկայացնել՝ դեսպանական երկրում ինչ են անելու։ Հներից, սակայն, մասնավորապես, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը , երեկ արձագանքելով՝ ասաց, որ որևէ հեծանիվ չեն հորինում, այդ պրակտիկան, միշտ, եղել է։

-Պետք է հաստատեմ Արտակ Զաքարյանի խոսքը։ Ինքս՝ լինելով այսպես կոչված՝  ոչ պրոֆեսիոնալ դեսպան, նշանակումիցս անմիջապես հետո, մինչև Աստանա մեկնելը եղել եմ և Սփյուռքի նախարարի, և Մշակույթի նախարարի, և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Ծանոթացել ենք, քննարկել համագործակցության հարցեր, ծրագրեր։ Ի դեպ, դա մեր բոլոր դեսպանների գործունեության կարևոր տարրերից է։ Ցանկացած պատճառով մայրաքաղաք եկող դեսպանները տեղում մեծ աշխատանք են կատարում երկրի տարբեր գերատեսչություններում, քննում-լուծում կոնկրետ խնդիրներ։ Հասկանու՞մ եք, դեսպանը իր բազմապլան գործունեությունն իրականացնում է ոչ միայն ԱԳՆ-ի տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցաբար, այլև նախարարությունների, քաղաքապետարանների, տարբեր հիմնարկների ու հաստատությունների հետ։ Այնպես որ այն, ինչ երեկ էր ասվում, արվել և արվում է մեր դիվանագետների կողմից մշտապես, անդադար և շատ ավելի մեծ ընդգրկումով։ Կարծում եմ՝ որոշ հուզականությունը, հարցադրումների, բնորոշումների ծայրահեղացված ներկայացումը անփորձության հետևանք է, այսպես կոչված՝ «աճի հիվանդություն», մանկական հիվանդության նման մի բան։ Կանցնի՝ այդպես չի մնա։ Երբեմն այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ոմանք պատրաստվում են անապատում նոր պետություն կառուցել։ Քավ լիցի, Հայաստանը կայացած պետություն է, Երրորդ Հանրապետության 27 տարիների ընթացքում ստեղծվել են թե՛ բանիմաց դիվանագետներ, թե՛ զինվորականություն, թե՛ դատավորներ, և առհասարակ պետական պաշտոնեություն։

-Իրենք էլ սա չեն ժխտում։ Այդուհանդերձ, վերադառնանք քաղաքական նշանակումներին, որոնց պատճառով կադրային դիվանագետերը տարիներով լճանում են տեղերում ․․․

-Արատավոր, հոռի հարցադրում է։ Դեսպանների պաշտոններում քաղաքական նշանակումներ հիմա էլ կան և կլինեն։ Անհնար է խուսափել դրանից։ Աշխարհի բոլոր պետություններում էլ դա կա։ Խնդիրը արհեստականորեն ուռճացվեց ոչ պրոֆեսիոնալ հրապարակումներում , և որոշ պատգամավորներ էլ տուրք տվեցին դրան։ Պրոֆեսիոնալ դիվանագետ է նա, ով ծառայում է պետությանը, իր պարտքը կատարում բարեխղճորեն ու արդյունավետ և չի առաջնորդվում քաղաքական նախընտրություններով։ Ներիշխանական, քաղաքական ցնցումները որևէ կերպ չպետք է խաթարեն դիվանագիտական կորպուսի աշխատանքը։

-Այնուամենայնիվ, ԱԺ-ն պե՞տք է դեսպաններին կանչի, ցուցումներ տա․․․

-Ոչ, ճիշտ հակառակը։ Պատգամավորները, հանձնաժողովները, պատվիրակությունները, ԱԺ ղեկավարությունը իրենց արտաքին քաղաքական շփումներում պետք է կատարեն ԱԳՆ-ի ցուցումները, հետևեն նրա խորհուրդներին, ինքնագլուխ, չհամաձայնեցված հայտարարություններ, քայլեր չանեն։ Ու նման հանդիպումների մասին անաչառ տեղեկատվություն ներկայացնեն ԱԳՆ։ Այ, դա կլինի նրանց ամենամեծ աջակցությունը արտաքին քաղաքականության իրականացման բնագավառում։ Դա վերաբերում է նաև Երևանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների հետ շփումներին։ Դա պետք է լինի ներդաշնակ աշխատանք՝ արտաքին գործերի նախարարության որոշիչ դերակատարմամբ։

-Ասում եք՝ Հայաստանն անապատում չի ստեղծվել, կայացած պետություն է, բայց երեկ ԱԺ-ում հնչեց հայտարարություն, որը ցնցեց հասարակությունը։ Իհարկե, հեղինակը՝ Հայկ Կոնջորյանը ներողություն խնդրեց՝ ասելով, որ վրիպակ է։  Այսուհանդերձ, նման բաներ այս խորհրդարանում կատարվում են։

-Իհարկե, շատ լավ է, որ արագ շտկվեց։ Սխալվելու և սխալն ուղղելու իրավունքը դեռ ոչ ոք չի վերացրել։ Բանավոր խոսքը երբեմն մարդուն «տանում է»։ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր բարեկամ դրկիցն է, հազարամյա ընդհանուր պատմությամբ և արմատներով։ Իրանը տարածաշրջանային հզորագույն տերություններից է, և Անկախության առաջին օրերից մինչ օրս բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը եղել է մեր գերակայությունը։ 

-Ձեզ հետ կանչեցին ի՞նչ պատճառաբանությամբ։

-Ռոտացիա։ 

-Ձևակերպումն այդպե՞ս էր։

-Այո։ Անցյալ տարի հունվարի 1-ին լրացավ իմ կենսաթոշակի անցնելու տարիքը, իսկ օգոստոսին՝ պաշտոնավարմանս 5 տարին։ Եվ բացառությամբ որոշ արտառոց դեպքերի, երբ դեսպանին ուղղակի «մոռանում են», եվրոպական երկրների դեսպանները 3 տարուց ավել չեն պաշտոնավարում, ԱՄՆ-ն նույնպես չի ձգում այդ ժամկետը, մյուսները՝ առավելագույնը 5 տարի։ Իմ հետկանչը սպասելի էր և ինձ համար ցանկալի։

-Կարագանդայի դեպքեր եղան։ Կողմերը հետագայում փորձեցին ներկայացնել, թե  ամեն ինչ տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, բայց միգուցե  այս հարցը հասունացել էր,   կային քաղաքական և քսենոֆոբիկ պատճառներ։ Թեկուզ այն պատճառով, որ հայերը Աստանայում հարուստ են, բիզնեսով են զբաղվում։

-Ղազախստանը ծանրակշիռ պետություն է, պետական համակարգը գործում է հստակ։ Ղազախստանի ներկա ղեկավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում ունի ազգերի խաղաղ և իրավահավասար գոյակցության երաշխավորման խնդիրը։ Նրանք հպարտանում են, որ իրենց երկրում հաշտ ու խաղաղ, ինչպես իրենք են ասում՝ մեկ տանիքի ներքո ապրում է 132 ազգ։ Ճիշտ է՝ իրենց առանձնահատկությունն այնպես է, որ այնտեղ ստեղծված է կառույց՝ Ղազախստանի ժողովրդի վեհաժողով՝ ազգային մշակութային միությունների գործունեությանը կենտրոնացված աջակցություն ցուցաբերելու նպտակով։ Եվ այդ կառույցի ղեկավարն էլ երկրի Նախագահն է։ Տեղի ունեցածը զուտ կենցաղային հողի վրա կատարված սպանություն էր, սակայն  որոշ շրջանակներ  փորձեցին դրան տալ այլ երանգ, որը շատ արագ կանխվեց։ Ինչ վերաբերում է հայության, Ձեր նշած արտոնյալ վիճակին, այն ամենևին էլ արտոնյալ չէ։ Հայերը Ղազախստանում իրենց հացը վաստակում են արդար քրտինքով և չարքաշ աշխատանքով։ Եվ իմ 5-ամյա գործունեության ընթացքում համոզվել եմ՝ հայերը Ղազախստանի օրինապահ քաղաքացիներ են, որոնք հոգով ու սրտով կապված են իրենց Հայրենիքին։

-Տպավորություն է, որ մեր արտգործանախարությունը մի քիչ ուշ արձագանքեց, ոնց որ թե, 2 օր անց պաշտոնական տեղեկատվություն եղավ։ Եթե ավելի շուտ արձագանքեին, ինչ-ինչ շրջանակների կողմից այդ ուղղորդման՝ քսենոֆոբիկ հայտարարությունները կլինեի՞ն։ Նաև ասացեք՝ ինչ շրջանակներ են այդ ինչ-ինչ շրջանակները․ ադրբեջանակա՞ն, թեպետ, խոսակցություններ կան, որ հենց իրենց ներքին ընդդիմությունն է նման փորձեր անում։

-Չէի ուզենա՝ խորանալ, թե ինչ է ընդդիմությունը Ղազասխստանում։ Կարող եմ ասել, որ ադրբեջանական շատ բլոգերներ ակտիվացան այդ օրերին։ Մարդկության ամենամեծ չարիքներից մեկը հենց ազգայնականությունն է, որը ծանր և դժվար հաղթահարելի է։ Հասարակությունների որոշ շերտերում նստած է ազգային սնապարծության, բացառիկության, օտարատյացության զգացումը, որը ժամանակ առ ժամանակ դուրս է ժայթքում, երբ պարարտ հող է գտնում։

Կարագանդայի միջադեպի առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ի կատարած աշխատանքի մասով կարող եմ հուշել, որ չպետք է այդ մասին դատել միայն մեր դեսպանության, ապա՝  արտգործնախարարի տեղակալի, և հետո մյուս գերատեսչությունների ղեկավարների հրապարակային հայտարարություններով։ Առաջին իսկ վայրկյանից կատարվել է  կենդանի, շուրջօրյա ու նաև անտեսանելի հսկայական աշխատանք Ղազախստանի իրավապահների, իշխանության հանգուցային օղակների, տեղական էլիտաների, հայության առանցքային գործիչների հետ, որի արդյունքը խտացվեց և մի քանի օր անց սկսեց հրապարակայնացվել։ Այդպիսին է դիվանագետի աշխատանքը՝ հավասարակշռված, մտածված, զերծ թատերայնությունից ու տպավորություն գործելու միտումներից։ Դատեք նրանց մասին ըստ արդյունքների։