Հրապարակային դիմում Ռուստամ Բադասյանին եւ Գրիգոր Մինասյանին
Հոդվածաշարի սկիզբը՝ «Հրապարակի» 25.09.2024թ․ եւ 27.09.2024թ․ համարներում
Հոդվածաշարի նախորդ հատվածներում ընդարձակ եւ մանրամասն ներկայացվեց, թե ինչպես է ՀՀ սահմանադրությունը չհարգելով եւ Քաղաքացիական օրենսգիրքը ոտնահարելով՝ Հայաստանում գործադրվում նվիրաբերությունները հարկելու դատապարտելի եւ անընդունելի պրակտիկա, այդ թվում՝ արտերկրից հայրենիք տեղափոխվող հայկական մշակութային ժառանգության առարկաների նկատմամբ, ինչի մեջ արդեն մշակութային ցեղասպանության տարրեր են առկա։
Նաեւ ներկայացրել եմ, թե ինչպես ՀՀ կառավարության շենքում աշխատող մակաբույծներից շուրջ երկու տասնյակի հեռախոսահամարները հավաքելով՝ ինձ չհաջողվեց գտնել գեթ մեկին, որը կարողանար պատասխանել հարցին, թե ինչու Հայաստանում չի գործում Քաղաքացիական օրենսգրքով հաստատված «նվիրաբերության» ինստիտուտը, ինչու է նվիրաբերությունը հարկվում՝ որպես սպառման եւ շահույթ ստանալու նպատակով արվող ներմուծում, կամ խեղվում, ներկայացվում որպես բարեգործություն՝ հարկեր-տուրքերից ազատվելու համար։ Ընթացքում արդեն մտադրված լինելով այս նվիրաբերության խնդրով հիմնավոր զբաղվել եւ հոդվածաշար գրել՝ սեպտեմբերի սկզբին գրավոր հարցում ուղարկեցի ՀՀ ՊԵԿ, որը ստորեւ ամբողջությամբ մեջբերում եմ․
«Հարգելի պրն Բադասյան,
Խնդրում եմ տրամադրել տեղեկություն հետեւյալի մասին․
արդյոք գոյություն ունի՞ որեւէ օրինական խոչընդոտ հայաստանյան գիտական, ուսումնական հաստատություններին, հիմնադրամներին, թանգարաններին, մշակույթի այլ հաստատություններին (ներառյալ գրադարաններին, մատենադարաններին) արտերկրից նվիրաբերվող գրականության՝ Հայաստան հասնելուց հետո զրոյական հարկմամբ եւ զրոյական մաքսատուրքով մաքսազերծելու համար, երբ․
1. համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ՝ Նվիրաբերություն հոդվածի․
«1. Նվիրաբերություն է ճանաչվում գույքի կամ իրավունքի նվիրատվությունը հանրօգուտ նպատակներով:
Նվիրաբերություններ կարող են արվել քաղաքացիներին, բուժական, դաստիարակչական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատություններին, բարեգործական, գիտական եւ ուսումնական հաստատություններին, հիմնադրամներին, թանգարաններին ու մշակույթի այլ հաստատություններին, հասարակական եւ կրոնական կազմակերպություններին, ինչպես նաեւ՝ պետությանն ու համայնքներին:
2. Նվիրաբերությունն ընդունելու համար որեւէ մեկի թույլտվություն կամ համաձայնություն չի պահանջվում»,
2. ՀՀ Հարկային օրենսգիրքը նվիրաբերության համար հարկ` նվիրաբերություն կատարողի համար կամ ստացողի, չի նախատեսում,
3. համաձայն «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀՀ օրենքի (ՀՕ-195, ընդունված 29.06.2001թ․), տպագիր գրքերն այդ ցանկում են. 4901 - Տպագիր գրքեր, բրոշյուրներ, թերթիկներ, համանման տպագիր նյութեր՝ բրոշյուրացված կամ առանձին թերթերի տեսքով:
Եթե գոյություն ունի խոչընդոտ, ապա խնդրում եմ նշել՝ որն է խոչընդոտը եւ վերջինիս իրավական հիմքը։ Շնորհակալություն»:
ՊԵԿ-ից ընդունված ժամկետում պատասխանեցին։ Պատասխանն ուղարկվել է ՊԵԿ նախագահի տեղակալի ձեւաթղթի վրա, նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի ստորագրությամբ, 12.09.2024թ․-ին։ «Նվիրաբերություն» բառ պատասխանի մեջ հիշատակված չէր, ոչ մի անդրադարձ նվիրաբերության ինստիտուտին չկար, թեեւ հարցն արտերկրից ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ գրականության մասին էր։ Փոխարենը 4 էջ ծավալում շատ հանգամանալից եւ բարեխիղճ բացատրված էր, որ 1950թ․ մի միջազգային համաձայնագրի շրջանակում, այդ համաձայնագրի անդամ երկրներից ներմուծվող գիտական, կրթական եւ մշակութային բնույթի ապրանքների համար ՀՀ կառավարության 05.02.2015թ․ թիվ 112-Ն որոշմամբ ներմուծումն ազատված է մաքսատուրքի վճարից։ Շատ ուրախալի էր տեղեկանալ, որ նման կարգավորում կա, որովհետեւ դա ԵԱՏՄ սահման հատելու հետ կապված մաքսատուրքերի խնդիրը լուծում է։ Մնում է հարկերից ազատման հարցը, որ լիովին Հայաստանի ներքին օրենսդրության կոմպետենցիա է։
Իսկ արտերկրից ներմուծվող գրքեր, գրականության պարագայում, իմ հարցման մեջ էլ հիշատակված երկարաշունչ անվանումով ՀՕ-195 օրենքի վկայակոչմամբ (ընդունված 29.06.2001թ․-ին), պարզաբանված էր, որ տպագիր գրքեր, բրոշյուրներ, թերթիկներ, համանման տպագիր նյութերի ներմուծումն ազատված է մաքսատուրքից, ինչպես նաեւ՝ սահմանին մաքսային մարմիների կողմից ԱԱՀ-ի հաշվարկում գանձումից։ Դա նշանակում է, որ Հայաստանի բոլոր գրադարանները, մատենադարանները, կրթական, գիտական, մշակութային հաստատություններն արտերկրից որպես նվիրաբերություն գրքեր, տպագիր նյութեր, գրականություն ստանալիս (հաշվի առնելով, որ թվարկված հաստատությունները, որպես կանոն, ԱԱՀ վճարող են) իսպառ ազատվում են բյուրոկրատական քաշքշուկից, հարկեր-տուրքերից ազատվելու համար կառավարության շենքում գործող Բարեգործական հանձնաժողովին դիմելու գլխացավանքից։ ՊԵԿ-ից ստացված այդ պաշտոնական պատասխանը «Հրապարակի» կայքում այս հոդվածին կից կտեղադրենք։ Այն կարող է ցանկացած գրադարանի, մատենադարանի, գիտական, կրթական, մշակութային հաստատության ղեկավարության կողմից ներբեռնվել եւ արտերկրից գրականության նվիրաբերություն ընդունելու դեպքում Նվիրաբերության պայմանագրին կցվել՝ ներկրվող գրականությունն ուղիղ մաքսազերծելու համար՝ առանց Բարեգործական հանձնաժողովին առնչվելու թղթաբանության։
ՊԵԿ-ի պատասխանը, ինչ խոսք, էականորեն դյուրացնում է արտերկրից հայաստանյան հաստատություններին նվիրաբերվող գրականության՝ Հայաստան տեղափոխել, մաքսազերծել, ընդունելու ընթացակարգը։ Սակայն դրանով չի լուծվում Հայաստանում բուն նվիրաբերության հասկացությունը եւ ինստիտուտը հարկային-մաքսային մարմինների պրակտիկայում համապատասխան ընթացակարգերով հաստատել, կարգավորելու հարցը։
Հետեւաբար, ավարտելով հոդվածաշարը՝ հրապարակավ դիմում եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, ովքեր երկուսն էլ երկրի արդարադատության համակարգը ղեկավարելու փորձ ունեցող իրավաբաններ են՝ ինքնաբերաբար իրավունքի լայն իմացությամբ, որի համար իրավունքը չի նույնացվում, սկսվում կամ ավարտվում պոզիտիվ օրենսդրությամբ, եւ խնդրում եմ, ելնելով ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի եւ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի դրույթներից, կարգավորել արտերկրից հայաստանյան հաստատություններին նվիրաբերվող առարկաների, գոնե՝ հայկական մշակութային ժառանգության մաս կազմող առարկաների՝ նվիրաբերությունը հարկումից ազատելու հարցը։ ՀՀ Հարկային օրենսգիրքը նվիրաբերության հարկում չի նախատեսում, այդքանով էլ հնարավոր է, խնդիրը նույնիսկ ոչ թե օրենսդրական լրացման, փոփոխության, այլ ենթաօրենսդրական հստակեցման կամ իրավակիրառական պրակտիկայի կարգավորման դաշտում է։
Խնդրում եմ այս նվիրաբերության ինստիտուտով զբաղվել եւ լուծում տալ, այլապես կմնա Մարդու իրավունքների պաշտպանին դիմելով՝ հայկական մշակութային ժառանգության առարկաների նվիրաբերությունը հարկումից ազատելու խնդիրը տեղափոխել Սահմանադրական դատարան։
ՊԵԿ-ի պատասխանը՝ այստեղ
Կարծիքներ