Ինչ է նշանակում «ես չեմ զբաղվում քաղաքականությամբ»

Ինչ է նշանակում «ես չեմ զբաղվում քաղաքականությամբ»

Հասարակության լայն շերտեր արդարացնում են իրենց անտարբերությունը եւ լռությունը։ Հայտարարում են, թե՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։

Բայց ինչո՞ւ, ինչպե՞ս կարող է առողջ, հասուն մարդը, երկրի քաղաքացին չզբաղվի քաղաքականությամբ։ Չէ որ քաղաքականությունը ամեն մի քաղաքացու գործը պետք է լինի, քանի որ այն ազդեցություն ունի իր եւ իր երեխաների կյանքի վրա, իր ապրած միջավայրի ու մթնոլորտի, իր ներկայի եւ ապագայի վրա։ 

Դեմոկրատական հասարակություններում քաղաքացիների տված մանդատով է ձեւավորվում իշխանությունը, երկրի բարձր քաղաքական մարմնի անդամները՝ պատգամավորները ներկայացնում են իրենց ընտրողներին։ Բայց ընտրողները նրանց մանդատ են տալիս, ոչ թե քարտ բլանշ՝ ամեն ինչ իրենց ցանկությամբ անելու։ Եւ երբ նրանք սխալվում են, հանցագործություններ եւ նույնիսկ պետական դավաճանություն են կատարում՝ նրանց քվե տված քաղաքացին չի կարող անտարբեր լինել, քաղաքացու անտարբերությունը այս պարագայում համարժեք է մեղսակցության։

Սահմանադրությունը արտոնում է, որ իր երկրի քաղաքացիները քաղաքականությամբ զբաղվեն։ Իսկ այն մարդիկ, ովքեր ասում են արդարանում են․ «Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», ըստ էության խոստովանում են, որ քաղաքական անգրագետներ են: Կարծիք չհայտնելը չեզոք ու անմեղ երեւույթ չէ, քանի որ կարծիք չհայտնելով երկրի քաղաքացին, ըստ էության, աջակցում է գործող իշխանություններին, նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը եւ մասնակից է աղետալի իրադարձություններին: Հետեւաբար նաեւ պետք է կրի պատասխանատվություն:

Նման անտարբերություն եւ «ես չեմ զբաղվում քաղաքականությամբ» հայտարարություններ, որպես կանոն, անում են հետամնաց, ֆեոդալական երկրներում որտեղ տոհմային համակարգը իշխում է, բռնապետություններում, որտեղ բռնապետի կամքին դեմ գնալը հղի է կյանքից զրկվելու, բանտ ընկնելու վտանգով:

Այնպես որ առաջադեմ դեմոկրատական երկրներում բոլորն են պատասխանատվություն կրում եւ բոլորը պետք է հետեւեն` արդյո՞ք երկրում տարվող քաղաքականությունը համահունչ է, համապատասխանում է մեր ձգտումներին, մեր պահանջներին, մեր շահերին։ Ի՞նչ արժե այն քաղաքականությունը որը, չի բխում այն մարդկանց շահերից, ում համար այն նախատեսված է:

Այնպես որ դա բոլորի գործն է` անուղղակի ձեւով, պատվիրակվելու ճանապարհով եւ ուղիղ միջամտությամբ։

Նրանք, ովքեր կառավարում են` բոլորի ներկայացուցիչներն են։ Այն բոլորի, ովքեր համաձայն են իրենց իշխանությունը, լիազորությունները փոխանցել ներկայացուցիչներին, որոնք կլինեն նրանց խոսնակը, իրենց վստահված անձը։ Երբ այս պարզ պայմանագիրը չի հարգվում, տեղի է ունենում իշխանության ուզուրպացիա։ «Պատվիրակներին» տրված խոսելու, որոշումներ կայացնելու, հասարակության շահերը ներկայացնելու իշխանությունը փոխակերպվում է մարդկանց վրա իշխանության։ Եթե քաղաքական պաշտոնը վերածվում է պարգև, արտոնություններ, շահեկան դիրք ունենալու և այդ պաշտոնին գտնվողները չեն ծառայում ընդհանուրի շահերին, ուրեմն քաղաքական իշխանությունը լեգիտիմ չէ, և բոլորը կարող են վիճարկել այն: 

Ռուսոն իր «Սոցիալական պայմանագրում» բացատրում է, որ իշխանությունը զբաղեցնող անհատները պետք է մարմնավորեն ընդհանուրի կամքը, որը կոնկրետ կամքերի հանրագումար չէ: Հետևաբար, եթե քաղաքականությունը բոլորի գործն է, դա ընդհանուր իմաստով է և ոչ յուրաքանչյուր անհատի։

Ուրեմն ժողովուրդը ոչ միայն իշխանության նպատակն է (ժողովրդի համար), այլև միջոցը (ժողովրդի կողմից): Դա ինքնիշխանության, սուվերենության բանաձեւն է: «Ազատ ժողովուրդը հնազանդվում է, բայց չի ծառայում. նա ունի ղեկավարներ և ոչ թե տերեր», ասում էր Ռուսոն:

Կարօ Պոյաճեան 
Սփյուռքահայ