Իշխանության կողմից նոր ընդդիմության մասին խոսելը քաղաքական անքթածակություն է․ Անի Սամսոնյան

Իշխանության կողմից նոր ընդդիմության մասին խոսելը քաղաքական անքթածակություն է․ Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրել է․

«Ու՞մ սիրտն է ուզում «նոր ընդդիմություն»։

2018 թվականից հետո Հայաստանում նոր ընդդիմության մասին խոսում են իշխանությունը և արտախորհրդարանական ուժերը։

Սկսենք իշխանությունից։

Ակնհայտ է, որ այսօր խորհրդարանական ընդդիմության ակտիվությունը իշխանության սրտով չէ, և վերջինս չի հաշտվում այն մտքի հետ, որ մենք վաղուց մեկ դաշինքում չենք, մենք տարբեր ենք և մեր հայտարարություններն առ այն, որ զսպելու և հավասարակշռելու ենք իրենց՝ ամենևին կատակ չէին։ Եվ որքան մենք ավելի հետևողական ենք բարձրաձայնում համակարգում կոռուպցիոն ռիսկերի, վատ և մանիպուլյատիվ կառավարման վերաբերյալ, այնքան իշխանությունը փորձում է դիմադրել հախուռն՝ օգտագործելով նաև ոչ ընդունելի մեթոդներ։

Օրինակ մեր՝ Լուսավոր Հայաստանի դեպքում չեն կարող հակազդել (բացի երրորդ ճանապարհից ուրիշ բան չգիտեն և չունեն) այնքան էմոցիոնալ, որքան նախկինների դեմ՝ օգտագործելով թալանչի, կոռուպցիոներ, դավաճան, ռեժիմի ստրուկ կարծրատիպերը։

Ըստ այդմ նրանց գործը բարդացել է։ Չեն կարողանում կռիվ տալ բովանդակային դաշտում։ Հետևաբար անհրաժեշտ է մտածել նոր ընդդիմության մասին՝ իշխանությունից ավելի թույլ և իշխանության կիթառի տակ ննջող գրպանային ընդդիմության մասին։

Անհրաժեշտ է այդպիսին դիտարկվող ուժերին հնարավորինս աջակցել բոլոր ռեսուրսներով, հատկապես տեղեկատվական, օրինակ պահել Հանրային հեռուստաընկերության էկրաններին, կամ տեղավորել թերթերի ու էլեկտրոնային կայքերի տեսանելի տեղերում։

Բայց պետք է ասեմ, որ իշխանության կողմից նոր ընդդիմության մասին անընդհատ խոսելը քաղաքական անքթածակություն է, որովհետև այդպիսով նրանք միանում են արտախորհրդարանական հին ռեժիմից մնացած ուժերի պայքարին՝ ապալեգիտիմացնելու նոր խորհրդարանը և սեփական 88 պառլամենտականին: Դա նույնն է, ինչ կրակես սեփական ոտքիդ։

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմությանը, ապա այստեղ հստակ է՝ ովքեր են այդ «նոր ընդդիմության» ջատագովները։ Նախկին համակարգի ուժերը՝ ՀՀԿ-ն, դրա արբանյակները, Միքայել Մինասյանը իր բզկտված շրջապատով և Ռոբերտ Քոչարյանի ակումբը։

Եվ բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ խորհրդարանում ընդդիմություն չկա, ծառայում են այս գործիչներին, որովհետև նրանք են ամենաշատը ուզում, որ պառլամենտը վարկաբեկվի և ապալեգիտիմացվի և լինեն նոր ընտրություններ։

Հիմա, եթե նոր ձևավորվող ինչ-որ խմբակների հետևում իշխանությունը չի կանգնած, ապա ոնց են նրանք հայտնվում Հ1-ում /պատահական մարդիկ այնտեղ երբեք չեն հայտնվել ու չեն հայտնվի, որովհետև միակ հանրային ալիքի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել/ և արժանանում իշխանությունների ծափողջույններին։

Եթե իշխանությունը չի կանգնած, ուրեմն այդ մարդիկ ծառայում են այն ուժերին, որոնք ուզում են թուլացնել հեղափոխական իշխանությունը, վիժեցնել քաղաքական նոր համակարգի ստեղծումը և հասնել արտահերթ ընտրությունների։ Երկու պարագայում օգտագործվողները պրոբլեմ ունեն:

Նաև՝ անհասկանալի է, երբ հեղափոխությունը ծաղրողները փորձ են անում հեղափոխությունը պաշտպանել Նիկոլ Փաշինյանից։ Հռոմի պապից ավելի կաթոլիկ պետք չի լինել։