Գնդի տարածքը տվել են Կոմբիկորմի Վլադի բարեկամին

Գնդի տարածքը տվել են Կոմբիկորմի Վլադի բարեկամին

Երեւանի կենտրոնում` նախկին «Երեւան» կինոթատրոնի դիմաց գտնվող մեկ հարկանի շինությունը, որը պատկանում է ՀՀ ոստիկանությանը, նոր տեր ունի, ավելի ստույգ` վարձակալ: Տարածքը 5 տարով վերցրել է ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Գեւորգ Հակոբյանի եղբորորդին: Մեզ հաջողվեց ճշտել ընդամենը նրա անունը` Գարիկ: Նա ձեռք է բերել տարածքը վարձակալելու իրավունքը հրապարակային սակարկությունների միջոցով, որը կայացել է ապրիլի 25-ին: Այսպիսով, Հանրապետության 30/1 հասցեով շինությունը` 518.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով, ամիսը մոտ 1 մլն 50 հազար դրամով 5 տարի ժամկետով վարձակալության է տրվել մասնավոր ընկերության։ 

«Հրապարակի» հարցին պատասխանելով՝ աճուրդի մասին տեղեկությունը հայտնեց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը։ Նա իրավասու չէ նշել վարձակալի անունը, սակայն ներկայացրեց գործարքի պատմությունը: Հայտնեց, որ ՀՀ ոստիկանությունը նախ խնդրել է հիմնարկն ուղղակի վարձակալության հանձնել 10 տարով՝ ամիսը մոտ 470 հազար դրամ գումարով։ «Մենք նման գործարքներից զերծ ենք մնում՝ այստեղ կոռուպցիոն ռիսկ տեսնելով, ուստի գույքը հանեցինք վարձակալության աճուրդի՝ 5 տարով, ինչպեսեւ պահանջում էր կարգը։ Աճուրդի արդյունքում նախնական գինը, որը սահմանել էր ոստիկանությունը, գրեթե կրկնակի բարձրացավ՝ դառնալով մոտ 1 մլն 50 հազար։ Այդ գումարը գնալու է բյուջե։ Եթե ուղղակի վարձակալության տրվեր, երկու անգամ քիչ գումար էր ստացվելու»,- ասաց Սերգո Աթանեսյանը։ 

Տարիներ շարունակ այստեղ տեղակայված է եղել ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության գունդը։ Ներսում ժամանակին գտնվում էր նաեւ ազգային անվտանգության մարմինների սուրհանդակային կապի ծառայությունը, որտեղից փաթեթներ էին առաքվում պետությունից պետություն։ Ստորաբաժանումն այս գաղտնի օբյեկտ էր համարվում: 

Այժմ մայրաքաղաքի կենտրոնում շահեկան դիրք զբաղեցնող մեկ հարկանի շենքը դատարկ է, դարպասը՝ կողպված, քարուքանդ եւ կեղտոտ վիճակում։ ՊԳԿԿ նախագահի տեղակալը հույս ունի, որ վարձակալը ներդրումներ կանի, եւ 5 տարի անց մենք կունենանք բոլորովին նոր գույք։ 
Ամենայն հավանականությամբ, այդ տարածքը կօգտագործվի առեւտրային նպատակներով: Մեր տեղեկություններով, այդտեղ մեծ խանութ է լինելու կամ սուպերմարկետ: 
Ոստիկանությունից «Հրապարակին» հայտնեցին, որ շենքը տիրապետում է պետգույքի կոմիտեն, սակայն այն շարունակում է մնալ ՀՀ ոստիկանության հաշվեկշռում։ Գունդն այստեղից տեղափոխվել է եւ արդեն մի քանի տարի է՝ գտնվում է այլ հասցեում՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում։

Հետաքրքիրն այն է, որ տարածքն այս նախկին կառավարության քաղաքաշինական ծրագրերով իրացման գոտու մի մասն էր համարվում, որն ընդգրկում էր 33-րդ թաղամասն ու հարակից տարածքները: Նախատեսված էր, որ հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական, սպասարկման օբյեկտներ ու բիզնես կենտրոններ այստեղ կկառուցվեն: Փաստորեն, Հանրապետության 30/1 շենքը հանվել է այդ ծրագրից: 

Մենք դիմեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչություն՝ գործարքի մանրամասներին տեղեկանալու նպատակով: Վարչության պետ Արսեն Ամյանը պատասխանեց, որ իրենց ստորաբաժանումը նշված տարածքով չի զբաղվել, եւ որեւէ տեղեկություն ինքը չունի: