Ինչ է կատարվում Ղազախստանում․ մեկնաբանում է քաղաքագետ Սուլթանբեկ Սուլթանգալիեւը

Ինչ է կատարվում Ղազախստանում․ մեկնաբանում է քաղաքագետ Սուլթանբեկ Սուլթանգալիեւը

Ինչպես արդեն հայտնի է մարտի 19-ին հրաժարական տվեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։ Մեկ ակնթարթում, այնպիսի տպավորություն էր, որ փոխվում է ամեն ինչ։ Երկրի միակ եւ անփոխարինելի համարվող նախագահը, որը երկիրը ղեկավարում էր երեք տասնամյակ շարունակ, հանկարծակի դարձել է նախկին նախագահ։ Ղազախստանցի քաղաքագետ Սուլթանբեկ Սուլթանգալիեւը ադրբեջանական OXU.az կայքի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ է կատարվում հիմա Ղազախստանում եւ ինչ է տեղի ունեցել այս օրերի ընթացքում։ Փորձագետը նշել է, որ եղել է մի քանի վարկած, թե ինչպես իշխանությունը Նազարբաեւը պետք է փոխանցի իր իրավահաջորդին՝ վաղաժամ հրաժարական տալով։ Հիմնական տարբերությունները այն անձինք էին, որոնց անունները շրջանառվում էին որպես իրավահաջորդ։ «Այս ամենով հանդերձ, Նազարբաեւի հրաժարականն անշուշտ որոշակի սենսացիոնություն է պարունակում իր մեջ, որը ժողովրդին շոկի է ենթարկել։ Չէ որ Ղազախստանում երկու սերունդի գիտակցության մեջ Նազարբաեւն է որպես երկրի ղեկավար»։ Ղազախստանցի քաղաքագետը բացառել է հարկադրական հրաժարական տալու վարկածը, նշելով, որ հարկադրական հրաժարականի համար ոչ ներքին, ոչ արտաքին պատճառներ չեն եղել։ Սուլթանգալիեւը ընդգծել է, որ իշխանության հանձնման ներկա սցենարի ճարտարապետը հենց Նազարբաեւն է, եւ դեռ 2017-ից նա նախապատրաստվել է այս սցենարին։ Փորձագետ Սուլթանգալիեւը նշել է, որ թեեւ Նազարբաեւը հրաժարվել է նախագահի պաշտոնից, սակայն նա շարունակելու է ղեկավարել երկրի Անվտանգության խորհուրդը, ինչպես նաեւ իշխող «Նուր Օթան» կուսակցությունը։ Սա նշանակում է, որ երկրի քաղաքական եւ ֆինանսատնտեսական կյանքում Նազարբաեւը եւ նրա ընտանիքը շարունակելու են ունենալ վճռական ազդեցություն։ «Ես նույնիսկ համարում եմ հնարավոր, որ տեղի ունենան Սահմանադրության փոփոխություններ եւ նախագահի պաշտոնն առհասարակ լուծարվի, եւ երկիրը դառնա պառլամենտական հանրապետություն»,- մանրամասնել է քաղաքագետը։ Նա հավելել է, որ քաղաքական այս փոփոխությունները չեն ազդի երկրի սոցիալ տնտեսական վիճակի վրա ոչ դրական եւ ոչ էլ բացասական առումով, քանի որ սոցիալական ծրագրերը որոնք ընդունվել են, կշարունակվեն նույնությամբ։