Հայաստանը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև

Հայաստանը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև

Հայաստանը  որպես պետություն աշխարհաքաղաքական այս բարդ վերադասավորումների ժամանակահաշրջանում պետք է գիտակցի որպես գործոն Սյունիքի և Արցախի դերը, թուրքական սպառնալիքը չեզոքացնելու և սերունդների շահերը սպասարկելու տեսանկյունից չսպասի թուրքական բարեհաճությանն ու չառաջնորդվի խաղաղություն հաստատելու թուրքական տեսլականով, ինչը հղի է անկախ պետականության փլուզման վտանգով։ Այս մասին քիչ առաջ  «ՀՀ-ին ու Արցախին սպառնացող վտանգները, դրանց հաղթահարման ուղիները» հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանն առերևույթ միտված նորօրյա գործընթացում Հայաստանը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ խաղաղություն՝ շնորհիվ Հայաստանի ուժեղացմա՞ն, թե՞ ի հաշիվ Հայաստանի թրքացման։

Հարավկովկասյան տարածաշրջանում, որտեղ դերակատար երկրների շահերի բախման հետևանքով ազդեցության գոտիների նոր վերաբաշխում է տեղի ունենում, Հայաստանի համար ձևավորվելիք աշխարհաքաղաքական քարտեզը մեծապես կախված է լինելու նրանից, թե մինչև ուր կհասնի Թուրքիան՝ իր նեոօսմանական ծրագրի իրականացման ճանապարհին,սակայն մարտահրավերը միայն Հայաստանին չէ ուղղված։

Թուրքիան իր ռազմավարական շահերի գոտի է հռչակել մոտ 70 պետություն, որտեղ բնակվում են թրքալեզու ժողովուրդներ։ Իսկ այն երկրները, որտեղից կարող են սպառնալիքներ բխել նեոօսմանական ծրագրերին, թիրախավորված են որպես պանթուրքիզմի խոչընդոտներ։ Ռազմավարական այս մակարդակի վրա է, որ դրսևորված է Հայաստանի հետ այս կամ այն չափով աշխարհաքաղաքական շահերի և սպառնալիքների ընդհանրություն ունեցող երկրների շրջանակը։
Այդ շրջանակում ոչ միայն տարածաշրջանային դերակատարները Ռուսաստանն ու Իրանն են, այլև Չինաստանն ու Հնդկաստանը, շրջանակն ընդլայնվում է մինչև Արևմուտք՝ Միջերկրածովյան ավազան ու հենց այս երկրների ռազմավարական շահերից նաև չի բխում, որ Հայաստանը կորցնի իր աշխարհաքաղաքական նշանակությունը և պանթուրանական աքցանի մեջ ընկնելով՝ վերջնականապես հայտնվի, այսպես կոչված, աշխարհաքաղաքական պարկում։ Այդ պարկից Հայաստանը հանողը և աշխարհաքաղաքական գծի վրա պահողն այսօր Սյունիքն է»,- ասաց նա։