Դեգրադացիա ամենուրեք

Դեգրադացիա ամենուրեք

Միանգամայն հասկանալի է, որ այսքան աղետից ու կորուստներից հետո մեր հասարակության նյարդերն ու առողջությունն անհուսալիորեն քայքայված են, եւ մարդկանցից ադեկվատ պահվածք, խոհեմություն, օբյեկտիվություն պահանջելն անիմաստ է։ Բայց ես ամեն օր հետեւում եմ մարդկանց խոսքին ու պահվածքին եւ սարսափով արձանագրում այն հետընթացը, որի դեմն առնելն արդեն անհնարին է թվում։ Այսքան ցածրորակ եւ փողոցային մակարդակի դիսկուրս, որ այսօր տիրում է հայաստանյան քաղաքական դաշտում, մեզանում երբեւէ չի եղել։ Հայհոյախոսության, միմյանց հնարավորինս ցավոտ խփելու, գոտկատեղից ներքեւ հարվածներ իրար հասցնելու մարմաջը կործանարար չափերի է հասել։ Այլեւս ոչ մի սահման ու կարմիր գիծ պահպանված չէ, կոռեկտությունը եւ բարեկրթությունը հարգի չեն։ Ընդ որում, համարժեք իրավիճակ է ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ հանրային մյուս ճամբարներում։ Խայտառակ ցածրորակ բանավեճերին ու փոխադարձ վիրավորանքներին հավասարապես մասնակցում են տղամարդիկ եւ կանայք, տարեցները եւ երիտասարդները, կրթվածներն ու անկիրթները։

Ֆեյսբուքյան տարածքում առհասարակ անվերահսկելի վիճակ է՝ սեռական հայհոյանքները, սոսկալի ստերը, միմյանց վատաբանելու, վարկաբեկելու ձգտումը խլացրել են ցանկացած խելամիտ խոսք ու առաջարկ։ Ու կրքերը մարելու փոխարեն գնալով շիկանում են։ Երբ 2018-ին մենք SOS էինք հնչեցնում եւ իշխանություններին կոչ անում՝ խելքի գալ, կանգնեցնել հանրային դեգրադացիայի ու չարության հեղեղը, հստակ տեսնում էինք այս օրը։ Գիտեինք, որ այն կարող է կասեցնել, հանրային շփման կուլտուրան փոքր-ինչ ընդունելի մակարդակի վրա պահել միայն Նիկոլ Փաշինյանը։ Բայց նա նախընտրեց փողոցի ոճն ու քուչի կուլտուրան՝ ջնջելով ու հողին հավասարեցնելով տասնամյակների ընթացքում ձեռք բերվածը։