Եթե հանրահավաքին հրավիրեն, կմասնակցեմ

Եթե հանրահավաքին հրավիրեն, կմասնակցեմ

Հարցազրույց ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հետ:

- Պարոն Հայրիկյան, հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հուժկու հանրահավաքից հետո Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Դիմադրության շարժումը Երեւանում նոյեմբերի 5-ին հանրահավաք է նախատեսում: Նախ՝ ի՞նչ գնահատական կտաք Արցախում տեղի ունեցած հանրահավաքին, եւ, վերջապես՝ ամսի 5-ին կայանալիք հանրահավաքին Դուք մասնակցելո՞ւ եք:

- Երբ որեւէ մեկն ինչ-որ բան է նախատեսում, անկախ նրանից, թե դա ինչպես է կոչվում` համազգային, թե համահայկական շարժում, ինձ նախ պետք է հրավիրեն, որ մասնակցեմ: Որպես քաղաքացի՝ հետեւում եմ այդ ամենին, սակայն մասնակցության հրավեր չեմ ստացել, ուստի չեմ կարող ասել՝ կմասնակցե՞մ, թե՞ ոչ: Նախկինում ընդդիմության միջոցառումներին մասնակցել եմ, քննարկումներ ենք ունեցել, սակայն այս անգամ ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի ձեւով նման հրավեր չեմ ստացել: Չգիտեմ, թե ընդդիմությունն ինչ նպատակադրում ունի, ենթադրում եմ, որ խոսելու են իշխանափոխության մասին, իսկ իշխանափոխություն ինձ համար մշտապես նշանակել է օրենքների փոփոխություն: Եթե երկրում ինչ-որ բան սխալ ուղղությամբ է գնում, ապա նշանակում է, որ գլխավոր օրենքը` Սահմանադրությունն է վատը: Այդ պատճառով էլ ես ընդդիմության հետ ունեցած բոլոր հանդիպումների ժամանակ հենց այդ մասին եմ խոսել: Վերջին հանդիպման ընթացքում իրենք էլ ընդունեցին, որ դա շատ կարեւոր հարց է, սակայն չեմ կարող ասել՝ խորապես ընկալեցի՞ն, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է Արցախի բողոքի ակցիային, ապա պատանդի կարգավիճակում հայտնված մարդկանց բոլոր ճիգերն էլ ընկալում եմ մեծ ծանրությամբ: Մեր ապաշնորհների գործողությունների հետեւանքով Արցախը ոչ միայն չպահպանվեց, այլեւ ստացավ պատանդի կարգավիճակ: Հիմա էլ այդ նույն ճանապարհին հայտնվել է Հայաստանը: Արցախցիների հավաքը դրական քայլ էր, սակայն դրանում միաժամանակ չեմ կարող որեւէ ուրախություն արձանագրել:

- Ինչո՞ւ:

- Եթե պատանդը նույնիսկ երգում է, դրական տեղաշարժեր է արձանագրում, միեւնույն է՝ դու հասկանում ես, որ նա պատանդ է, ուստի նրանց նախ պետք է ազատել այդ կարգավիճակից: Ադրբեջանցու ձեռքին են պատանդ, ռուսի ձեռքին են պատանդ, ի վերջո՝ պատանդը պատանդ է:

- Ո՞վ է դրա մեղավորը….

- Երբ երկրում իրավիճակը լավանում է, հաջողությունները վերագրվում են իշխանություններին, եւ հակառակը՝ երբ ամեն ինչ դեպի վատն է գնում, դրա պատասխանատուն եւս իշխանություններն են: Ո՞վ էր ստիպում մինչեւ վերջ չպայքարել….

- Իշխան Սաղաթելյանը նշեց, որ սա համազգային ակցիա է, հայի ինքնությունը պահպանելու ակցիա: Սակայն Դուք նշում եք, որ Ձեզ պետք է առանձին հրավիրեն: Հրավերի սպասելն այս անգամ տեղի՞ն է….

- Դուք հարյուր հազարավոր քաղաքացիներից մեկին չեք դիմում, դիմում եք քաղաքական գործչի: Սա նշանակում է, որ ակնկալում եք նաեւ իմ մասնակցությունը՝ որպես դերակատարի, ուստի պետք է լինի հրավեր, եթե հրավիրեն, կմասնակցեմ:

- Նշում եք, թե Արցախը Ռուսաստանի ձեռքին պատանդ է, սակայն որոշ շրջանակներ պնդում են, թե արցախահայության վերջին հույսը Ռուսաստանն է: Գաղտնիք չէ, որ Հայաստանում էլ ժամառժամ աճում են հակառուսական տրամադրությունները: Այս ամենը Հայաստանին եւ Արցախին հակադրության մեջ չի՞ գցի:

- Ես նման հակադրություն չեմ տեսնում: Տարբեր անհատներ կարող են տարբեր կարծիքներ ունենալ, սակայն դա ոչինչ չի նշանակում: Պետք էլ չէ դրանում խորանալ: Այլ հարց է, որ իշխանություններն են այդ մասին խոսում: