Էլեկտրոնային թեստավորումը կբարելավի՞ ատեստավորման գործընթացը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով ուսուցչի դրույքաչափի եւ դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձեւավորման կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Նախագծի նպատակն է՝ կարգավորել ուսուցչի կամավոր ատեստավորման կազմակերպման եւ իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու բացառել խնդրահարույց հարցերը՝ գործընթացը դարձնելով ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ:
Առաջարկվող կարեւոր փոփոխություններից է էլեկտրոնային թեստավորման եղանակով ատեստավորում իրականացնելու ընթացակարգը, ըստ որի՝ ատեստավորումն ըստ առարկաների կիրականացվի էլեկտրոնային թեստավորման, անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով: Ըստ նախագծի՝ էլեկտրոնային եղանակով թեստավորվելու դեպքում ատեստավորումը կիրականացվի համակարգիչներով հագեցած եւ հարմարեցված տարածքում: Էլեկտրոնային համակարգի միասնական բազայից մասնակցի համար կձեւավորվի թեստ, եւ կտրվի աշխատանքի մեկնարկը։ Մասնակցի էջում հայտնված ժամացույցը հետհաշվարկի միջոցով ցույց կտա թեստավորման համար նախատեսված ժամանակը: Աշխատանքն ավարտելուց հետո մասնակիցը կսեղմի թեստի ներքեւում ստեղծված «Ավարտել» կոճակը, որից հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կձեւավորի ամփոփաթերթ, որտեղ կնշվեն մասնակցի կողմից յուրաքանչյուր առաջադրանքին տրված պատասխանը, տվյալ առաջադրանքի ճիշտ պատասխանը, ճիշտ պատասխանների քանակը եւ ընդհանուր առաջադրանքների համեմատ ճիշտ պատասխանների տոկոսային հարաբերությունը: Ակնկալվում է, որ այս փոփոխությունը կնպաստի ռեսուրսների եւ ժամանակի ավելի արդյունավետ օգտագործմանն ու արդյունքների բարելավմանը։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում էլեկտրոնային թեստավորման եղանակով ատեստավորում իրականացնելու ձեւաչափը։ Ըստ նրա՝ դրանով, մի կողմից, ավելի կհեշտանա գործընթացը, բայց, մյուս կողմից էլ, շատ ուսուցիչների համար կարող է խնդիրներ ստեղծել, որովհետեւ «ուսուցիչը համակարգչային հմտությունների պատճառով կարող է նեղվել, դիսկոմֆորտ զգալ, բայց հիմա աշխարհը գնում է նրան, որ բոլոր քննություններն այլեւս թղթային չեն»։
Էլեկտրոնային ատեստավորման դեպքում ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ՝ խափանումներ, տվյալների բազայի կորուստ եւ այլն։ «Այո, կարող են լինել, որովհետեւ հիմա այնպես չէ, որ ինտերնետը կայուն է, բայց դրանք լուծվող հարցեր են, սկզբում մի քիչ դժվար կլինի, հատկապես տարիքով ուսուցիչների համար, որովհետեւ իրենք ամբողջ կյանքում թուղթ ու գրիչով են աշխատել, իսկ հիմա պետք է նստեն համակարգչի դիմաց։ Ի դեպ, ինքս էլ եմ զգացել այդ դիսկոմֆորտը, երբ առաջին անգամ «թոյֆըլ» հանձնեցի համակարգչով։ Կարծում եմ՝ ուսուցիչները դրան էլ կվարժվեն»։
Կարծիքներ