Իշխանափոխություն. գիտությունո՞վ, թե՞ անաղմուկ

Փաշինյանին իշխանությունից հեռացնելու տասնյակ տարբերակներից, եթե արտահերթ կամ հերթական ընտրությունները չենք հաշվում, մնացել է ընդամենը երկու էկզոտիկ տարբերակ՝ իմպիչմենտ եւ հոգեբույժի «դրական» եզրակացություն: Ինչո՞ւ էկզոտիկ… Որովհետեւ թե՛ իմպիչմենտով եւ թե՛ հոգեբույժի միջամտությամբ իշխանափոխություն Հայաստանում երբեք տեղի չի ունեցել, եւ մեզանում այդ մշակույթը չկա: Բայց, ինչպես ասում են, ոչինչ հավերժ չէ այս կյանքում, եւ մի օր էլ մենք պետք է կանգնեինք նման փորձության առաջ: Օբյեկտն էլ, փառք Աստծու, կա: Ուրիշ ազգեր երանի կտային՝ Նիկոլի նման ղեկավար ունենային, որ իմպիչմենտ անեին կամ համապատասխան հիմնարկության ուղեգիր տային նրան: Այստեղ լավ կլիներ մի կարեւոր արձանագրում եւս անել: Նիկոլ Փաշինյանը հավասարապես մոտ է թե՛ իմպիչմենտի եւ թե ՛մյուս եղանակով հեռացվելուն: Եվ սա չի նշանակում, որ եթե իմպիչմենտ արվի, ինքնաբերաբար կազատվի հոգեբուժական քննությունից: Ինձ թվում է, օրինակ, որ իմպիչմենտից հետո ինքն անձամբ կգնա ճերմակխալաթավորների մոտ, որպեսզի վերջիններիս օգնությամբ գլուխն ազատի բոլոր հնարավոր քննիչների հետ «բանավեճերից»:
Ավելորդ է ասելը, որ մեր հանրության մի հսկայական զանգված ակնդետ հետեւում է իմպիչմենտի գործընթացին եւ այդ ուղղությամբ ամեն մի փոքրիկ առաջխաղացում իսկական տոնի է վերածում իր համար: Էս ա՝ հա, հասանք՝ հա, մի քիչ էլ ու… Մի քիչն այս պահին ընդամենը 1 ՔՊ-շնիկ պատգամավորի համաձայնությունն է, որպեսզի գործընթացը պատգամավորների մեկ երրորդով (36) համարվի սկսված: Իմպիչմենտ ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի հրավիրել արտահերթ խորհրդարանական նիստ, որը գումարելու համար պետք է ներկայացվի իմպիչմենտի նախագիծը, որում անվստահություն կհայտնեն ներկա վարչապետի նկատմամբ եւ կառաջարկեն վարչապետի նոր թեկնածուի անունը։ Որոշման նախագիծը ներկայացնելուց հետո ԱԺ նախագահը նշանակում է արտահերթ նիստ, եւ նիստի գումարման համար անհրաժեշտ է 54 պատգամավորի ներկայություն՝ խորհրդարանի կեսից ավելին։ Սա արդեն ամենավճռական պահն է: Իմպիչմենտականներն այս նիստի օրը ժողովրդին բերում են ԱԺ եւ հայտարարում՝ հիմա կամ երբեք, մենք ունենք ընդամենը 72 ժամ՝ այս իշխանությունից ազատվելու համար: Կգա՞ ժողովուրդը, լավ, չի՞ գա՝ հույսներս կմնա այն 54 պատգամավորի վրա, որոնցից 18-ն առնվազն ՔՊ-շնիկ կլինի: Ինչպե՞ս կքվեարկեն այդ 18 ՔՊ-շնիկները, եթե իրենց թիկունքում չզգան ժողովրդի շնչառությունը… Բնականաբար՝ դեմ, եւ ողջ գործընթացը կգնա գրողի ծոցը, իսկ իմպիչմենտականներին էլ կմնա գիտությունով չալելու մի նոր փորձառություն, որից անհրաժեշտ կլինի հետեւություններ անել հետագա առնվազն 6 տարիների ընթացքում:
Մեծերն ասում են՝ ինչ լինելու է, այդպես էլ կլինի: Այս իրավիճակում՝ իմպիչմե՞նտ, թե՞ հոգեբուժարան, ես կնախընտրեի իմպիչմենտը: Իմպիչմենտը, հասկանում ես, քաղաքական ակցիա է: Մի կողմից՝ աշխարհով մեկ խայտառակվելու ռիսկն է փոքր, մյուս կողմից էլ՝ էքստրեմալ իրավիճակներ շատ չենք ունենա՝ 72 ժամ, եւ՝ վերջ: Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվի, եթե գլխավոր դատախազը, գլխավոր հոգեբույժի ձեռքը բռնած, մտնի ԱԺ եւ պահանջի անվստահություն հայտնել Նիկոլին եւ նրան հանձնել սպիտակխալաթավորների ողորմածությանը: Մե ոռնոց, մե ղժղժոց, ՔՊ-ն ողջ թիմով կլքի դահլիճը, Նիկոլը լայվ կանի, ժողովրդին կբերի ԱԺ ու… Տեսնեմ՝ գլխավոր դատախազը, գլխավոր հոգեբույժն ու ընդդիմադիր պատգամավորներն ինչպես են ճղելու արանքը: Դրսում էլ հո կազմ ու պատրաստ բերետավորներն են կանգնած, ՊՊԾ-ով, քննչականով, ՊԵԿ-ով, հակակոռուպցիոնով, ԴԱՀԿ-ով… Չէ, այս տարբերակն ԱԺ-ի միջոցով իրականացնելը դժվար է, ու չի բացառվում, որ Նիկոլի փոխարեն հոգեբուժարաններում հայտնվեն այս արկածախնդրության կողմնակիցները: Ուստի պետք է գործել չափազանց զգույշ, եթե պետք է, նաեւ՝ աննկատ: Սատանաներին ինչպե՞ս են որսում… Մեր երկրում այդ մեթոդներին տիրապետում է միայն ԱԱԾ-ն, եւ միայն ԱԱԾ-ի լիազորություններն են ներում՝ նման գործողություն իրականացնել… Պարկը քաշում են սատանայի գլխին, տանում պադվալ, իսկ այնտեղից հանձնում համապատասխան հիմնարկություններին՝ ըստ նպատակահարմարության: Եվ, գալով վերեւում հայտնածս մտքին, կրկնեմ, որ հաջողության դեպքում իմպիչմենտն ԱԱԾ-ին չի ազատելու «սատանա բռնելու» գործառույթից: Հետեւաբար, ԱԱԾ-ի համար պատվի հարց է թե՛ իշխանափոխության մեջ առաջինը լինելը եւ թե՛ գործընթացն այն աստիճանի անաղմուկ իրականացնելը, որ խայտառակ չլինենք:
Կարծիքներ