Մարզպետի «լավագույն» կադրերը Հրազդանի  ԲԿ-ում

Մարզպետի «լավագույն» կադրերը Հրազդանի  ԲԿ-ում

Երկու ամիս է, ինչ Հրազդանի ԲԿ-ն նոր փոխտնօրեն ունի մասնագիտությամբ ուռոլոգ՝ Վահագն Կիրակոսյանը: Այս 2 ամիսների ընթացքում փոխտնօրենը բացի իր առջեւ դրված պարտականություններից, բժշկական կենտրոնում այլ «լիազորություններ» է ստանձել՝ աջ ու ձախ   կոնֆլիկտի մեջ մտնում բաժանմունքի վարիչների եւ բժիշկների հետ, նրանց սաստելով՝ «Դուք չգիտեք, թե ո՞ւմ հետ եք խոսում»: 
Մեզ հասած տեղեկություններով՝ կոնֆլիկտներն այնքան են թեժացել, որ բաժանմունքի վարիչներից մեկը, անգամ որոշել է մի հատ դաստիարակչական «ապտակ» տալ փոխտնօրենին, սակայն բժիշկները թույլ չեն տվել: Բժիշկներից մեկը անկեղծացավ,  ասելով.  «Նորանշանակ տնօրենը էս երկրի նման է, հիմա երկրում էդպես չի՞, ինչի  գնացի՞նք, եկանք հակառակի:  Մարդ պետք է որոշակի ճանապարհ անցնի, նոր հասնի որոշակի պաշտոնի»: 
 Ի դեպ նշենք, որ փոխտնօրենը  նույնպես Կոտայքի մարզպետի  «դաբրոյով» է հայտնվել ԲԿ-ում, ինչպես ամիսներ առաջ անվտանգության աշխատակից Արմենը, ով աշխատանքի ընդուվելուց հետո լծվել էր բժշկական կենտրոնում «կարգուկանոն» հաստատելուն:  
Ստեղծված իրավիճակի մասին փորձեցինք զրուցել ԲԿ-ի տնօրենի հետ, սակայն տնօրենը գտնվում էր հերթական արձակուրդի մեջ:  Անձամբ այցելեցինք փոխտնօրենի աշխատասենյակ:  Ի զարմանս մեզ՝ փոխտնօրենը երբեմն փակվում է աշխատասենյակում, իսկ հիվանդները սպասում են:  
Մի քանի հարց ուղղեցինք Վահագն Կիրակոսյանին:

-Պարո՛ն Կիրակոսյան,  լարվածություն կա՞  Ձեր եւ  բժիշկների միջեւ: 
-Ո՛չ:

-Իսկ մեզ ասացին, որ կոնֆլիկտներ եք ունեցել բժիշկների հետ: 

-Ով որ ասել է,  իրենից հարցրեք:  Իհարկե ցանկացած կոլեկտիվում էլ կարող են կոնֆլիկտներ լինել,  դաժե ընտանիքի մակարդակով կարան լինեն կոնֆլիկտներ: Ամուսինները  իրար չհասկանան, կամ  էլ՝ երեխաները ծնողներին չհասկանան:  Եթե մարդիկ իրար հետ աշխատում են, ես կոնֆլիկտ դա չէի ասեի, կասեի աշխատանքային հարաբերություններ, որոնք, որ ընթացքում կարգավորվում են:  

-Հաճախ են լինում այսպիսի իրավիճակներ, երբ դո՞ւք փակվում եք ձեր աշխատասենյակում, իսկ դռան մյուս կողմում ձեզ սպասում են:

-Ընթացքում պատահում է : 

- Մասնագիտությամբ ուռոլոգ եք,  ԲԿ-ում զբաղվո՞ւմ եք Ձեր մասնագիտական գործունեությամբ՝ վիրահատություններ կատարո՞ւմ եք: 

-Ես ունեմ այդ իրավունքը, բայց, ես, կոպիտ ասած խրված եմ բուժական գործի մեջ, ճիշտ կազմակերպելու մեջ: Դա բավական բարդ եւ ծավալուն աշխատանք է, հաշվի առնելով օրենքները, որոնց հստակ պետք է տիրապետես, որպեսզի ամեն ինչը լինի օրենքի շրջանակներում: Ժամանակի առումով չեմ զբաղվում իմ մասնագիտությամբ: Աբովյանի ԲԿ-ում ես ակտիվ զբաղված եմ եղել իմ մասնագիտական գործունեությամբ: 

Վերջում փոխտնօրենն ասաց, որ հույսով է, երկար կաշխատի, գիտի, թե ինչի դեմ կպայքարի, որի արդյունքը մոտ ապագայում հրազդանցին կտեսնի: