Անչափահասների են բերման ենթարկել. ով գյուղից դուրս ա գալիս՝ տանում են. նորատուսցի (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում կրքերը չեն հանդարտվում. ջրային պարեկներ- ձկնագողեր հակամարտությունը շարունակվում է:
Երեկ գիշերվանից մի քանի գյուղերի ձկնաորսներ հավաքվել են Նորատուս գյուղում եւ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ փակելով Երեւան-Սեւան մայրուղին: Ոստիկանությունը, որ արդեն 3 օր է հերթապահում է՝ ձկնաորսների եւ ջրային պարեկների միջեւ բախումները կանխելու համար, մի ոտք առաջ է ընկել. գյուղից դուրս եկողներին բերման են ենթարկում:
Նորատուսի բնակիչ Կարենը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ արդեն 30 հոգու ձերբակալել են:
«Մեծ ու փոքր տանում են, բերման ենթարկվածների մեջ անչափահասներ էլ կան: Այսօր առավոտից ոստիկանության կարմիրբերետավորների հետ միասին ջրային պարեկները հավաքել ու անհայտ ուղղությամբ տարել են ձկնաորսների լոդկաները: Մենք նախ հիմա պահանջում ենք, որ գիշերը ձերբակալվածներին ազատ արձակեն: Իսկ գլխավոր պահանջն այն է, որ մինչեւ ամսի 30-ը թույլ տան ձուկ որսալ, հացի փող աշխատել»,-ասաց մեր զրուցակիցը:
Ավելի վաղ գրել էինք, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գերլարված իրավիճակ է: Մարզի մի քանի գյուղերի ձկնորսները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել եւ երկկողմանի փակել Երևան-Սևան ավտոճանապարհը:
Ձկնորսների բողոքը պայմանավորված է Սեւանում ջրային պարեկների՝ ձկնագողության արգելքով:
Լարված իրավիճակով պայմանավորված մարզ են տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության մեծաթիվ զորքեր:
Օրեր առաջ ձկնորսները կրկին փակել էին մայրուղին, պահանջում էին հանդիպում մարզպետի եւ շրջակա միջավայրի նախարարի հետ՝ նշելով, որ ճանապարհը չեն բացի մինչև հանդիպումը տեղի չունենա:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ